Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի հարցում մենք ունենք միամիտներ եւ մոլորյալներ

Փետրվար 16,2023 10:00

Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կարգավորվեն: Պատմական այս փուլում դա, ցավոք սրտի, հնարավոր չէ: Դիվանագիտական ժպիտները, Հայաստանի իշխանությունների հասցեին թուրք պաշտոնյաների արեւելյան հաճոյախոսությունները, անգամ ինչ-որ կամուրջներ եւ ճանապարհներ վերականգնելու ծրագրերը կարող են ոգեւորել միայն ծայրահեղ միամիտ մարդկանց: Կամ՝ մարդկանց, որոնք կարծում են, թե Հայաստանի Հանրապետությունը կարող է գոյություն ունենալ որպես պետություն՝ Թուրքիայի «պրոտեկտորատի» տակ: Վերջիններիս մոլորությունն այնքան խորն է, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպես, ինչ փաստարկներով է հնարավոր այդ մարդկանց տարհամոզել:

Իսկ միամիտներին հիշեցնեմ, որ Արցախի շրջափակումն իրականացվում է Թուրքիայի դրդմամբ եւ աջակցությամբ, օրինակ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հատուկ այցելել էր կեղծ «բնապահպաներին»՝ նրանց քաջալերելու նպատակով:  Իհարկե, կարող են լինել հայեր, որոնք կարծում են, թե ՀՀ-Թուրքիա հարաբերությունները կապ չունեն այն հանգամանքի հետ, որ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, այս ձմեռն անցկացնում են առանց լույսի, առանց ջերմության եւ առանց նորմալ սննդի: Ինչպես նաեւ՝ այդ հարաբերությունները կապ չունեն այն իրողության հետ, որ մեր հազարավոր հայրենակիցներ զոհվել են թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներից, որոնց վահանակներին նստած էին թուրք զինծառայողները: Այս դեպքում պետք է արձանագրեմ, որ այդ մարդիկ եւ ես «Հայաստանի Հանրապետություն» անվան տակ տարբեր բաներ ենք հասկանում:

Եթե անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր ստորագրվի, դա, ենթադրում եմ, անմիջապես չի բերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Թուրքիան կգնա այդ քայլին միայն այն բանից հետո, երբ (եթե) Ադրբեջանը վերջնական վերահսկողություն կհաստատի Արցախի նկատմամբ՝  հստակ նախադրյալներ ստեղծելով մեր հայրենիքի այդ մասի հայաթափման համար:

Այսքանից հետո, կարծում եմ, պարզ է, որ հարցադրումը՝ «ճի՞շտ էր արդյոք Արարատ Միրզոյանի մեկնումը Թուրքիա», կոռեկտ չէ ձեւակերպված: Ամեն ինչ կախված է արդյունքներից: Եթե արդյունքում բացվի Բերձորի միջանցքը, ապա, բնականաբար, այցը կարելի է չափազանց հաջողված համարել:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Փաստորեն Դուք էլ այն միամիտներից եք, որ կարծում է թե ՔՊական ջահելների այցերը կարող ոն ինչ որ բանով ազդել միջանցք բացելու վրա։
    Միգուցե Մոսկվա չգնալն էլ ազդի՞
    Միամիտների երկիր Հայաստան

  2. Blog_H says:

    . Երրորդ նախագահն ալ, այս էական նիւթին մէջ՝ միամիտների կարգին էր: Կամ էլ աւելի շուտ՝ հաւակնոտ ու մեծամիտ, ինքզինք չափազանց գերագնահատող, որոշ տեսակի հայերից:
     
    . Այդ տեսակ հայերից շատ են նաեւ՝ Սփիւռքի մէջ. Աւանդական Սփիւռքի: 1970ականական թուականներէն ի վեր, եւ հետզհետէ աճող թուաքանակով:

    . Թուրքիոյ հետ տեղի ունեցած այժմու գործընթացը մաս կը կազմէ Հայաստանի Հանրապետութեան անէացման ծրագրին: Թուրքերի ռազմական յարձակումէն եւ նշանակալից առաջխաղացքէն ետք, ներխուժումի եւ բռնագրաւման գործողութեան՝ տնտեսական փուլն է, այս:

    . Սակայն այո, ի գին ամէն բանի, պէտք է որ բացուի Բերձորի միջանցքը: Որպէսզի կարենան Արցախից դուրս գալ՝ քաղաքականութեան հետ կապ չունեցող բոլոր հայերը: Նկատի ունենալով որ Հայութիւնը փաստօրէն անկարող է ապահովելու իրենց մարմնային տարրական անվտանգութիւնը: Յանուն զուտ Գաղափարի, աւելի քան բաւարար զոհեր տուինք արդէն:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ruben says:

    Հանրապետության բոլոր ղեկավարները կատարել և կատարում են պաշտոնական հանցագործություններ:
    Առաջին հանցագործը «այն հիմարն է, ով քար նետեց ջրհորը…» 1991թ: Ցավոք, հանրապետության օրենսդրությունում, պաշտոնական հանցագործներին պատժելու հոդված չկա։
    https://sibadvokat.ru/statiy/dolzhnostnye-prestuplenija#dolzh-1

    • Blog_H says:

      2001-ի՝ Հայ-Թրքական Հաշտութեան Յանձնախումբին մէջ, կային Աւանդական Սփիւռքի հայեր: Որոնցմէ մէկը, յետոյ, յատկապէս հետաքրքրուած էր Հայաստանի ոսկիի հանքերով…

      Իսկ սոյն Յանձնախումբի անդամ հայաստանցիներէն մէկը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեսպանը ապա արտգործ նախարարը եղած էր, դեռ մինչեւ այսօր, Դանիայում ՀՀ դեսպանն է: Նշանակուած… Սերժ Սարգսյանի կողմէ: Երեւանի «գունաւոր գարուն»էն մէկ տարի առաջ:

      Փաշինյանը շատ լաւ գիտէ, թէ ինչ է անում…

      Ինք ինձանից վստահաբար շատ աւելի լաւ հասկցած է թէ ինչ է՝ հայ ժողովուրդը:

  4. Հայ says:

    Ես չգիտեմ, թե ով է Հայաստանում ուզում Թուրքիայի հետ սահման բացել: Հաճախ եմ շփվում տարբեր մարզերում բնակիչների հետ,նրանցից ոչ ոք չի մտածում,կամ ուզում Թուրքիայի հետ սահման բացել:Կարող է ինչ որ բիզնեսմեն կամ վաճառականների խումբ նման պահանջ ունի,բայց դա փոքր տոկոս է կազմում:Թուրքիան ագրեսիվ եւ ոչ վստահելի հարեւանի համբավ ունի,նրանք միայն հզոր, կամ թուրքական պետությունների հետ են որոշ չափով վստահելի եւ ազնիվ,իսկ մենք ոչ թուրք ենք, ոչ հզոր:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728