Երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157 816 100 դրամ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա շատ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն էր։
Նա անընդունելի համարեց այն քննադատությունները, որոնք հնչում են իշխանության հասցեին՝ կապված Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու հետ. «Ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն, ու որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ, դա անընդունելի է»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում ընդգծել են տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու Հայաստանի տեսլականը. «Ես ցավում եմ, որ որոշակի որակական փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց նաեւ երեւի մարդկային ողբերգությունը օբյեկտիվորեն մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հաստատման համար»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Սիրիա մեկնած փրկարարները վերադարձել են, իսկ այսօր ցամաքային ճանապարհով կվերադառնան Թուրքիա մեկնած փրկարարները։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ