ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոստացել էր, որ գարնանը ժողովրդին ոտքի են հանելու ու ճանապարհելու են այս իշխանություններին:
Այսօր հրավիրած ասուլիսում Բազեյանը ՀԴԿ, «Ազատություն» եւ այլ կուսակցությունների ու ՀԿ-ների հետ ազդարարեցին նոր շարժման մասին: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից կառավարվող քաղաքական ուժերը եղել են իշխանության մաս՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, եւ եթե նրանք լավ ղեկավարեին, զարգացնեին բանակը, երկրում օրինականություն հաստատեին, Նիկոլ Փաշինյանի նման մեկը չէր կարող գալ իշխանության:
Ըստ նրա՝ հանրությունը անգամ պատերազմում պարտությունից հետո ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ընտրություն պիտի կատարեր վատի ու վատթարի միջեւ, ընտրեց վատթարը. «Ինչքան էլ փորձեցին ժողովրդին ոտքի հանել՝ «Զարթնիր, լաո, մեռնիմ քզի», լաոն չզարթնեց, որովհետեւ ժողովուրդը չընդունեց նախկիններին: Այս շարժումը նպատակ ունի ձեւավորել համահայկական դաշինք: Հանրապետությունում 100-ից ավելի կուսակցություններ կան, տրամաբանություն չկա, որ նոր կուսակցություն հիմնադրեն, պետք է փորձել բոլոր քաղաքական ուժերին միավորել մեկ դաշինքում, այդտեղ պետք է միավորվեն ՀԿ-ներ, մշակութային միություններ, անհատներ, տնտեսագետներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ: Անկախ նրանից, թե որտեղ են ապրում հայերը՝ Հայաստանում, թե սփյուռքում, պետք է համախմբել մեկ միասնական դաշինքում: Եթե հանրությունը տեսավ, որ կա մի ուժ, որը կարող է վերցնել իշխանությունը եւ պատասխանատվություն ստանձնել երկրի աջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, ոտքի կկանգնի: Մենք կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով գարնանը տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համահայկական միասնական դաշինքը հաղթելու է ընտրություններում եւ վերցնելու է պատասխանատվություն՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Կան օրախնդիր հարցեր՝ Բերձորի միջանցքի բացում, արտաքին քաղաքականության հարցեր: Մենք ունենք ծրագրային հիմնադրույթներ: Շարժման ընթացքում կծնվի մեկը, որին մեր հանրությունը կդիտարկի՝ որպես պետության հաջորդ ղեկավար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ