Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանի գնահատմամբ, Հայաստանի՝ 2022 թվականի տնտեսական աճի մեջ, մեծ ծավալ են կազմում հարկային մուտքերը՝ 21.4 տոկոս: Սա տնտեսական աճի ցուցանիշում եզակի ներքին գործոնն է, մնացածը՝ արտաքին գործոններն են, ուստի, տնտեսագետը, տնտեսության արդյունավետ կառավարման որեւէ տարր չի տեսնում:
«Մտցվել է մաքսատուրք՝ գունավոր մետաղների հումքի արտահանման վրա ու դրա հաշվին հարկերն աճել են երեք անգամ՝ ընդամենը 6 տոկոսով»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ արտաքին տնտեսական գործոններից էլ առանձնացնելով բանկային մուտքերը, որոնք աճել են 2,5 անգամ՝ 2.1 միլիարդ դոլարից 5.2 միլիարդ դոլար: Բանկային մուտքերն աճել են հատկապես ՌԴ-ից՝ չորս անգամ՝ կազմելով 3.6 միլիարդ դոլարի, ինչը հանգեցրել է ծառայությունների եւ մանրածախ առեւտրի ոլորտների կտրուկ աճին: Երրորդ գործոնն էլ՝ գունավոր մետաղների նպաստավոր գինն է միջազգային շուկայում:
Հիշեցնենք, այսօր, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հրապարակվեց Եվրասիական փորձագիտական ակումբի թվով ութերորդ տնտեսագիտական հետազոտությունները՝ «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» թեմայով:
2022 թվականի տվյալներով Հայաստանից արտահանումը կազմել է 77,7 տոկոս: Արտահանման հիմնական շուկան կրկին ԵԱՏՄ երկրներն են, մասնավորաբար՝ ՌԴ-ն: Այս համատեքստում, ըստ տնտեսագետի, մենք պետք է գնահատենք ու «ատամներով պահենք» մեր եւ տնտեսական, եւ քաղաքական շահերը, մանավանդ, որ ԵԱՏՄ-ում մենք կարեւոր գործոն ունենք՝ էներգակիրների ցածր գները, ինչը օգնում է մեծացնել մեր ապրանքների մրցունակությունը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Ըստ բանախոսների, տնտեսական ցուցանիշներում դիսբալանսը՝ երկնիշ տնտեսական աճ եւ աղքատության աճի ցուցանիշի բարձրացում, խոսում է այն մասին, որ Հայաստանն աշխատող աղքատների երկիր է: Միաժամանակ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների վերլուծություններով, Հայաստանում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի հետեւողական եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքում, զարգացման ցուցանիշները միանգամայն այլ մակարդակի փոխանցվեն: Եթե կանխատեսումներն իրականանան եւ 2023-ին եվս ապահովվի 7 տոկոս տնտեսական աճ, ապա դա կլինի կայուն զարգացման երրորդ տարին, իսկ նման աճի տեմպի եվս 3-4 տարի ապահովումից հետո, Արամ Սաֆարյանի հավասարմամբ, հնարավոր կլինի Հայաստանի ՀՆԱ-ն կրկնապատկել եւ ունենալ այլ Հայաստան, այլ աշխատավարձերով, թոշակներով եւ սոցիալական ծրագրերով:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում կոռուպցիայի աճող մակարդակին՝ նշելով, որ այն խանգարում է 2022 թվականի արդյունքներով ֆինանսական բարձր ցուցանիշները լիարժեք օգտագործել տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար. «Կոռուպցիայի մակարդակը մեր երկրում աճել է։ Տնտեսության բոլոր ճյուղերի համարժեք զարգացումն առաջին հերթին ենթադրում է մրցակցության առկայություն։ Սակայն կոռուպցիան խեղդում է մրցակցությունը»: Ընդ որում, կոռուպցիան միայն մեկ ընկերության մասնակցությամբ մրցույթները կամ կաշառակերությունը չեն։ Ըստ տնտեսագետի, մեր երկրում ամենուր նկատվում է մի պատկեր, երբ ազդեցիկ պաշտոնյաների հարազատներն ու մտերիմները ղեկավար են նշանակվում այն ոլորտներում, որոնցից բացարձակ չեն հասկանում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ