Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ գլխանի եք, հելնում եք միանգամից պավառոտ եք տալիս արտաքին քաղաքականության մեջ». Հրանտ Բագրատյան

Փետրվար 15,2023 18:28

«Այսօր Բերձորով լուծվում է Հայաստանի հարցը: Այսօր Հայաստանը գործոն է, որովհետեւ Արցախը կա: Նրանք չեն կարող հարձսակվել Հայաստանի վրա, քանի դեռ չեն ոչնչացրել Արցախը»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Ինչպես տեղեկացրել ենք՝ նա, ՀԴԿ, «Երկիր Ծիրանի» եւ այլ կուսակցություններ ու քաղաքական, հասարակական գործիչներ ազդարարել են նոր շարժման մասին:

Բագրատյանը հիշեցրեց, որ մեր ազգը պատմության ընթացքում շատ մեծ սխալներ է թույլ տվել. 1045 թվին Անիի բանալիները Գագիկ թագավորը հանձնեց հռոմեացիներին ու գնաց. «Չեմ կարողանում մինչեւ հիմա հասկանալ, թե ինչո՞ւ այդ Գագիկ թագավորին բանակը չի ձերբակալել: Մեր ազգն այնքան սխալներ է արել, սովորական բանալիները իր պետության հանել է, տվել է ու ասել՝ մենք գնացինք: Հիմա մենք պիտի համաձայնվե՞նք դրա հետ: Իսկ ի՞նչ է կատարվում այսօրվա ազգի հետ: Փաշինյանը շանտաժի է ենթարկում, ասում է՝ լսեք, ցանկացած իշխանություն որ գա, դուք նորից զոհ եք տալու: Այսինքն, թուրքերն եկել են, մենք չպաշտպանվե՞նք: Եկեք հասկանանք՝ պաշտպանվելով, բանակ ստեղծելո՞վ կփրկվենք, թե՞ այսպես: Չե՛նք փրկվելու, ոչ ոք չի փրկվելու»:

Բագրատյանը նկատեց, որ օրեր առաջ Մեքսիկան՝ 130 մլն-անոց պետությունը ցեղասպանությունն է ընդունել, իսկ Մեքսիկան, Ուրուգվայը այն երկրներն են, որոնք, եթե Արցախը մենք ճանաչենք, իրենք ճանաչելու ենք. «Հասկացեք, մենք (իշխանությունը) արդեն հրաման ենք տալիս, քիչ է մնում մյուս երկրներին հրաման տանք, որ այլեւս ցեղասպանության հարցերը մի քննարկեք: Պետությունը պետք է պաշտոնապես շնորհակալություն հայտներ: Բայց մենք ո՞ւր ենք գնում: Ոչ մեկն այստեղ բազե չի, թերեւս, բացի Բազեյան Ալբերտից: Մենք պատերազմի կոչ չենք անում, եղբա՛յր: Այսօր 10 մարդ է պատրաստ դիմակայելու արհավիրքը, թող 10 լինի, վաղը 10 հազար կդառնա: Ցանկացած ուժ այդ ճանապարհին պետք է գա եւ միանա: Մենք ընդհանրապես լուծում ենք գոյության խնդիր հայ ժողովրդի համար, Երեւանի՛ համար, Ղարաբաղի համար չէ: Չկա նման բանալի, որ Արցախը տանք, լավ ապրելու ենք, կամ ընդհանրապես ապրելու ենք, ինչպես մտածում է այսօրվա իշխանությունը, չկա՛: Շնորհակալություն հայտնենք, որ այսօր Արցախից լուրջ թեկուզ 100 մարդ չի ցանկացել դուրս գալ, որովհետեւ նրանք հասկանում են: Հիմա իբր թե ապրում ենք, ջեռուցում կա, լույս կա, էդ ամեն ինչն էլ է վերջանալու: Միակողմանի թշնամությունը, որը տանում է այսօրվա իշխանությունը որոշ երկրների նկատմամբ, որոնք ավանդաբար համարվում էին բարեկամ, մեզ դա չի սազում: Էգուց էլ գազ-մազ չի լինելու: Խելքներս եկեք գլուխներս հավաքենք: Կարո՞ղ եք՝ հունար ունեցեք զարգացնել հարաբերությունները ինչպես Արեւմուտքի, այնպես էլ ավանդական գործընկերների հետ: Քանի՞ գլխանի եք, հելնում եք միանգամից պավառոտ եք տալիս արտաքին քաղաքականության մեջ: Ընդհուպ հրաժարվում ենք զենքերից, որ մեզ տրամադրում են, առանց էդ էլ մի բան չէին տալիս ու առանց այդ էլ դժգոհ էինք: Սրա վերջն ի՞նչ է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728