Այսօր 15 հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ ու գործիչներ ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելով նոր շարժման մասին:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ պետք է ցույց տան, թե ինչ է նշանակում միասին գործելը ու ձգտելու են իշխանափոխության. «Մենք ազդարարում ենք, որ ամսի 20-ին, երբ լրանում է արցախյան ազգային ազատագրական պայքարի 35-րդ տարեդարձը, պարտավոր ենք նորից վերադառնալ այն օրերին, երբ մեր ժողովուրդն իրականում միավորված էր: Այս պահին, երբ որ այս իշխանության վարած քաղաքականության պայմաններում հայտնվել ենք պարտվածի դերում ժամանակավորապես, պետք է նորից վերսկսենք ազգային ազատագրական պայքարը՝ լուծելու համազգային խնդիրները»:
Արամ Սագսյանն ասաց, որ իրենք առաջարկում են միավորվել գաղափարների շուրջ, որոնք երեքն են, առաջինը՝ փրկել Արցախը, երկրորդը՝ արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվել, հստակ դաշնակիցներ գտնել եւ երրորդը՝ միասին լինելու գաղափարը: Արտաքին քաղաքականության հետ կապված Սարգսյանը կողմնորոշվել էր. «Իրավունք չունենք ՌԴ-ի հետ, որը պահպանում է մեր անվտանգությունը, գնանք թշնամանքի»:
Բանասեր Սերժ Սրապիոնյանն էլ հավելեց, որ գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը քիչ թե շատ բանական մարդը կհամարի կործանարար ու վտանգավոր. «Միտված է գործընկերներին վանելու եւ այդ գործընկերներից մեզ համար հակառակորդներ ստեղծելու ընթացքին»:
Կարդացեք նաև
Մյուս հարցերի շուրջ բանախոսները խոստացան առավել մանրամասն խոսել հանրահավաքի ժամանակ՝ իրենց ծրագրերը, ճանապարհային քարտեզը քննարկելով հանրության հետ: Նրանք վստահ են, որ իրենց շարքերը ստվարանալու են, օրեցօր իրենց են միանալու նորանոր ուժեր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ