Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կրկնությունն արդեն վաղուց սպառել է իրեն, իսկ Արցախի բնակչության գոյատեւելու հնարավորությունը մոտենում է ավարտին

Փետրվար 16,2023 13:30

Արդեն 65-րդ օրն է, ինչ փակված է մնում Լաչինի միջանցքը՝ Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը եւ փաստացի դրա դեմ, ամեն անցնող օր, ձեռնարկվում եւ արվում է միմիայն միեւնույն բանը՝ դիմել աշխարհին, միջազգային կառույցներին, որպեսզի նրանք կոնկրետ միջոցներ ու միջոցառումներ ձեռնարկեն փակված միջանցքը բացելու եւ փորձելու փրկել Արցախի 120 000 բնակչությանը ֆիզիկական կոտորածից: Ցավալին այն է, որ այս կրկնությունն արդեն վաղուց սպառել է իրեն, քանզի առ այսօր ոչ մի կոնկրետ արդյունք չկա: Այլ խոսքով, ստեղծված վիճակն առ այսօր բացարձակապես նույնն է, առաջընթացը լրիվ զրոյական է՝ սայլը տեղից չի շարժվում: Ի՞նչ ենք կարծում, եթե այսպես շարունակենք եւս երկու ամիս խոսել, Ադրբեջանը ետ քայլ կանի՞ եւ կբացի՞ միջանցքը (էլ չեմ ասում, կա՞ երաշխիք, որ հերթական անգամ չի փակվի միջանցքը, այն դարձնելով պարբերական): Իհարկե՝ ոչ: Դարձյալ առաջանում է գլխավոր հարցը. իսկ ի՞նչ պետք է անել:

Արդեն չենք կարող այս հարցին կոնկրետ պատասխան չտալ, քանզի մոտենում է կոտորածի ժամանակը: Չեմ կարծում, որ այս խնդիրը լրիվ անլուծելի է եւ համայն հայ ժողովրդի մեջ չկա մեկը, որ կարողանա լուծել այս խնդիրը եւ այն առաջարկի կատարման: Հատուկ շեշտեմ, որ եթե շարունակենք հույսը դնել միայն այն բանի վրա, որ Ստրասբուրգի եւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանները գոյություն ունեցող իրավական ընթացակարգերով, որոնք, ցավոք, բավականին ժամանակատար են, որոշում կընդունեն Ադրբեջանին պարտադրելու (կարծում եմ, որ դրանք ավելի շատ նման կլինեն խիստ առաջարկության, քան պատժամիջոցների գործադրման) անհապաղ բացել Լաչինի փակված միջանցքը (այն էլ ընդմիշտ), ապա դա կլինի հերթական անպտուղ փորձը, քանզի նման մոտեցմամբ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, չի բացի միջանցքը եւ ցավոք, վիճակը նույնկերպ կշարունակվի: Եթե սեղանին կդրվեն այս չարագույժ խնդրի հնարավոր լուծման բոլոր տարբերակները եւ եթե կպարզվի, որ դրանցից որեւէ մեկը ռեալ ու անվտանգ չէ, ապա մնում է միակ տարբերակը, որ ողջ հայ ժողովրդի անունից խնդրանք հղվի անձամբ Վլադիմիր Պուտինին, այլ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներին (իհարկե, սա ավելի շատ պարտադրված՝ բարոյական առաջարկություն է), որպեսզի արագ եւ կոնկրետ միջամտեն այս հարցի լուծմանն ու թեկուզ՝ զուտ մարդասիրությունից ելնելով, արդեն խստիվ պահանջեն Էրդողանից ու Ալիեւից՝ անմիջապես բացել մահվան միջանցքը, այլապես գործ կունենաք Ռուսաստանի ու մնացած երկրների հետ:

Եթե գոնե Ռուսաստանի նախագահը չգնա այս քայլին (սա բացառիկ՝ ոչ ստանդարտ իրավիճակ է, քանզի նժարին մի կողմից դրված է 120 000 մարդու կյանքը, մյուս կողմից մեկ մարդու՝ Էրդողանի քմահաճությունը եւ չափազանց ամոթ կլինի), իհարկե, պարտադրված ենք հարցը բերել զուտ բարոյական հարթություն, որ հատկապես Վլադիմիր Պուտինը, ամբողջ Արեւմուտքը, Եվրոպան եւ միջազգային կառույցները թույլ տան Էրդողանի քմահաճույքի պատճառով կոտորվի 120 000 բնակչությունը ու դրանից հետո նրանք կարողանան նայել մարդկության աչքերին: Փաստացի, այդ քայլը կորակվի ոչ այլ կերպ, քան այդ մարդկանց կողմից Հայոց հերթական եղեռնի իրագործումը՝ մեկ թուրքի՝ Էրդողանի պահանջով: Իսկ այդ նույն ղեկավարների՝ մարդկանց կողմից, մշտապես բարձրաձայնվել եւ այսօր էլ բարձրաձայնվում է, որ պետք է ամեն կերպ կանխարգելել ցեղասպանությունների՝ եղեռնների իրագործումը, որպեսզի դրանք երբեւէ չկրկնվեն ու նորերը չլինեն:

Կապրենք, կտեսնենք, թե ինչ կոնկրետ արդյունք կտան մեր խնդրանք-հորդորները:

Կարծում եմ, սա է միակ՝ մեզ համար թեկուզ անցանկալի ճանապարհն այս կնճռոտ խնդրի լուծման համար:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական

ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728