Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին. Փաշինյան

Փետրվար 16,2023 13:07

Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Մենք նախագծի վրա աշխատում ենք հետեւյալ տրամաբանությամբ. ստանալ մի  փաստաթուղթ, որը ցանկացած պահի  պատրաստ ենք ստորագրել: Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Մենք հույս ունենք, որ արդեն երեք փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել:

Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տեւական և կայուն խաղաղության խաթարման  որեւէ սցենար: Սրա իմաստն այն է, որ  փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է  վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա, սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաեւ այսպիսի սցենար, այլ ընդհակառակը, իսկապես նշանակի տեւական խաղաղություն: Կրկին արտահայտում եմ խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տեւական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա: Ահա այսպիսի պայմանագիրը օր առաջ ստորագրելու մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը: Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»,-հայտարարեց նա:

Մինչ այդ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման հարցին՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով խնդրի կարգավորմանը: «Արցախում հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել, զուգահեռ ծավալվում է նաև բնապահպանական ճգնաժամ, որովհետև ԼՂՀ բնակչությունը բնակարանները տաքացնելու և այլ կենցաղային կարիքների համար ստիպված է փայտ օգտագործել, ինչի համար անտառներ են հատվում։ Անվիճարկելի է, որ Լաչինի միջանցքի  շրջափակման բնապահպանական մոտիվները մտացածին են, և Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728