Լրահոս
Օրվա լրահոսը

Տեմիրկանովի եւ Թոփչյանի նվագախմբերից մինչեւ «Tête-à-tête» նախագիծ

Փետրվար 16,2023 12:30

Կլարնետահար Ալեքսանդր Վասիլեւը ինտեգրվել է Հայաստանի երաժշտական կյանքում

Վերջին շրջանում կամերային երաժշտության համերգները էլ ավելի հետաքրքրություն են առաջացնում հանդիսատեսի մոտ, հատկապես այն ձեւաչափով, երբ, ասենք, շուրջ հազար ունկնդրի համար նախատեսված դահլիճում մոտ 100-ը տեղ է զբաղեցնում հենց բեմահարթակում, ստեղծելով մտերմիկ միջավայր։ Շատերը հավանաբար մտաբերեցին, որ խոսքը «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվող դեռեւս միակ նախագծի՝ «Tête-à-tête»-ի մասին է, որի գաղափարի հեղինակն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, ղեկավարը՝ ֆիլհարմոնիկի համերգների եւ միջոցառումների կազմակերպման բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյանը։ Հիշյալ նախագիծը սկիզբ է առել համավարակով պայմանավորված սահմանափակումների շրջանում, երբ ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կամերային կազմերով ելույթներ էին ունենում առցանց։ Ի դեպ, նախագծի ծրագրային յուրաքանչյուր ելութից հետո համերգասրահի ճեմասրահում հանդիսատեսը վայելելով մեկ բաժակ գինի, կիսվում են իրենց տպավորություններով, այդ թվում՝ երաժիշտների հետ։ Մի բան էլ. հանդիսատեսը սպասում է այս նախագծի համերգներին։ Մեր դիտարկմամբ՝ պատճառը ոչ միայն մատուցվող բարձրարվեստ ստեղծագործություններն են, այլեւ հաճախակի ներկայացվող պրեմիերաներն են, նաեւ մեզ մոտ հազվադեպ հնչող  ստեղծագործությունների կատարումը։

«Tête-à-tête» նախագծի հաջորդ համերգը կկայանա փետրվարի 17-ին, նույն վայրում, նույն ժամին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահ, ժամը 19.00, ծրագրում՝ Կլարնետի կվինտետ K.581, A-dur, ֆլեյտայի կվարտետներ K.285, D-dur եւ K.285a, G-dur, ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան ֆիլհարմոնիկի երաժիշտները՝ Ալեքսանդր Վասիլեւը (կլարնետ), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Արամ Ասատրյանը (ջութակ), Յանա Դարյանը (ալտ), Սամսոն Թաթոսյանը (թավջութակ) եւ «KV Art» քառյակը ներկայացնող Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Նարեկ Սահակյանը (ջութակ), Աննա Գյոգչյանը (ալտ) եւ Վահե Դանիելյանը (թավջութակ)։

«Առավոտը» զրույցի հրավիրեց Ալեքսանդր Վասիլեւին, որը շուրջ վեց ամիս առաջ համալրել է ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ առաջին անգամ է մասնակցելու «Tête-à-tête»-ի կայանալիք համերգին։

Երաժիշտը տեղեկացրեց, որ ուսանել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիային կից դպրոցում, հետո՝ կոնսերվատորիայում։ 2017թ. ասպիրանտուրան ավարտելուց հետո ուսանել է Լիոնի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում։ Ավարտելուց հետո հաղթող է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի Յուրի Տեմիրկանովի ղեկավարած Ռուսաստանի վաստակավոր նվագախմբի հայտարարած մրցույթում եւ ընդգրկվել նվագախմբի հիմնական կազմում։ Եվ ինչպես հաճախ է պատահում, կլարնետահարը շուրջ տասը տարի զուգահեռել է նվագախմբում իր գործունեությունը՝ աշխատելով Սանկտ Պետերբուրգի պետական ֆիլհարմոնիայի նվագախմբում, դասավանդել կոնսերվատորիայում ու դրան կից դպրոցում։ Իսկ թե ինչպե՞ս է հայտնվել մեր նվագախմբում, Ալեքսանդր Վասիլեւը, առանց մանրամասնելու, ժպտալով ասաց. «Մեկնեցի Ֆինլանդիա՝ աշխատանք փնտրելու, բայց գտա Հայաստանում»։

Որոշ դադարից հետո հավանաբար որոշեց ներկայացնել գտնվելու իր «պատմությունը». «Բարեկամներիցս մեկը ինձ խորհուրդ տվեց գործունեությանս այս շրջանը կապել ձեր երկրի հետ։ Անցյալ տարի աշնանը Երեւանի կոնսերվատորիայում անցկացրի վարպետության դասեր, որին հետեւեց ծանոթությունը մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ։ Առաջին անգամ որպես հրավիրյալ մենակատար մասնակցեցի մաեստրոյի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի մեկնաբանմամբ Ռիմսկի-Կորսակովի «Շեհրազադե» ստեղծագործության կատարմանը, որտեղ դոմինանտում են կլարնետի պարտիաները։ Դա հոկտեմբերին էր։ Ինչպես տեսնում եք՝ մինչ օրս նվագախմբում եմ, որտեղ ինձ լավ եմ զգում. շրջապատված եմ հիանալի մարդկանցով ու մասնագետներով։ Անհամբեր սպասում եմ «Tête-à-tête»-ի համերգին։ Նման նախագիծ Սանկտ Պետերբուրգում չի գործում, իսկ Ռուսաստանի մյուս քաղաքներում՝ դժվարանում եմ ասել։ Բայց Պետերբուրգի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ամեն օր, նույնիսկ պատահում է օրը երկու անգամ, անցկացվում են կամերային երաժշտության երեկոներ։ Կարծում եմ՝ ձեզ կհետաքրքրի մաեստրոներ Տեմիրկանովի եւ Թոփչյանի ղեկավարությամբ գործող նվագախմբերի նմանություն-տարբերությունները, թեեւ ի սկզբանե դեմ եմ նման համեմատություններին։ Այնուամենայնիվ, Հայաստանի ֆիլհարմոնիկը, որը մոտ հարյուր տարվա նվագախումբ է, իսկ Սանկտ Պետերբուրգինը ձեւավորվել է 1890-ականների սկզբին, բացարձակ տարբեր ավանդույթներ ունեն։ Այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ Բայց որ երկուսն էլ բարձրակարգ ու բարձրարվեստ կոլեկտիվներ են, անկասկած՝ շնորհիվ իրենց գեղարվեստական ղեկավարների՝ միանշանակ է»։

Երաժշտից կարծիք խնդրեցինք հայկական եւ ռուսական փողային գործիքների դպրոցների մասին։ Երաժշտի պատասխանը հետեւյալն էր. «Ունենք հիանալի, եզակի, ինչպես նշեցի՝ փողային գործիքների անհատ երաժիշտներ։ Օրինակ՝ երկար տարիներ, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը, Տեմիրկանովի նվագախմբում էր ուկրաինացի ֆագոտահար Մարկ Կրիշչենսկին։ Բայց դա չի նշանակում, որ Ուկրաինան ունի փողայինների հիանալի դպրոց։ Իսկ, ասենք՝ Ֆրանսիան, ունի ուժեղ փողային գործիքների դպրոց։ Տարբեր երկրներում տարբեր են երաժշտական կատարողական դպրոցների մակարդակները»։

Զրույցի ընթացքում Ալեքսանդր Վասիլեւը հայտնեց, որ ինքը ջութակահար Անուշ Նիկողոսյանի եւ թավջութակահար Դավիթ Եժովի ընկերակցությամբ տարեսկզբին մասնակցել է Հանրային ռադիոյի դահլիճում կայացած «Դասականը բոլորի համար» նախագծին (գեղարվեստական ղեկավար՝ Անուշ Նիկողոսյան, ղեկավար՝ Անահիտ Բարխուդարյան), նույն կազմով հանդես են եկել նաեւ Դիլիջանում։ Ու քանիցս նշեց, որ ունենք շատ ակտիվ ու պատրաստված հանդիսատես։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Ալեքսանդր Վասիլեւը՝ Յուրի Տեմիրկանովի, Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ եւ Հանրային ռադիոյի դահլիճում։

«Առավոտ» օրաթերթ
15.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728