Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարժական հավաքների մեկնելու ծանուցագրեր են տրամադրում՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու. ՀՔԱՎ

Փետրվար 15,2023 16:23
zorakoch

2023 թ. փետրվարի 2-ին ուժի մեջ մտավ «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ Կառավարության թիվ 122-Ն որոշումը։

Ինչպես մինչ վերոգրյալ որոշման ուժի մեջ մտնելը, այնպես էլ այժմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։

Վերջիններս ահազանգում են, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (այսուհետ՝ ԶԶՀԾ) տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիներին տրամադրում են ծանուցագրեր վարժական հավաքների մեկնելու մասին՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու։

Հիշեցնենք, որ «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 405-Ն որոշման համաձայն՝ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելիս ԶԿԲՀները (ՀՀ զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողով)՝ իրականացնում են պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների ռազմաբժշկական փորձաքննությունը՝ զինվորական կոմիսարի կարգադրությամբ։

Քաղաքացիներն ահազանգում են, որ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում իրենց ենթարկում են թերի բժշկական զննությունների, իսկ քաղաքացիների ներկայացրած գանգատներին ի պատասխան հորդորում են  ներկայացնել սեփական միջոցներով իրականացված բժշկական զննությունների արդյունքները։ Մինչդեռ ՀՀ կառավարության 405-Ն որոշման համաձայն՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները պետք է ներառեն`

1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.

2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).

3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.

4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.

5) էլեկտրասրտագրումը.

6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.

7) տուբերկուլինային մաշկային փորձը:

Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասնեյակը վերստին ընդգծում է պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների, այդ թվում նաև՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների նկատմամբ բժշկական հետազոտությունների պատշաճ կատարման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է գիտակցի, որ վարժական հավաքների արդյունավետ կազմակերպման, դրանց նկատմամբ հանրային վստահության ձևավորման համար անհրաժեշտ պայման է հավաքներին ներգրավվողների մարդկային արժանապատվության, նրանց մարդու իրավունքների հանդեպ հարգանքի երաշխավորումը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728