Լրահոս
Օրվա լրահոսը

Նախ և առաջ ես արգելեցի ինքս ինձ խղճալ կամ զոհի կարգավիճակում ինձ տեսնել․ Շուշան Հարությունյանը՝ ցելիակիա հիվանդության դեմ պայքարի ու սիրելի «պոնչիկներից» հրաժարվելու գաղտնիքների մասին

Փետրվար 16,2023 09:50

Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք բավականին դժվար ախտորոշվող խնդրին՝ ցելիակիա հիվանդությանը։ Շուշան Հարությունյանը, որն առողջ ապրելակերպի վերաբերյալ բլոգ է վարում, մեզ հետ զրույցում կիսվել է այդ հիվանդության դեմ պայքարի սեփական փորձով՝ այսօր արդեն ժպիտով վերհիշելով հաղթահարած դժվարությունները։

Հիվանդության ախտորոշումից առաջ․ ի՞նչ ախտանշաններով էր դրսևորվում խնդիրը։

– Ժամանակին, երբ դեռ տեղյակ չէի, որ որևէ խնդիր ունեի, առողջական վիճակս բավական զգալի արագությամբ սկսեց վատթարանալ։ Ես միշտ եմ գլխացավեր ունեցել (միշտ ասելով՝ ի նկատի ունեմ, որ մանկուց սկսած՝ ամեն օր գլխացավով եմ արթնացել), բայց գլխացավերս հետզհետե ավելի էին ուժգնանում, շնչառությունս այնքան չէր բավականացնում, որ ես քսան մետրի վրա գտնվող տրամվայը բաց էի թողնում, քանի որ չէի կարողանում այդքան վազել, իսկ եթե գերմարդկային ջանքերի գնով էլ վազում էի, ապա հետո աչքերիս առաջ սևանում էր, սրտիս աշխատանքն էլ կողքիս երթևեկողներն էլ էին լսում երևի։ Մկաններս շատ դժվարությամբ էին «բացվում» որևէ մարզանք անելու ժամանակ, ու երևի արդեն պարզ է, որ տևական մարզանք անել չէի կարողանում․ ամենաշատը մի 15 րոպե բազային յոգա։

Այս ամենից բացի աղիներիս աշխատանքը խիստ խաթարված էր․ անընդհատ ցավեր ունեի ձախ կողիս տակ, վքնածություն, ցավոտ գազեր, օրերով կամ անգամ եղել է՝ շաբաթներով պետքարան չի ստացվել գնալ, իսկ այն հաջողակ օրերին, երբ ստացվել է՝ մեծ ջանքերի ու ցավերի գնով, ու ոչ մի ընդունված մեթոդ չէր օգնում՝ սկսած կեֆիրից ու սալորաչրից, վերջացրած լուծողականով ու մոմիկներով։ Այս ամենի հետևանքով էլ ես խիստ նյարդային էի դարձել, ահավոր դյուրագրգիռ․ երբեմն անգամ չէի կարող հանգստանալ, որ կարողանայի քնել, իսկ քունս էլ խիստ խախտված էր․ չափազանց հոգնած էի, բայց քնել չէի կարողանում։

Մաշկս խիստ չոր էր ու անընդհատ քոր էր գալիս։ Ոտքերս շատ հաճախ այնքան էի քորում, որ արյուն էր գալիս, ու մեկ է՝ չէին հանգստանում։ Բայց ամենակարևոր ախտանիշը, որի արդյունքում էլ հետազոտություններ սկսեցինք, ինձ մոտ երկաթի պակասությունն ու դրանից բխող՝ արդեն բավական խորացված անեմիան՝ սակավարյունությունն էր։

Ինչպե՞ս ախտորոշվեց խնդիրը։

– Երբ տարբեր հետազոտություններ սկսեցինք անել, հիմնական նպատակն էր պարզել՝ ինչու է ինձ մոտ արյան պակասություն առաջացել։ Արյան թեստերից ոչինչ պարզ չդարձավ, ու հաջորդ քայլը եղավ գաստրոսկոպիան։ Բժիշկը, ում մոտ գրանցվելու համար սովորաբար մի քանի ամսվա հերթ էր, տեսնելով իմ վիճակն ու արյանս ցուցանիշները, գաստրոսկոպիայի հենց հաջորդ օրը կանչեց կոլոնոսկոպիայի։ Այս բոլոր վառվող օղակների միջով ցատկոտել-անցնելուց ու մեկ ամիս արդյունքներին սպասելուց հետո էլ պարզվեց, որ ցելիակիա հիվանդություն ունեմ։

Ցելիակիան աուտոիմունային հիվանդություն է, որն առաջանում է, երբ մարդը, պարզ ասած, գլուտեն է ուտում, իսկ գլուտենն այն սպիտակուցն է, որը պարունակվում է ցորենի, գարու, տարեկանի և այլ հացահատիկների կազմում։

Պատմեք խնդրեմ հաղթահարման ուղիների մասին։ Ինչպե՞ս կարողացաք շտկել ձեր սննդակարգը, հեշտ էր արդյո՞ք մի շարք սննդատեսակներից հրաժարվելը։

– Սա այնպիսի հիվանդություն է, որ բուժում չունի, և օրգանիզմի վիճակը չվատթարացնելու լուծումը ցմահ առանց գլուտեն դիետան է, ինչն էլ պարտաճանաչ պահում եմ արդեն վեց տարի։  Որպես խմորային ուտեստներ շատ սիրող մարդ՝ ինձ համար անչափ դժվար էր անցում կատարել այս նոր կենսակերպին, մանավանդ՝ ժամանակին իմ աշխատանքը շատ սթրեսային էր, ու սնունդ պատրաստելու ժամանակ բացարձակ չունեի, իսկ առանց գլուտեն սնունդ միշտ չէ, որ կարելի էր գտնել ճաշարանում կամ աշխատավայրիս մոտ եղած ռեստորաններում։ Սննդակարգիս կարգավորման ճանապարհին ամենակարևոր քայլը թերևս մոտեցումս էր. նախ և առաջ ես արգելեցի ինքս ինձ խղճալ կամ զոհի կարգավիճակում ինձ տեսնել։ Սկզբում ճիշտ է՝ շատ ծանր էր, քանի որ երբեմն «անարդար է» միտքն էր սողոսկում, հետո դրան գումարվում էր սիրելի սննդից հրաժարվելու դժվարությունը, ու որ ավելի բարդ էր, կողմնորոշվել՝ ինչ էի ուտելու օրվա ընթացքում, բայց այս ամենից ավելի կարևոր էր գիտակցումը, որ ես այս նոր ապրելակերպով ոչ թե սահմանափակում եմ իմ կենսակերպը, այլ ընդհակառակը՝ ինձ առողջ լինելու հնարավորություն եմ տալիս, ու եթե դրա գինն ընդամենը գլուտենը բացառել է, ուրեմն թող այդպես էլ լինի: Այս ներքին փոփոխությունից հետո հիվանդությունս սկսեցի մեծ երախտագիտությամբ ընդունել, քանի որ այն ինձ արդեն ոչ թե սահմանափակում էր թվում, այլ ընդհակառակը՝ նորմալ կյանք վարելու հնարավորություն տալիս։

Հաջորդ կարևոր «գաղտնիքն» այն է, որ սկսեցի ընդունել դրությունն այնպես, որ խանութի հացաբուլկեղենի բաժինն ինձ համար գոյություն չունի, և որպեսզի ինձ անտեղի չգայթակղեի, ուղղակի ո՛չ այդ բաժինների կողքով էի անցնում, ո՛չ էլ անգամ նայում էի այն ապրանքներին, որոնք ինձ չէին կարելի։ Ժամանակի ընթացքում այս մեխանիզմն այնքան ավտոմատացավ ինձ մոտ, որ էլ հիմա կարիքն անգամ չեմ զգում․ հանգիստ կարող եմ կրուասաններ ու բագետներ ընտրել հյուրերիս համար՝ առանց որևէ խնդրի․ ուղղակի այդ սնունդն ինձ էլ չի հրապուրում։

Ինձ համար բարդ էր ադապտացվել նոր սննդակարգին ու գտնել փոխարինող սնունդ, բայց ինտերնետի օգնությամբ տարբեր գաղափարներ ինտեգրեցի իմ օրակարգի մեջ, որից ամենաաշխատող տարբերակը եղավ արգելված սնունդը սպիտակուցով ու լոբազգիներով փոխարինելը։ Հետո գործս մի քիչ հեշտացրեց այն, որ Չեխիայում, որտեղ հիմա ապրում եմ, առանց գլուտեն ամենատարբեր սննդատեսակներ կան՝ սկսած էկլերներից վերջացրած սառեցրած շերտավոր խմորով ու ամենատարբեր առանց գլուտեն ալյուրների տեսականիով, ու հատկապես սկզբնական շրջանում շատ եմ օգտվել այս հեշտ, մեկը մյուսով փոխարինելու տարբերակից։

Ընդհանուր առմամբ, ճաշացանկ կազմելուս տրամաբանությունը հետևյալն էր՝ որևէ սպիտակուցով հարուստ մթերք՝ ցանկացած տեսակի միս, կաթնամթերք կամ ձու, և գարնիր՝ բրինձ, հնդկաձավար, կարտոֆիլ կամ այլ բանջարեղեն։ Այս ամենից տարբեր կոմբինացիաներ էի ստանում՝ երբեմն շոգեխաշում էի, երբեմն՝ ջեռոցում եփում, իսկ ժամանակ առ ժամանակ առանց գլուտեն ալյուրով թխվածքներ էի պատրաստում։ Մեկ-մեկ տրամադրություն էր առաջանում «մի լավ բան» ուտելու, ու այդ պահերին այցելում էի տեղի առանց գլուտեն հատուկ հացատները կամ ռեստորանները, որտեղ, սովորաբար, հետաքրքիր համադրություններով ճաշացանկ կար, իսկ դե քաղցրավենիքների մասին լռում եմ։ Բազում փնտրտուքներից հետո կարողացա անգամ պաղպաղակի առանց գլուտեն վաֆլե կոներ գտնել ու լցովի պաղպաղակ գնելուց իմ սեփական կոնով էի մոտենում տաղավարին։ Չնայած, ժամանակի ընթացքում հասկացա, որ անգամ առանց գլուտեն խմորային սնունդն ինձ համար դժվարամարս է, ու հիմա դրանք ևս, լոբազգիների հետ մեկտեղ, հանել եմ սննդակարգիցս։

Այսքան տարիների դիետաների հետ տարբեր պայքարներից հետո եկել եմ այն եզրակացության, որ ինչքան էլ գործնական առումով դժվար լինի սննդից կամ սիրելի սովորությունից հրաժարվելը, նոր կենսակերպի անցնելն ու դրան պարտաճանաչ հետևելը, ճիշտ մոտեցմամբ ու տրամադրվածությամբ կարելի է համեմատաբար հեշտությամբ հաղթահարել այդ ամենը։

Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Լուսանկարները՝ Շուշան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728