Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանդես գալով եվրոպական կամ ամերիկյան համալսարաններում՝ հնարավորություն ես ունենում ներկայացնելու քո երկիրը»

Փետրվար 16,2023 13:00

Հարցազրույց ԵՊՀ, այժմ նաեւ՝ Նեւադայի պետական համալսարանի դասախոս, սոցիոլոգ եւ մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի հետ

–  Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպես ստացվեց, որ որոշեցիք ձեր դոկտորական թեզը պաշտպանել ԱՄՆ-ում եւ որքանով տեղյակ եմ, նաեւ դասավանդում եք համալսարաններից մեկում…

– Իմ մասնագիտական կարիերան ես սկսել եմ ակադեմիական ոլորտից։ Ոլորտ, որտեղ ներկայում եմ, եւ ոլորտ, որտեղ ինձ տեսնում եմ նաեւ ապագայում։ Գիտական ոլորտը ինքնատիպ է եւ լայնածավալ, որտեղ մշտապես նորն ես բացահայտում եւ սովորում։ Իսկ սովորեցնելը եւ սովորելը իմ տարերքն են, առանց որի ես չեմ կարող պատկերացնել ինձ։ Սովորելու եւ նորը բացահայտելու իմ սկզբունքը ինձ այսօր բերել է ԱՄՆ՝ դոկտորի որակավորում ստանալու։ Ներկայումս իմ դոկտորական ծրագիրն եմ իրականացնում Նեւադայի պետական համալսարանում, ինչպես նաեւ դասվանդում եմ նույն համալսարանի Կրթություն եւ Մարդկային զարգացում բակալավրիատի ծրագրում։

–  Եթե չեմ սխալվում, եվրոպական համալսարաններից այս տարի եւս հրավերներ ունեք դասախոսություններ կարդալու, կներկայացնե՞ք, թե որ երկրների որ համալսարանների մասին է խոսքը եւ ինչ թեմայով են լինելու ձեր դասախոսությունները:

– Այո, այս տարի եւս ունեմ դասախոսությունների հրավերներ եվրոպական երկու երկրների համալսարաններից. երկուսն էլ կլինեն ամռան սկզբին՝ առաջինը Չեխիայի Հրադեչ Կրալովե համալսարանում, որն արդեն շարունակական համագործակցություն է դարձել, եւ այստեղ դասախոսությունները կլինեն «Հաղորդակցությունների սոցիոլոգիա» թեմայով, իսկ երկրորդ այցս կլինի  Գերմանիայի Ենայի համալսարան, որտեղ հանդես եմ գալու դասախոսություններով «Գենդեր եւ հաղորդակցություն» թեմայով։ Ասեմ նաեւ, որ Ենայի համալսարանում միայն դասախոսություններով չի սահմանափակվելու այցս, այստեղ իրականացնելու եմ նոր հետազոտական ծրագիր։

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կարեւոր միջազգային բուհերում դասախոսություններով հանդես գալը:

– Միջազգային բուհերում դասախոսություններով հանդես գալը շատ կարեւոր է յուրաքանչյուր դասախոսի կամ պրոֆեսորի համար, առաջինը գիտության զարգացման տեսանկյունից, քանի որ սա նախ հնարավորություն է քո երկիրը ներկայացնելու եւ այս տեսանկյունից մասնագիտական գիտելիքների փոխանակման լայն հնարավորություն է, որտեղից էլ ընդլայնվում է համագործակցության դաշտը, տարատեսակ համատեղ միջազգային ծրագրերի իրականացման հնարավորություններ է ստեղծվում։ Միջազգային բուհերում դասախոսություններով հանդես գալը  շատ կարեւոր է նաեւ միջազգային ասպարեզում  երկրի իմիջի ձեւավորման եւ ճանաչելիության բարձրացման տեսանկյունից, քանի որ հանդես գալով եվրոպական կամ ամերիկյան համալսարաններում՝ հնարավորություն ես ունենում ներկայացնելու քո երկիրը, քո երկրի մշակույթը, կրթությունը եւ մի շարք այլ առանձնահատկություններ։ Այս համատեքստում էլ մեկ քայլ նշանակալի ներդրում է արվում երկրի բրենդ իմիջի ձեւավորման գործընթացում, որը կարեւորագույններից է, քանի որ իրականությունում ստեղծվում են բրենդներ ոչ միայն տնտեսական տիրույթում, այլեւ նույնիսկ երկրներն այսօր պայքարում են լավագույն Բրենդ իմիջը ունենալու համար, որպեսզի իրենց դիրքն ու տեղը ապահովեն համաշխարհային ասպարեզում։

– Դուք երկու գրքի հեղինակ եք, շուտով լույս կտեսնի նաեւ Հայաստանը որպես բրենդ ներկայացնող ձեր՝ երրորդ գիրքը: Ո՞րն է այդ գրքի առանձնահատկությունը:

– Յուրաքանչյուր մասնագետ իր տիրույթում պետք է ունենա իր յուրօրինակ ներդրումն ու հետագիծը եւ այս տեսանկյունից ես փորձել եմ համալրել հայալեզու գրականությունը՝ հրատարակելով արդեն երկու հայալեզու մասնագիտական գիրք։ Իսկ երրորդ գիրքը, որը այս պահին դեռ մշակման եւ խմբագրման փուլում է գտնվում՝ յուրօրինակ նշանակություն է ունենալու, քանի որ ներկայացնելու է երկրի բրենդ հայեցակարգը ՀՀ վերլուծության օրինակով։ «ԲՐԵՆԴԻՆԳ. Անձեր, Ընկերություններ եւ Երկրներ»  նոր գիրքը բաղկացած է երեք խոշոր բաժիններից, որոնցից առաջինում անդրադարձ կկատարվի Կորպորատիվ բրենդինգի կոնցեպտին, երկրորդ մասում խոսվելու է Անձի բրենդինգ կոնցեպտի մասին եւ երրորդ մասը ներկայացնելու է երկրի բրենդ հայեցակարգը։ Գրքի շնորհանդեսը նախատեսված էր գարնանը, սակայն իմ զբաղվածության պատճառով այն հետաձգեցինք հունիսի վերջ։

– Դուք ներգրավված եք նաեւ «Ապագա Հայկականը» համաժողովի «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի աշխատանքներում, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել ձեր կուտակած փորձն ու գիտելիքները նաեւ այդ համատեքստում:

– Այո, «Ապագա հայկականը» համաժողովի «Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական մեր հանձնախումբը մեծ առաքելություն է ստանձնել՝  փորձելու բարելավել Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, քանի որ ըստ իս՝ Սփյուռքը այն հենասյունն է, որի հետ միասին միայն մենք կարողանում ենք ըստ արժանվույնս ներկայանալ միջազգային ասպարեզում։ Սփյուռքի մեր ներուժը բավականին ուժեղ է, սակայն հարկ է  Հայաստան-Սփյուռք փոխհամագործակցությունը ճիշտ կերպով կառուցել, հակառակ դեպքում կանգնած ենք ռիսկի առջեւ՝ կորցնելու մեր հայկական դիմագծը Սփյուռքում։ Շատ կարեւոր է, որ ոչ միայն Սփյուռքը դիտարկենք այն տեսանկյունից, որ մասնագիտական զարգացման եւ տնտեսական առաջընթացի լայն հնարավորություն է, այլեւ այն, որ Սփյուռքը մեր հայրենիքի եւ ազգի մի մասնիկն է, Սփյուռքի մեր հայրենակիցներին մշտապես ներգրավենք Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ գործընթացներում։ Այս տեսանկյունից այսօր ինքս լինելով ԱՄՆ-ում՝ հայկական Սփյուռքը ներկայացնող մեծ համայնքի մաս, իմ առջեւ ունեմ դրված նպատակներ եւ ծրագրեր ունենալու իմ ներդրումը՝ մեր Ազգային Դիմագիծը պահպանելու գործընթացում։

Զրուցեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728