Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեծ ներդրում կատարած, աշխատատեղեր ստեղծած ՍՊԸ-ին կանգնեցրել են փաստի առաջ․ մանրամասնում է ներդրողը

Փետրվար 16,2023 14:45

Սննդամթերքի անվտանգության բնագավառում փորձարկում իրականացնող «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, որը 13 տարվա պատմություն ունի և միակն է Հայաստանում, որն ազգայինից բացի ունի նաև եվրոպական հավատարմագրում, հայտնվել է տհաճ, կարելի է ասել՝ անառողջ մրցակցային իրավիճակում։

Այս խնդրի շուրջ Aravot.am-ին իր դժգոհությունն է ներկայացրել «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ տնօրեն Արման Արարատյանը։

Բանն այն է, որ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն, մասնակցելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր փորձաքննության ծառայությունների իրականացման փորձարկման համար հայտարարված մրցույթին, մեկ տարի առաջ լաբորատորիա է հիմնել նաև Շիրակի մարզում՝ Ախուրյանում։

«Ստանդարտ Դիալոգ»-ը բավական մեծ ներդրում է կատարել, լաբորատորիան հագեցրել է գերժամանակակից թանկարժեք տեխնոլոգիաներով (տես լուսանկարներում), 10 աշխատատեղ է ստեղծել՝ հետագայում եռապատկելու մտադրությամբ, սակայն այս տարի ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության կողմից սահմանային վերահսկողության ընթացքում վերցված նմուշները փորձարկման նպատակով հանձնվում են ոչ միայն «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի Շիրակի մարզային կենտրոնի փորձարկման լաբորատորիա, որը միակ հավատարմագրվածն է Շիրակում, այլ նաև «ԷՖ Դի ԷՅ» լաբորատորիային։

«Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ տնօրեն Արման Արարատյանի փաստմամբ, «ԷՖ Դի ԷՅ-ը» Շիրակի մարզում չունի լաբորատորիա․ նմուշները վերցնելով՝ փորձարկման է ուղարկում Կոտայքի մարզում գտնվող Նոր գյուղ համայնքի լաբորատորիա։

Ըստ Արման Արարատյանի` այսպես աշխատելու իրավունք չկա, քանի որ մրցույթի պայմաններից մեկն այն է, որ կատարողը պարտավոր է Պայմանագրի 1․1 կետում նշված ծառայությունը Շիրակի մարզի համար մատուցել հենց Շիրակի մարզում։

Իսկ Շիրակի մարզում միակ հավատարմագրված լաբորատորիան իր գլխավորած «Ստանդարտ դիալոգն» է։

Ըստ մեր զրուցակցի` մրցույթի պայմանները խախտելով՝ ՍԱՏՄ-ի կողմից 2023 թվականին նմուշները հանձնում են Շիրակի մարզում փաստացի լաբորատորիա չունեցող, Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հասցեում գտնվող «Տոնուս Լես» ՍՊԸ-ի դեղատանը, որտեղ և գործում է «ԷՖ Դի ԷՅ» լաբորատորիայի նմուշների ընդունման կետը։ Այնտեղից ուղարկում են Կոտայքի մարզ։

«Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ տնօրեն Արման Արարատյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շիրակի մարզում լաբորատորիա հիմնելու հարցում իրենցից առավել շահագրգռված էր կառավարությունը։ Շիրակի մարզում Հյուսիսային մաքսատունը հիմնելով՝ հաճախակի էին հայտարարում, որ բոլոր ծառայությունները չպիտի կենտրոնանան Երևանում, մարզերը նույնպես պիտի զարգանան։

«Մեր կողմից Շիրակի մարզում լաբորատորիայի կառուցման ամբողջ տրամաբանությունը եկել է այդ սկզբունքներից։ Մի քանի անգամ քննարկումներ են եղել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կազմակերպված ժողովների ժամանակ, որ ենթակառուցվածքների զարգացումը պարտադիր պահանջ է, անհրաժեշտություն է, եթե կան խնդիրներ, պետությունը պատրաստ է օգնել։ Մի խոսքով, բավական գեղեցիկ ձևով այդ ամենը մեզ մատուցվել է։ Իհարկե, մենք մեծ ոգևորությամբ մինչև պատերազմը որոշումը կայացրեցինք և կառուցեցինք փորձարկման լաբորատորիան Ախուրյանում»,-ասաց Արման Արարատյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ մեծ խստապահանջությամբ են ընդունել կադրերին, նրանք բացառապես Շիրակի մարզից են, 30 հոգու իրենց միջոցներով վերապատրաստել են։ Այսպիսով, իրենք Շիրակի մարզում սոսկ աշխատատեղեր ստեղծող չեն, այլ՝ նեղ մասնագիտական ուղղություն զարգացնող են։

Ըստ նրա՝ իրենք առաջինն էին, որ ռիսկ են արել մասնագիտացված կառույց ներդնել Երևանից բավական հեռու։

«Ինչպես 2022 թվականին, այնպես էլ հիմա՝ 2023 թվականին, հայտարարվեց սննդի անվտանգության պետական վերահսկողության ժամանակ լաբորատոր ծառայությունների մատուցման մրցույթ, սահմանվեցին միևնույն պայմանները, որոնք եղել են անցած տարիների ընթացքում։ Հերթական անգամ մենք փաստաթղթերը ներկայացրել ենք՝ իմանալով հանդերձ, որ ինչպես իրավական ակտերով, այնպես էլ սննդամթերքի ծառայության կողմից սահմանված շրջանակային համաձայնագրով Շիրակի մարզում լաբորատոր ծառայություն կարող է մատուցել, որը տեղում է իրականացնում փորձաքննություն։

Պայմաններից մեկը, որ պետական տեսուչը պարտավոր է նմուշը հանձնել փորձարկման լաբորատորիա, ինչպես նաև մյուս կողմից ծառայություններ մատուցողը իր ծառայությունը պետք է մատուցի Շիրակի մարզում։ Սակայն մենք ինքներս մեծ զարմանքի, փաստի առջև ենք կանգնել, երբ հասկացել ենք՝ բացի մեր ընկերության փորձարկման լաբորատորիայից, որը հաղթող է ճանաչվել, ճանաչվել է մեկ այլ փորձարկման լաբորատորիայի՝ «Էֆ Դի-էՅ»-ի փորձանմուշների ընդունման կետը։

Ըստ էության, հավասարության նշան է դրվել օրենքով սահմանված, մեր կողմից կատարված բոլոր պարտավորությունները՝ որպես սննդի փորձաքննության լաբորատորիա, և «Էֆ Դի-էՅ»-ի փորձանմուշների ընդունման կետը, որը տեղակայված է ինչ-որ դեղատներից մեկում, դրված է ինչ-որ մի սեղան, դիմացը մի աղջիկ և նմուշի ընդունում է կատարում։

Այդ կետի գործունեությունը իրավական առումով ոչ մի կերպ չի տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ կառավարության որոշման, ո՛չ էլ հենց այդ ծառայության կողմից սահմանված շրջանառության համաձայնագրի պահանջներում, բայց նա ճանաչվել է հաղթող կողմ։

Ես գնահատական չէի ուզի տալ, բայց դա շատ կոպիտ խախտում է, որի համար մենք իրավական բոլոր հիմքերը հավաքում ենք, այդ հարցի լուծումը տեսնում ենք իրավական հարթությունում», -ասաց Արման Արարատյանը։

Նա ասում է՝ եթե «Էֆ Դի-էՅ-ի» փորձանմուշների ընդունման կետը հավասար պայմաններում նույն ձևով աշխատելու է, ինչ իրենց լաբորատորիան, այդ դեպքում, բնականաբար, իրենց ներդրումները լինելու են ոչ արդյունավետ։ Հիմնադիրը չի բացառում, որ այդ դեպքում իր լաբորատորիան փակվի։

«Երբեք դեմ չէինք լինի, եթե մեզանից բացի այլ լաբորատորիա գործեր, միայն մի պայմանով՝ եթե ներդրումներ անեին, հավասարազոր պայմաններ ստեղծեին, իհարկե, թող այդ դեպքում գան, բացեն լաբորատորիա, աշխատատեղեր ստեղծեն Շիրակի մարզում, թեկուզ ասենք երեք աշխատող ունենան։ Համարժեք լաբորատորիա բացվի, որ արդար, ճիշտ մրցակցություն լինի։ Իսկ այս դեպքում նույնն է, որ տաքսի սերվիսը գա, դիմի սննդի անվտանգությանն ու ասի՝ ես մասնակցելու եմ ձեր հայտարարած մրցույթին, հաղթող ինձ ճանաչեք, ես բեռները տեղափոխեմ Կոտայք։ Գյումրիում, եթե ցանկացած սերվիս հաղթող ճանաչի, դա ընկնում է այդ նույն տրամաբանության տակ։ Չեմ ուզում խոսել ռիսկերի մասին, չեմ ուզում ասել, թե ոնց են նմուշները տեղափոխվում Կոտայք, ոնց են դրանց զննությունը կատարում։

Նրանք վարձակալել են, նստել են և ասում են՝ մենք կետ ենք, բայց իրենք իրավասու չեն պետական վերահսկողության համար ծառայություն մատուցել, քանզի չունեն հավատարմագրում, չունեն պետական նշանակում, որոնք կարգավորված են օրենքներով և կառավարության որոշումներով։ Նրանք ոչինչ չունեն, որով կարող են ապացուցել իրենց իրավական կարգավիճակը, որով հաղթող են ճանաչել»,- ասաց Արման Արարատյանը։

Հետաքրքիրն այն է, որ 2022 թվականին հայտարարված մրցույթին «Էֆ Դի-էՅ լաբորատորիա» ՍՊԸ-ի հայտը ՍԱՏՄ-ի կողմից Շիրակի մարզի մասով մերժվել է, քանի որ վերջինիս գտնվելու վայրը Շիրակում չէ, Շիրակի մարզում չունի հավատարմագրված լաբորատորիա, գործունեություն է ծավալում է Կոտայքում։ Իսկ 2023 թվականին, որը բառացիորեն անցած տարվա մրցույթի կրկնությունն է ՝ իր պայմաններով ու պահանջներով, «Էֆ Դի-էՅ» լաբորատորիան հաղթող է ճանաչվել։

Այս փաստը խորը մտահոգություն է առաջացրել «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ ղեկավարության մոտ, քանզի սրանով, ըստ մեր զրուցակցի, հիմք է դրվում ցանկացած ապօրինության։

2022 թվականին «Էֆ Դի-էՅ» լաբորատորիան նույնիսկ դատի էր տվել ՍԱՏՄ-ին, սակայն ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, նրանց հայցը մերժվել է։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ է խնդրել ինչպես ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, այնպես էլ «ԷՖ Դի ԷՅ» լաբորատորիայի ղեկավարությունից։ Նրանց պարզաբանումները կհրապարկենք` ստանալուն պես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728