«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի են քննադատությունները Թուրքիա ուղարկված մարդասիրական բեռների, ցավակցությունների թեմայով. «Էդ քննարկումն արդեն առողջ չի: Թուրքիան մեր բարեկամը չի դարձել: Ցավակցել պետք էր, գուցե եւ ինչ-որ օգնություն, բայց ամբողջ ազգով դա ենք քննարկում: Սրանից ավելի այդ մասին չեմ ուզում խոսել, լռե՛ք, անհարմար է: Լավ, մի քանի բեռնատար օգնություն ուղարկեցինք, մարդկություն արեցինք, հետո՞: Ոչինչ: Լազա՞թ է տվել»:
Ըստ Բագրատյանի, դա Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ չի փոխելու, քանի որ Ադրբեջանի հետ էթնոսի ձեւավորման պատմական խնդիր ունեն. «Հայը չի կարող դա կասեցնել, հայը պետք է ինքը պաշտպանվի: Այդ պրոցեսները խորանալու են, վաղը այդ ազգին միանալու են թուրքմենները, ուզբեկները, ղազախները: Լինելու է դա: Իրենք փորձում են ձեւավորել գոտի, դա իրենց պրոբլեմն է: Մենք էլ այնպես չի, էլի, որ ով ասում է՝ ես ծարավ եմ՝ բաժակով ջուրն առնում, վազում ենք»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Բագրատյանը:
Ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը հակադարձեց՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրները գերության մեջ, շրջափակման մեջ լինեն ու մենք տոննաներով օգնությո՞ւն ենք ուղարկում. «Թուրքը չի կարող լինել հայ ժողովրդի բարեկամ, նույնիսկ խաղաղ հարեւան»:
Կարդացեք նաև
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մի շարք ՀԿ-ների, կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարեցին նոր շարժման մեկնարկի մասին:
Թաթուլ Պետրոսյանը խոսեց իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Փաշինյանը սատանաներ էր բռնում: Մենք պատրաստ ենք սատանաների հետ էլ համագործակցենք, միայն թե ազատվենք այս ապիկար իշխանությունից: Իրենք սատանա չեն կարող բռնել, որովհետեւ իրենք են սատանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ