Հայաստանում ճանապարհների հիմնանորոգման և կառուցման համար նախատեսվում է հատկացնել 17,4 մլրդ դրամ, որից 16,6 մլրդ դրամը շինարարության համար է, ճանապարհների երկարությունը 89,6 կմ է: Այս մասին, այսօր, կառավարության նիստին հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Այս նախագծերից 13-ի շինարարությունն սկսվել է նախորդ տարի, դրանցից 10-ը առաջիկա ամիսներին կավարտվեն, մյուս երեքը տարվա ընթացքում կավարտենք: 6 նախագիծ ունենք, որոնց մրցույթներն արել ենք, շինարարության մեկնարկն է տրվում, և ունենք 24 նախագծեր, որոնցից 21-ի շինարարության մեկնարկը կտանք այս տարի, իսկ երեքը՝ հաջորդ տարի: Այս փաթեթով հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհների երկարությունը 89,6 կմ է, իսկ պատվիրվող նախագծերը՝ 168 կմ: Այդ բոլորի համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից միայն 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության, և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար»,-նշեց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն իր բնավորության համաձայն՝ ճանապարհ առ ճանապարհ թվարկեց նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ-անոց հատվածը: Նախատեսվում է այս տարի ավարտել Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի Իծաքար-Գանձաքար 34 կմ-անոց հատվածը:
Կարդացեք նաև
«2023-ին կմեկնարկենք հետևյալ տրանսպորտային օբյեկտները՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Լոռու մարզի Ջրաշենի հատվածում՝ կամուրջ, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզում Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի Սևանի թերակղզի տանող 1,1 կմ հատվածում փլուզված հողային պաստառի վերականգնում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախատեսվում է Ստեփանավանի Պուշկինոյի, Ծովագյուղի և Սպիտակի թունելները բերել ժամանակակից տեսքի:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ