Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ, ներազդման դեպքեր. լրատվական դաշտի հունվար ամսվա մոնիթորինգ

Փետրվար 15,2023 17:04

 2022 թվականի մարտ ամսից «Հանուն չորրորդ իշխանության» ՀԿ-ն տեղեկատվական դաշտում իրականացնում է մշտադիտարկում, որով յուրաքանչյուր ամիս ամփոփվում է լրագրողական դաշտում արձանագրված խախտումներն ու կարևոր իրադարձությունները: Հերթական մշտադիտարկման արդյունքները վերաբերում են 2023 թվականի հունվար ամսին:

Եւ այսպես՝

1.Պետական գերատեսչության կողմից թերացում տեղեկատվության տրամադրման/հաստատման հարցում։

Հունվարի 6-ին լուր տարածվեց, որ հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող «Ա․Ա․Բ  Պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը: Միջադեպի աղբյուրը Aravot.am կայքն էր: Պաշտոնական գերատեսչությունները ՊՆ, ԱԻՆ ոչ մի կերպ չարձագանքեցին լուրին։

2.Կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ։

Հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս էր կազմակերպել ԶԼՄ-ների հարցերին պատասխանելու նպատակով: Մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներ ասուլիսին հրավիրված չէին: Պատճառը պարզելու նրանց զանգերը կառավարություն մնացել են անպատասխան:

3.Հրապարակման համար լրատվամիջոցի նկատմամբ ճնշումների փորձ։

Հունվարի 20-ին TV5 հեռուստաալիքը հրապարակեց հունվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանի հրդեհի կադրերը: Վերոհիշյալ լրատվամիջոցի YouTube-յան էջում տեսանյութը դրված էր առանց փոփոխությունների, որտեղ լսվում էին գոռգոռոցներ: Հեռուստաալիքի այդ հրապարակումն արժանացավ հասարակության խիստ դժգոհությանը, անգամ եղան մարդիկ, որ դիմեցին ՀՌԱՀ ալիքը փակելու համար:

Սակայն հունվարի 21-ին ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ: Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է:

4.Լրագրողների գործունեության խաթարման եւ անձնական վիրավորանքի փորձեր:

Հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին հրաժարվել են պատասխանել ՊՆ բարձրաստիճան զինվորականությունը: ԳՇ պետը, ինչպես նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելը բղավեցին տեղում աշխատող լրագրողների վրա: Հավելենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչները բավական կոպիտ են արձագանքում լրագրողների հարցերին:

5.Հանրային հեռարձակման եթերից զրկելու վերաբերյալ «Երկիր Մեդիայի» հայցը վարույթ է ընդունվել, բայց միջնորդությունը՝ մերժվել։ Եթերը մինչև դատավարության ավարտն անջատված կմնա: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում որոշում կայացվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը զրկել հանրապետական սփռման արտոնագրից։

6.Արձանագրենք, որ Ազատ գյուղի տարածքում  զինվորական կացարանի հրդեհի տարածքում դրոնից լուսանկարներ հաջողվեց անել միայն fip.am՝փաստերի ստուգման հարթակին, որը հրապարակեց «Ազատ գյուղի «զորամասը» միակը չէ․ ինչ պայմաններում են ծառայում սահմանապահ զինվորները» վերլուծական նյութը: Armlur, Factor, Mediahub լրատվամիջոցների լրագրողներ տեղից հրապարակեցին հարցազրույցներ:

7.Հունվար ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվել:

«Հանուն Չորրորդ իշխանության» ՀԿ-ն շարունակում է աչալուրջ հետևել լրատվական դաշտում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին և ներհայաստանյան ու արցախյան բոլոր լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ անում ներկայացնել լրագրողների կամ կազմակերպության հետ առնչվող խոսքի ազատության, մասնագիտական գործունեության սահմանափակման և այլ դեպքերի հետ կապված իրավական ու էթիկայի բոլոր խախտումները: Առավել աղմկահարույց դեպքերին հրավիրվելու է պատկան մարմինների ուշադրությունը:

«Հանուն չորրորդ իշխանության» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728