Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հո ամեն ինչ չէ, որ վաճառում են, վերջը պատմություն կա»․ Կարեն Մալխասյանը՝ Գյումրու «Ճերմակ հիվանդանոցի» շենքը վաճառելու մասին

Փետրվար 15,2023 23:03

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանն աճուրդ-վաճառքի է հանելու քաղաքի պատմական կենտրոնում գտնվող «Ճերմակ հիվանդանոցի» շենքը։ Գյումրու ավագանին երեկ հաստատեց այդ նախագիծը։

Մեկնարկային գինը, քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, սահմանված է 1 միլիարդ 100 միլիոն դրամը։

Քաղաքապետարանը «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող, պատմամշակութային հուշարձան համարվող շենքի վաճառքը հիմնավորում է նրանով, որ վարձակալության պայմանագրերը լրացել են, պահպանման ծախսերը շատ են, շենքը դատարկ է ու ներդրող է պետք։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը, սակայն, դեմ է քաղաքի ունեցվածքը վաճառելուն, նրա համոզմամբ՝ սա չի բխում քաղաքի բարօրությունից ու շահերից։ Ավագանու անդամը մի քանի հակափաստարկ է ներկայացնում քաղաքապետարանին՝ նշելով, ամեն ինչ չէ, որ վաճառվում է, այս շենքը պատմություն ունի․ այն երկրաշարժի ժամանակ մարդկային կյանքեր է փրկել։

Ավագանու անդամն այն համոզմանն է, որ շենքի վարձակալությամբ թե՛ քաղաքապետարանի բյուջե գումար կմտնի և թե՛ շենքը կվերանորոգվի․ վարձակալները պատրաստ են ներդրումներ անելու, շենքը վերանորոգելու։ Պատմություն ունեցող արժեքավոր գույքն էլ կմնա որպես համայնքային սեփականություն։

Կարեն Մալխասյանը նաև նշում է, որ որոշակի խնդիրներ է տեսնում, շենքը տեղական հուշարձան է, որը աճուրդ-վաճառքի հանելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել լիազոր մարմնին, թույլտվություն ստանալ, որը չի արվել։ Հաշվի չեն նստել նաև գյումրեցիների կարծիքի հետ, հանրային լսում չեն հրավիրել։ Շենքի աճուրդ- վաճառքի նախագիծը անակնկալի է բերել նաև ավագանու անդամներին։

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մալխասյանը նախ հիշեցրեց, որ այդ շենքը նախկինում վարձակալված է եղել, վարձակալը, սակայն, գումարը չի վճարել։

Վարձակալության ժամկետը լրացել է, դրանից երկու տարի անց պայմանագրին հետևող չի եղել, գումարը գանձող չի եղել։ Նոր ավագանու ձևավորվելուն պես՝ բոլոր խմբակցությունները հետաքրքրվել են այս հարցով, գնացել հետքերով ու համայնքի գույքը վերադարձրել տիրոջը։

Ավագանու անդամներն առաջարկել են այդ շենքը վարձակալությամբ տրամադրել նպատակային օգտագործման համար, որի շուրջ էլ սկսվել էին հանրային լսումներ։ Դեռ անցած տարի հիվանդանոցի նախկին շենքը վարձակալությամբ վերցնելու հայտ ներկայացրել էին երեք կազմակերպություններ, որոնցից երկուսը ցանկություն ունեին բուժհաստատություն հիմնել, մեկը՝ հյուրանոց։

«Ներդրողներից յուրաքանչյուրը պատրաստ էր 400-ից մինչև 1 միլիարդ դրամի ներդրում կատարել այդ շենքում, նաև վարձավճար էին տալու։ Այստեղ մեկ այլ նրբություն էլ կար, վարձակալությամբ տրվելու էր 10 տարի ժամկետով, ոչ ավել, ո՛չ 20, ո՛չ էլ 100 տարի, սա ևս կարևոր է։

Ըստ օրենքի, հանրային քննարկում է լինում այն դեպքում, երբ իրավական ակտի նախագիծ է ներկայացվում, այսինքն՝ վարձակալության տրամադրելու վերաբերյալ նախագիծ պիտի ներկայացվեր ավագանուն, որը չի բերվել։ Դրանից հետո բազմաթիվ անգամ հետաքրքրվել ենք, թե ինչու չի տրամադրվել, բայց այս նիստին՝ փետրվարի 14-ին նախագիծ է բերվել շենքը օտարելու վերաբերյալ։

Նախ ես այստեղ տեսա օրենքի խախտում․ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածը սահմանում է՝ լիազոր մարմնին տեղյակ պահել, եթե որոշում ես օտարել։

Շենքը տեղական նշանակության հուշարձան է, ես ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեցի, պատասխանեցին, որ լիազոր մարմնին տեղյակ չեն պահել աճուրդ-վաճառքի հանելու մասին, ասում են՝ կարող ենք հետո էլ տեղյակ պահել, բայց ես դրա հետ համաձայն չեմ։

Բացի դրանից, թե ինչու են ուզում օտարել, հիմնավորում պիտի ունենա։ Յուրաքանչյուր նախագիծ, որ ներկայացնում են ավագանու նիստի, հիմնավորում պիտի ներկայացվի, թե ինչու։ Պատճառաբանում են, թե շենքը հիմա չի օգտագործվում համայնքի կարիքները հոգալու համար, նպատակահարմար չէ օգտագործելը, պիտի վաճառենք։

Բայց երբ ես առարկություն ներկայացրեցի, մեր համայնքապետը հակադարձեց, թե սպորտդպրոց ենք կառուցելու, պարի դպրոց ենք կառուցելու։ Այսինքն մենք պատրաստի գույքը ունենք, որը քաղաքի կենտրոնում է՝ 2462 քառակուսի մետր մակերես ունի, 6365 քառակուսի մետր հողամաս, պատմամշակութային արժեք ներկայացնող այդ հսկայական գույքն օտարում ենք այլ շենք կառուցելու համա՞ր, սպորտային պարերի դպրոցը շեշտվեց։

Մեր մտահոգությունը հետևյալն է՝ այդտեղ նաև վարձակալ կա, շենքի մի հատվածը «Կարմիր Խաչին» է տրված վարձակալությամբ՝ երկարաժամկետ։ Ես վարձակալի հետ զրուցել եմ, ասել է՝ մենք տեղյակ էլ չենք, որ գույքն ուզում են օտարել, քննարկում չի եղել»։

Ավագանու անդամը նշում է, երբ այս շենքը ուզում էին վարձակալությամբ տրամադրել, հանրային լսում էր կազմակերպվել, մինչդեռ ավելի կարևոր հարցի՝ օտարման շուրջ հանրային լսում չի կազմակերպվել։

«Մենք այդ հարցը բարձրաձայնեցինք, բայց ոնց որ թե մեր ընկերները համակարծիք չէին ու քվեարկեցին ի օգուտ օտարման՝ հետագայում կորոշեն ինչ են սարքելու։

Ես գտնում եմ, որ մենք այդտեղ շատ խնդիրներ ունենք։ Նախ` համայնքապետարանը կարող էր սուբվենցիոն ծրագրի հայտ ներկայացներ՝ շենքը վերանորոգելու, այդ պարագայում ճիշտ կօգտագործվեր, օրինակ՝ Գյումրին չունի պատկերասրահ, մի մասը թող լիներ պատկերասրահ, մյուս մասը ենթադրենք թող լիներ սպորտային պարերի կամ շախմատի դպրոց, ինչպես որ շեշտադրում են։ Ամբողջը մենք այդտեղ կարող էինք տեղավորել, կստանայինք մշտական կենտրոն, եթե ոչ առողջապահական կենտրոն լիներ։ Իհարկե, վարձակալության տալու ժամանակ քննարկվել է այդ հարցը, որ ցանկալի է առողջապահական կենտրոն լինի, Գյումրիում չլինի մեկ հիվանդանոց, այլ երկրորդն էլ ունենանք, թեկուզ մասնավոր։

Բոլորիս էլ հայտնի է, որ երկրաշարժից հետո «Ճերմակ հիվանդանոցն» է գործել ու պատմություն ունեցող շենք է։ Բազմաթիվ կառույցներ կարող էինք տեղակայել, մեծ կոմպլեքս է, ունի գարաժներ, որոնք կարող են նպատակային օգտագործվել, կա տարածք, որը բարեկարգելու դեպքում կծառայի որպես կանաչ գոտի։ Զարմանալի է ինչու չի քննարկվել, մեզ հետ էլ չի քննարկվել, հանրային քննարկում էլ չի եղել, այդ առումով ճիշտ չեմ համարում։

Ասում են՝ այս պահին գնորդ չկա, բայց ես կասկածում եմ, որ գնորդ չլինի, լավ էլ կլինի։

Խնդրահարույց է նաև այն, որ ավագանու անդամներին ներկայացված փաթեթում միայն շենքի գնահատումն էր իրականացված․ հողամասը հաշվի չէին առել։

Ճարտարապետն ասում է՝ հողամասի գնահատում, բայց մենք մեր աչքով չենք տեսել, ուրիշ հարցեր էլ կան ճշտելու, կդիմենք, կվերցնենք փաստաթղթավորումը։

Հակադարձում եղավ, թե վարձակալության տալու դեպքում մեծ գումար չենք ունենա, բայց վաճառելու դեպքում մեծ գումար կունենաք, ուրիշ ծրագրեր կանենք։ Եթե մենք այդ սկզբունքով առաջնորդվենք, ճիշտ է՝ ես կողմնակից չեմ, բայց բերեք քաղաքապետարանի շենքն էլ օտարենք, ավելի մեծ գումար կունենանք։ Ո՞վ է ասել, որ քաղաքապետարանի շենքը պիտի լինի հրապարակի կենտրոնում։ Տանենք ուրիշ տեղ, էդ մեծ շենքն էլ մեծ գնով վաճառենք, ուրիշ հոգսեր հոգանք, բայց հո ամեն ինչը չէ, որ պիտի վաճառվի, վերջը պատմություն կա, քաղաքի կենտրոնում նման տարածք մենք չունենք, այս բոլոր հանգամանքները պիտի հաշվի առնենք։

Ամենակարևորը պիտի լիներ հանրային քննարկում, ոչ բոլորն են հետևում ավագանու նիստերին, այստեղ ամենակարևորն է, որ գյումրեցիները իրենց կարծիքն արտահայտեին, հանրային քննարկում լիներ և քննարկվեր նպատակային նշանակությամբ օտարվելը, որ մեկը չուզենար գործարան բացել, այլ բացեր կրթամշակութային կենտրոն կամ որ ամենացանկալին է՝ հիվանդանոց։

Մարդիկ կարող էին շատ լավ առաջարկներ անել, որը հնարավոր է ոչ իրենց մտքից անցած լիներ, ոչ էլ մեր։ Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մենք ապահովված կլինեինք, այսօր էլ հակադարձ կարծիքներ չէին լինի»,-եզրափակեց ավագանու անդամը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728