ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, որպես հետևանք՝ Կադաստրի կոմիտեում «Աստղիկ-1» կոոպերատիվի անվամբ 1998թ. հունվարի 22-ին տրված իրավունքների պետական գրանցման թիվ Ա 012296, 2008թ. ապրիլի 6-ի թիվ 0224166, 2001թ. հունվարի 16-ի թիվ 676020, 2010թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2671362 և նշված գույքի վերաբերյալ իրավահաջորդ «Գռզո պլազա» ՍՊԸ-ի անվամբ 28.12.10թ. թիվ 2669690, 05.06.2014թ. թիվ 05062014-01-0202, 26.07.2017թ. թիվ 26072017-01-0177, 29.12.2021թ. 29122021-01-0325 կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Այսօր ՀՀ վարչական դատարանում այս հայցի քննության առաջին նիստն էր։ Դատավորն Անի Հարությունյանն է։ Նշենք, որ ըստ Datalex.am-ում հրապարակված տվյալների՝ ուսումնասիրելով միջնորդությունը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, դատարանն ավելի վաղ գտել է․ հայցադիմումի և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության հնարավոր բացակայության մասին հայցվոր կողմ դատախազությունը տեղեկացել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող թիվ 58155622 քրեական գործով 16.05.2022 թվականին քրեական գործ հարուցելու պահից։ Հետո դատախազությունը սահմանված ժամկետում ձեռնամուխ է եղել պետական շահերի հնարավոր ոտնահարման վերականգնմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հետք»-ի հրապարակման արդյունքում դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը եւ պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից։ Մասնավորապես, դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։
Հայցի քննության այսօրվա նիստում որպես երրորդ անձ ներգրավված «Գռզո պլազա»-ի փաստաբան Գորիկ Միրզոյանը դատավոր Անի Հարությունյանին միջնորդեց բացարկ հայտնել՝ հաշվի առնելով այն փաստը, որ դեռեւս 2022թ․ հոկտեմբերից ՀՀ դատախազությունը դատավորի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով միջնորդություն էր ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին։
Կարդացեք նաև
Գորիկ Միրզոյանը դատարանին հայտնեց, թե ինչ մտավախություն կա․ «Անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել այս հայցով կայացվելիք ակտի օբյեկտիվ լինելը․ դատավորը նշված քրեական գործի պայմաններում կարող է ունենալ կաշկանդվածություն, անգամ եթե հայցը մերժվի։ Սա հիմք է, որպեսզի այս գործով բացարկ հայտնվի։ Քրեական գործը հարուցել է դատախազությունը, եւ ողջամիտ կասկած կառաջանա դատավորի անաչառության եւ անկողմնակալության առումով։ Այս տեսանկյունից խնդրում եմ բացարկ կամ ինքնաբացարկ հայտնել»։
Այս հարցի քննության շրջանակում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը դատարանին հայտնեց, որ առարկում է միջնորդության դեմ, քանի որ վկայակոչված հանգամանքները չեն հիմնավորում, որ դատավորը կարող է կողմնակալություն դրսեւորել․ «Ես կողքից՝ որպես դիտորդ, լսեցի ձեր միջնորդությունը, եւ գտնում եմ, որ այն բավարարելու հիմքեր չկան»։
Գորիկ Միրզոյանը, սակայն, պնդեց, որ անգամ օբյեկտիվ դատական ակտի կայացման դեպքում կողմնակալության կասկած կառաջանա․ «Մերժելու եւ բավարարելու պարագայում այդ խնդիրը կառաջանա։ Առկա քրեական գործ կա, ուստի դատավորի գործողությունները կարող են կաշկանդված լինել»։
Դատավոր Անի Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ 16։00-ին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ