Լրահոս
Օրվա լրահոսը

Դիզվառելիքը՝ աղի մեջ, ծխախոտը՝ բաճկոնում. Մեղրիի մաքսային կետ-բաժնում տարբեր ապրանքների անօրինական տեղափոխման դեպքեր են բացահայտվել

Փետրվար 15,2023 16:38

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժինը շարունակում է անընդմեջ պայքարն Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Վերջին ամիսներին Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները կանխել են  ծխախոտի անօրինական ներմուծման մի քանի դեպքեր։

Այսպես, երկու դեպքով Իրանից ժամանած՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 2 տղամարդու և 2 կնոջ ուղեբեռի զննման և անձնական զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված, ինչպես նաև մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 803 տուփ ծխախոտ՝ տեղադրված մարմինների վրա և բաճկոնի մեջ պատրաստված թաքստոցներում։

Իրանական և հայկական 3 բեռնատարի վարորդների խցիկներից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 1620 տուփ ծխախոտ, այդ թվում՝ առաստաղի մեջ նախապես պատրաստված թաքստոցից և բեռնատարի տակից։

Նշված դեպքերի կապակցությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 և 316-րդ հոդվածներով Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ:

Երկու այլ դեպքով էլ` Իրանից ժամանած հայկական բեռնատարի և իրանական ավտոբուսի վարորդների  կողմից փորձ է արվել ՀՀ ներմուծել համապատասխանաբար 9700 տուփ և 450 տուփ ծխախոտ, սակայն մաքսային մարմինները դրանք վերցրել են արգելանքի՝ օրենքով սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։

Մեղրիի մաքսակետի մաքսային ծառայողների ուշադրության կենտրոնում է գտնվում նաև դիզելային վառելիքի ապօրինի ներմուծման դեպքերի կանխումը։ Բացահայտված դեպքերից հատկապես ուշագրավ են Իրանից Հայաստան արդյունաբերական աղ, արմատուրա և մետաղալարեր փոխադրած 3 բեռնատարներում մաքսային հսկողությունից թաքցված դիզելային վառելիքի հայտնաբերման դեպքերը։

Դեպքերից մեկով դիզվառելիքով տարաները թաքցված են եղել աղի մեջ, իսկ մյուս երկու դեպքով էլ բեռնատարների հատակում գտնվող գաղտնարաններում։

Մեղրիի մաքսակետի աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև իրանական բեռնատարներով մաքսային հսկողությունից թաքցման եղանակով թանկարժեք դեղորայքի և համակարգչային տեխնիկայի ապօրինի ներմուծման դեպքեր։

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728