Հայաստանը ծանր պահին զորակցություն հայտնեց և բարեկամության ձեռք մեկնեց Թուրքիայի բնակիչներին, և մենք շնորհակալ ենք Երևանին դրա համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նաև բարձր է գնահատել հայ փրկարարների աշխատանքը, որոնց հաջողվել է փլատակների տակից հանել ողջ մնացած մարդկանց: «Հայաստանից աղետի գոտի է ժամանել 28 փրկարար: Սկսած փետրվարի 8-ից՝ նրանք արդյունավետ աշխատանք են տարել և Ադյամանում փրկել մի փոքրիկ աղջկա և երիտասարդ մի բնակչի»,- ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով նաև, որ Հայաստանն աղետի գոտի է ուղարկել 100 տոննա հումանիտար օգնություն:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ մարդասիրական ոլորտում զորակցությունը «խթան կհանդիսանա Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի համար»: «Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսության առաջընթացն իր ներդրումը կունենա տարածաշրջանի կայունացման գործում: Եթե մեր երեք երկրներն էլ անկեղծ քայլեր ձեռնարկեն, ապա մենք կարող ենք հասնել երկարաժամկետ խաղաղության Հարավային Կովկասում»,- ասել է Չավուշօղլուն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև