Լրահոս
Օրվա լրահոսը

2022-ին միայն ՌԴ-ից, 4 մլրդ դոլարից ավել ներհոսք է եղել Հայաստան. Թաթուլ Մանասերյան

Փետրվար 15,2023 18:50

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների գնահատմամբ, 2022 թվականին դեպի Հայաստան ներդրումների լուրջ ներհոսք ենք ունեցել. միայն ՌԴ-ից դա 4 մլրդ դոլարից ավելի է եղել: Այս տվյալներն այսօր, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, այսօր հրապարակվեց Եվրասիական փորձագիտական ակումբի ութերորդ տնտեսագիտական հետազոտությունը՝ «Հայաստանի տնտեսությունը 2022թ. ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամության համատեքստում» թեմայով: Տնտեսագետը, սակայն, խնդիր է տեսնում, այդ գումարները Հայաստանի տնտեսության մեջ ինտեգրելու առումով:

ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը, ինչի արդյունքում մոտ 300 հազար ռելոկանտների ներհոսք ենք ունեցել դեպի Հայաստան: Կառավարության առաջիկա խնդիրների շարքում, ըստ մասնագետի պետք է լինի հարցը՝ ի՞նչ ենք անելու, երբ ռելոկանտները վերադառնան, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, ի վերջո, հաշտություն լինելու է: Նրա խոսքով, ռելոկանտների թիվը Հայաստանում 200-300 հազար է, որը մեր բնակչության 10 տոկոսն է. «Դրա արդյունքում մենք պաշտոնական տվյալներով տարին փակել ենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ: Դրանցից մեկը սպառողական գների աճն է, որը պետք է տարբերել գնաճից: Դա մոտ 500 ապրանքների միջինացված գինն է: Նաեւ չենք կարող չնկատել, որ հակառակ երկնիշ տնտեսական աճին ունեցանք աղքատության մակարդակի բարձրացում: Մյուս կարեւոր գործոնը հայկական դրամի արժեւորումն է, բավական կարեւոր է նաեւ, որ ոչ միայն 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է գրանցվել, այլեւ եթե համեմատենք ամսական կտրվածքով, օրինակ, դեկտեմբերը նոյեմբերի համեմատ 21,5 տոկոս աճ է գրանցվել, ինչը լուրջ ցուցանիշ է»:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2022 թվականը փակել ենք 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով, սակայն, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է ընդամենը 0,4 տոկոսի աճ. «Այսինքն, նույնիսկ այդ պայմաններում Հայաստանից գյուղմթերքների արտահանումը երկնիշ թվով աճել է դեպի ԵԱՏՄ երկրներ: ԵԱՏՄ-ին անդամակցությունը բավական լուրջ հնարավորություն է ընձեռել մեզ: Եվ հատկապես պատրաստի արտադրանքն է արտահանվել: Ապրանքաշրջանառության ցուցանիշը մոտեցել է 100 տոկոսի ԵԱՏՄ շրջանակներում: Նման ցուցանիշն աննախադեպ է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Խոսելով 2023 թվականի կանխատեսումների մասին էլ, Թաթուլ Մանասերյանն ասաց, որ Fitch-ի կանխատեսումը 6,4 տոկոսի սահմաններում է, ինչը Հայաստանի համար բավական մեծ ու կարեւոր ցուցանիշ է: Եվրասիական փորձագիտական ակումբում, սակայն, համոզված են, որ որոշակի հետեւողական եւ նպատակադրված աշխատանքի արդյունքում հնարավոր է ավելիին հասնել:

Ըստ տնտեսագետի, 2023-ին տնտեսական զարգացման դրական միտումների մեծ մասը շարունակվելու են, բացի ռելոկանտներից: Նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է ձգտի առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները, քանզի այն արտոնությունները, որոնք ԵԱՏՄ-ն է տալիս, որեւէ այլ երկիր չի տալիս, մանավանդ, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ է արտահանում արդեն պատրաստի արտադրանքը, ոչ թե հումքը: Իհարկե, սա չի նշանակում, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին կառավարությունում չպետք է մտածեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728