Լրահոս
Օրվա լրահոսը

Կակնկալվի, որ այն պետությունները, որոնք 2010 թվին կանգնեցին Կոսովոյի կողքին` այսօր զորակցեն Արցախին

Փետրվար 16,2023 14:00

Ժամանակն է, որ Արցախը եւ աշխարհասփյուռ հայությունը ուշքի գան

Լաչինի շրջափակման մղձավանջը մոռացնել է տվել Արցախի իսկական մեծագույն խնդիրը: Արցախի 44-օրյա պատերազմի կործանիչ զարգացումները, փաստորեն, երկրորդական տեղում թողեցին 1988 թվականի Արցախյան շարժման գլխավոր խնդիրը՝ Արցախի անկախության հռչակումը, տագնապի կիզակետը վերածելով դեպի Հայաստանի Հանրապետություն Լաչինի ազատ միջանցքի ապահովումը:

Թվում է, թե մոռացված են 1991թ. դեկտեմբերի 10-ի միջազգային օրենքների բոլոր պահանջներով կատարված հանրաքվեի դրական արդյունքները, Արցախն արդեն իսկ օրինավորապես հռչակված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Այն պարագան, թե առաջին Արցախյան պատերազմի ավարտին` 1994-ին ստորագրված զինադադարից հետո տեղի ունեցած Մադրիդյան, Մինսկի եւ այլ բանակցության խաժամուժի մեջ, հայկական կողմը արտոնած է, որ այս կարեւոր իրադարձությունը մոռացության ենթարկվի, տակավին պետք է վերլուծվի պատմաբանների կողմից եւ իբրեւ հետեւանք՝ վստահաբար հայ բանակցողները խստորեն մեղադրվեն: Այս հանգրվանում, սակայն, փոխանակ վերարծարծելու 1991թ. դեկտեմբեր 10-ի հանրաքվեի վավերականության խնդիրը, հայությունը պետք է անդրադառնա, թե այսօր հանկարծ, ակամա, Արցախի համար նոր ուղի կբացվի իր անկախության ճանաչումը պահանջելու` հենվելով միջազգային օրենքների եւ նախընթացներու ընծայած նույնքան ուժեղ օգնության վրա: Հետեւաբար, հայկական կողմը պետք է հիմա գործի անցնի ուժգնորեն եւ առանց որեւէ վարանումի կամ ուշացումի:

Անսպասելի պարադոքսային դարձվածքով, պետք է նույնիսկ «շնորհակալություն» հայտնենք Ալիեւին` ճանապարհ հարթելու համար, որոնք Հայաստանին եւ Արցախին թույլ կտան ամբողջական անկախության ճանաչման իրենց պահանջը ներկայացնելու Միջազգային արդարադատության դատարանին:

Ինչպես հայտնի է, Հայաստանն այս օրերին արդեն իսկ Միջազգային դատարան է դիմել, սակայն միայն Լաչինի միջանցքը բացելու հարցով: Իմ տեսակետս է, որ թեեւ Լաչինի միջանցքի բացումը կարեւոր է, որպես անմիջական լուծում 120 000 արցախահայերի դեպի սով տանող տագնապին գոնե ժամանակավոր լուծման համար, սակայն տակավին առկախ կմնա շատ ավելի հիմնական եւ երկարաժամկետ Արցախի անկախության կենտրոնական խնդիրը, որը հանկարծ այսօր կգտնվի լուծման առաջնորդող իրատես կարելիության առջեւ: Կոսովոյի անկախության պարագան պաշտպանված է Միջազգային դատարանի 2010թ. հուլիսյան որոշումով, այն բազմաթիվ անգամներ որպես նախադեպ առաջարկված է Արցախի համար, այսօր եւս կներկայանա, որպես իսկական անվիճելի նախադեպ:

Արցախի հայցի գլխավոր արգելքը մինչեւ այսօր` Ադրբեջանի արծարծած տարածքային ամբողջականության իր միջազգայնորեն պաշտպանված իրավունքն է, եւ նույն ժամանակ նրա կեղծ հավակնությունը, թե հայերը շատ հանգիստ կարող են ապրել Ադրբեջանում, որպես նրա քաղաքացիներ: Եթե նույնիսկ մի կողմ դնենք 1980-ական թվականների Սումգայիթյան ջարդերի վավերական տվյալները, բավական է արծարծել, ավելի քան 50 օրեր ի վեր, ի տես ամբողջ աշխարհին, Ալիեւի կողմից գործադրվող ադրբեջանական անմարդկային գործառնությունները, առավել եւս տարիներ ի վեր Ադրբեջանի մեջ գործադրվող հակահայ բացահայտ քաղաքականությունը, որպես հաստատուն այժմեական փաստական տվյալներ, ի պաշտպանություն Միջազգային դատարանին ներկայացվելիք Արցախի դատին:

Անժխտելի իրականություն է այլեւս, թե անկարելի է արցախահայության համար մարդկային իրավունքները վայելող որպես քաղաքացի ապրել Ադրբեջանի սահմաններից ներս: Այս պարագան կատարյալ զուգահեռ է, որը կհաստատի Կոսովոյի հետ, որ միակողմանի քայլով իր անկախությունը հռչակեց Սերբիայից 2008 թ. փետրվարին: Հետեւաբար, մինչ Արցախը կշարունակի իր բոլոր աշխատանքները, ապահովելու համար Լաչինի միջանցքի վերաբացումը, իր համար շտապ առաջնահերթություն պետք է նկատի ունենա բարձրագույն մակարդակի աշխատանքային մարմինը, որը նպատակ կունենա կազմակերպել պաշտոնական իր դիմումը Միացյալ Ազգերի Միջազգային Դատարանին, պահանջելու համար իր վճիռը արձակել ի նպաստ Արցախի ամբողջական անկախության իրավունքի:

Արցախի կառավարությունը գլխավորող նախարար Ռուբեն Վարդանյանի ներկայությունն, անկասկած, մեծ առավելություն է այս աշխատանքի հաջողության համար: Դիվանագիտական այս համարձակ քայլը պետք էր արդեն իսկ հաշվի առնված լիներ Արցախի զինադադարից հետո, անցնող 30 տարիների ընթացքում: Ընդհակառակը, վարանումի վիճակը եւ լավ մտածված եւ նույնիսկ որոշ խորամանկությամբ պատրաստված դիվանագիտական ծրագրի բացակայությունը այդ տարիների ընթացքում Արցախը եւ Հայաստանը հասցրին այսօրվա թակարդային դրության: Համարձակ, սակայն լավ ծրագրված հանդուգն քայլը միայն կկարողանա մեզ ազատել այդ թակարդից:

Կակնկալենք, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես զորակցի Արցախին` այս կենսական պահանջին եւ դյուրացնի նրա դիմումը Միջազգային դատարան: Նույնպես տրամաբանականորեն կակնկալվի, որ այն պետությունները, որոնք 2010 թվին կանգնեցին Կոսովոյի կողքին, այսօր զորակցեն Արցախին: Վերջապես, անկասկած կակնկալվի, որ սփյուռքահայ մասնագետները եւս իրենց ամբողջական օժանդակությւնը տրամադրեն, որպեսզի Արցախը վերջապես տիրանա պատվաբեր անկախության եւ Արցախի բնակչությունը, իբրեւ ազատ քաղաքացիներ, ապրեն, 195 անկախ մյուս երկրների շարքում:

Իմ կարծիքով, այստեղ առաջարկված Արցախի անկախության իրավունքի պաշտպանությունն ազգային շտապ առաջնահերթությունը վայելող մեր այսօրվա հարցն է:

Դոկտ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

Մոնրեալ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728