Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Ամպագոռգոռ խոստումներից, ֆոտոսեսիաներից ու կոսմետիկ անարդյունավետ քայլերից զատ՝ ոչ մի անելիք, ոչ մի պատասխանատվություն կամ նույնիսկ դրա իմիտացիա»

Փետրվար 15,2023 22:22

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թվում էր, թե գոնե կես տարի անց Սուրմալուի ողբերգությունը կսթափեցներ պատկան մարմիններին ու, հատկապես, Երևանի իշխանություններին, ի ցույց կդնի մեր մայրաքաղաքի թույլ, խոցելի տեղերը, ռազմավարական վտանգ պարունակող ռիսկերը, որոնք հրատապության կարգով կդառնան երկրի, քաղաքի իշխանությունների ամենօրյա տքնաջան աշխատանքի հիմնական ուղղությունը։ Բայց ինչպես միշտ՝ հուսախաբություն։

Ամպագոռգոռ խոստումներից, ֆոտոսեսիաներից ու կոսմետիկ անարդյունավետ քայլերից զատ՝ ոչ մի անելիք, ոչ մի պատասխանատվություն կամ նույնիսկ դրա իմիտացիա։

Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կկատարվի տարերային որևէ աղետի դեպքում։

Ու 1988-ի ավերիչ երկրաշարժն էլ դաս չէ։ Հատկապես, որ մեր մայրաքաղաքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։

Օրեր առաջ լուր տարածվեց թուրքական մի քաղաքում քաղաքային ընդդիմադիր քաղաքապետի հետևողական ու խիստ օրինապահպան աշխատանքի մասին, որի արդյունքում քաղաքում գրեթե ավերվածություններ և զոհեր չէին եղել։

Ճապոնիայում վաղուց արդեն ապրելակերպ է հատկապես տարերային աղետների վտանգներին անդադար պատրաստ լինելը։ Աշխարհում բազմաթիվ են նման օրինակները։

Ավելին, եթե մենք գոնե այս պահին, ի վիճակի չենք ինքներս կանխատեսել, նախապատրաստվել նմանատիպ իրավիճակներին, ամոթ չէ դիմել այդ ոլորտում մեծ փորձ ու հեղինակություն ունեցող միջազգային կազմակերպությունների ու անհատների։

Սակայն այս ամենի փոխարեն իշխանությունները զբաղված են ամբողջ քաղաքով մեկ շինթույլտվություններ տրամադրելով՝ առանց վերահսկելու շինարարական աշխատանքները։ Կարևորը 2000-ականների նման տնտեսական փուչիկ և բիզնես շահեր ապահովելն է։

Իսկ երևանցու կամ երևանաբնակ մեր քաղաքացիների կյանքը և անվտանգությունը գրոշի արժեք չունեն։

Այս պայմաններում «ապրող» մեր քաղաքամայր Երևանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է դիմակայունության բարձրացման ռազմավարություն, որի ստեղծման ուղղությամբ մեր թիմի աշխատանքները շարունակվում են և շուտով կդառնան հանրային քննարկման առարկա»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728