Սկիզբը՝ այստեղ:
ՀԱՊԿ-ն արդեն Արեւմուտքի գործունեությունը որպես սպառնալիք ու մարտահրավեր է դիտարկում, հիշեցնելով` «բարձր կոնֆլիկտային պոտենցիալը» հայ-ադրբեջանական սահմանին»
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը երեւանյան բանակցություններից հետո մեկնեց Բաքու: Փետրվարի 14-ին նա հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Պաշտոնական Բաքուն հաղորդեց, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության պայմանագրի շուրջ նախապատրաստման շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Խովաեւն Ալիեւին տեղեկացրել է տարածաշրջան իր այցի եւ այն քայլերի մասին, որ ձեռնարկում է Ռուսաստանը խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացին նպաստելու համար:
Կարդացեք նաև
Ու մինչ Խովաեւը Բաքվում էր, Ռուսաստանի զինված ուժերից այժմ էլ Արեւմուտքի վերաբերյալ հնչեցին խիստ հայտարարություններ:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը կարծիք է հայտնել, թե ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված: «Իրավիճակը, դժբախտաբար, լարված է, հիմնական մարտահրավերը ՀԱՊԿ-ի եւ դրա առանձին անդամ երկրների ներքին կացության քայքայմանն ուղղված արեւմտյան որոշ էլիտաների ապակայունացնող գործունեությունն է»,- ասել է գեներալ-գնդապետը: Նրա փոխանցմամբ, ուշադրության կենտրոնում են մնում ընդհուպ Բելառուսի եւ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի մոտեցումը եւ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բալթյան երկրների ագրեսիվ հռետորաբանությունը:
«Այդ պայմաններում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության վտանգի բարձր աստիճանը, Կովկասում հավաքական անվտանգության շրջանում ճգնաժամի սրմանը նպաստում են այդ տարածքում Կովկասում ամրապնդվելու, Կասպյան պաշարներին հասնելու եւ Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ապահովելու առանձին երկրների փորձերը»,- մանրամասնել է Սիդորովը: Նրա խոսքով` «Վաշինգտոնը սատարում է միջազգային ահաբեկչությանը, երիտասարդներին փորձում է ներգրավել ծայրահեղական ակտիվության մեջ եւ դրանով լարվածություն է ստեղծում Կենտրոնասիական տարածաշրջանում»: Նա նշել է. «Արդյունքում Արեւմուտքի կողմից ճգնաժամեր եւ ռազմական հակամարտություններ հրահրելու, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու, ահաբեկիչներին սատարելու եւ անցանկալի երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը ՀԱՊԿ-ի շուրջ ապակայունացման գոտի է ստեղծում»,- ասել է Անատոլի Սիդորովը:
Արեւմուտքի գործունեությունն, այսպիսով, Մոսկվան դիտարկում է որպես Ռուսաստանի ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավեր, հստակ սպառնալիք ընդդեմ ՀԱՊԿ կազմակերպության եւ նրա անդամ պետություններում: Դրան գումարած` հիշեցնում են «բարձր կոնֆլիկտային պոտենցիալը» հայ-ադրբեջանական սահմանին, որը կարող է նպաստել ճգնաժամի թեժացմանը Հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում»։
Ի՞նչ է սա, եթե ոչ, ապակայունացման մասին հաստակ նախազգուշացում:
Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առավել քան խիստ ու կոշտ են դարձել: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավարի հետ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի ելույթի ուշագրավ ակնարկներից մեկ օր անց, փաստորեն, ՀԱՊԿ-ից էլ լրացրեցին ռուսական դիրքորոշումը:
Միեւնույն ժամանակ Անատոլի Սիդորովն անդրադարձել է ՀԱՊԿ պետությունների կողմից Կովկասում իրենց դաշնակցի կողքին կանգնելու վերաբերյալ հարցին: Նա նշել է, թե ԶԼՄ-ներում հաճախ լուրեր են տարածվում, թե ՀԱՊԿ-ն իր անդամ պետությանն օգնություն չի ցուցաբերում, բայց, ըստ նրա, ռազմաքաղաքական իրավիճակը տարբեր է լինում` «միշտ չէ, որ ռազմական ուժերով կարելի է ինչ-որ հիվանդության բուժման համար վիրահատություն իրականացնել. երբեմն պետք է գործել «մի վնասիր» սկզբունքով»։
«Առավելագույնս փորձում ենք պահպանել իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին տեղի ունեցան վատ իրադարձություններ։ Ավելին, եղել են զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, արձանագրվել է տարածքային կորուստ, սպառազինության եւ տեխնիկայի կորուստ»,- ասել է Սիդորովը։ Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքում որոշում է կայացվել առաքելություն ուղարկել, իսկ հաջորդ օրն ինքն է մեկնել, որից հետո՝ Ստանիսլավ Զասը։ «Մենք փորձել ենք առավելագույնս օբյեկտիվ վերլուծություն կատարել այն իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է եւ զեկույց ենք ներկայացրել պետությունների ղեկավարներին։ Հետո արդեն որոշում են կայացնում պետությունների ղեկավարները», – ընդգծել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։ Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ ղեկավարներն ամեն ինչ կանեն, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ ընդունելի լուծում գտնվի եւ բախումները դադարեն։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղըզստանում այս տարվա ընթացքում: Ըստ Անատոլի Սիդորովի` զորավարժությունների ընթացքում կմշակվեն հետհակամարտային խնդիրների լուծման եղանակները, ճգնաժամային գոտում իրավիճակի կարգավորման հարցերը, ինչպես նաեւ խաղաղության եւ անվտանգության պահպանման նպատակով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կիրառմամբ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը։ Անդրադառնալով Հայաստանի՝ իր տարածքում զորավարժությունները ոչ նպատակահարմար համարելու որոշմանը՝ Սիդորովն ասել է, որ դա ցանկացած պետության իրավունքն է։ Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չէ, այդ որոշումը հիմնավորելով երկրի սահմաններին ստեղծված իրավիճակով։
Հայտնի է նաեւ, որ Բելառուսի տարածքում նախատեսվում է անցկացնել համատեղ եւ հատուկ զորավարժություններ, որոնք միավորում են ՀԱՊԿ հավաքական ուժերի պատերազմների տարբեր բաղադրիչների նախապատրաստումը: Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին ռուս-բելառուսական համատեղ խմբավորման ներգրավման հարցն այժմ քննարկվում է։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.02.2023