«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ԵՄ դիտորդները հիմա էլ գալիս են Հայաստան, որպեսզի տեսնեն, թե Հայաստանն ու Ռուսաստանը արդյոք ագրեսիա նախապատրաստո՞ւմ են Ադրբեջանի դեմ, եւ այդ հայտարարությանը Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության կոշտ ու արդեն ոչ դիվանագիտական լեզվով արձագանքին, ասաց. «Ինչքա՞ն կարող է Ռուսաստանն այդ անհեթեթությունները տանել եւ կոռեկտ արտահայտվել: Ավելի կոշտ արձագանքեց ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, որը Ադրբեջանի Միլլի մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է զերծ մնալ եվրոպական կառույցներին, մասնավորապես, Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից: Նա նշեց, որ կարգավորումը պետք է իրականանա այն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից: Նա նաեւ նշեց, որ Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին ներգրավելուց առաջ պետք է տասն անգամ մտածել, նոր անել քայլ, քանի որ Ուկրաինայի եւ Հարավսլավիայի փորձը ցույց է տալիս, որ Արեւմուտքի հետ գործ բռնողը, ի վերջո, կանգնում է պետությունը կորցնելու վտանգի առջեւ: Եվ նա այս առումով ճիշտ է ասում:
Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց շուրթերից հնչած հայտարարությունները խոսում են այն մասին, որ այս տարվա փետրվարի 21-ից հետո մենք տեսնելու ենք որակապես այլ Ռուսաստան, որը պաշտպանվողականից դառնալու է հարձակվողական Ռուսաստան: Ընդ որում, շատ կոշտ եւ խիստ հարձակվողական: Դրա մասին վկայում է, մասնավորապես, փետրվարի 9-ին Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը, որտեղ նա Բայդենին ուղղակիորեն անվանեց տեռորիստ, իսկ Միացյալ Նահանգներին՝ փաստացի տեռորիստական պետություն՝ նշելով, որ Բայդենը եւ նրա հանցակիցները պետք է ենթարկվեն պատասխանատվության եւ փոխհատուցեն իրենց տեռորիստական ակտերից կրած վնասները բոլոր այն պետություններին, որոնք տուժել են:
Փետրվարի 13-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն տարածեց, որ Վաշինգտոնը նախապատրաստվում է Ալ-Քաիդայի եւ Իսլամական պետության գրոհայիններից խմբավորումներ ուղարկել հետխորհրդային պետությունների տարածքներ եւ Ռուսաստան՝ ահաբեկչական ակտեր իրականացնելու համար: Ընդ որում, նյութը վերնագրել էր այսպես. «Վաշինգտոնը մեկ շարք է կանգնում միջազգային ահաբեկիչների հետ»: Ռուսաստանը Միացյալ Նահանգներին որակում է ահաբեկչական պետություն եւ իր քայլերը կառուցում է այդ տրամաբանությունից ելնելով:
Ի՞նչ իմաստ ունեին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ ղեկավարների այս հայտարարությունները: Այն, որ հող է նախապատրաստվում փետրվարի 21-ին կայանալիք Պուտինի՝ Դաշնային Խորհրդին ուղղված ուղերձի համար: Եթե այս կարգի կոշտ հայտարարություններ են հնչում, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ելք է լինելու փետրվարի 21-ին: Ըստ կանխատեսումների՝ փետրվարի 21-ը լինելու է Ռուսաստանի ստրատեգիական հակահարձակման անցնելու հայտարարման օրը, որն անելու է հենց Պուտինը:
Կարդացեք նաև
Այսօր արդեն լուր եղավ, որ Ռուսաստանի դաշնային խորհուրդը եւ Պետդուման շտապ կարգով փետրվարի 22-ին նիստ են անցկացնելու: Այսինքն, այն նիստը, որը նախատեսված էր անցկացնել մարտի 1-ին, տեղափոխվում է փետրվարի 22: Սա նշանակում է, որ փետրվարի 21-ին Պուտինը որոշակի առաջարկներ է անելու, որոնք շտապ կարգով իրավական ամրագրման կարիք կունենան: Հավանական տարբերակներից մեկը Ռուսաստանի ռազմական դոկտրինի փոփոխությունն է, որտեղ կլայնացվեն այն շրջանակը եւ հնարավորությունները, որոնց դեպքում Ռուսաստանը իրավունք կունենա օգտագործել միջուկային զենք: Նորվեգիայի հետախուզությունը հայտարարել է, որ վերջին 30 տարիներին Ռուսաստանի ռազմական նավերը առաջին անգամ սկսել են օվկիանոս եւ ծով դուրս գալ միջուկային հրթիռներով:
Չի բացառվում, որ փետրվարի 21-ին դոկտրինի հետ միասին հայտարարվի նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին, որով Ռուսաստանը վերջնականապես կհրաժարվի միջազգային նորմերի գերակայությունից իր օրենքների նկատմամբ:
Դրանից հետո Ռուսաստանը նաեւ մյուս բոլոր ուղղություններով ցույց է տալու իր կոշտությունը, չի հանդուրժելու իր կողմից ոչ բարեկամական պետություններ համարվող Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գոյությունը հետխորհրդային տարածքում: Այնպես որ, եթե գլխներից ձեռք են քաշել, թող փորձեն այդ ԵՄ դիտորդական առաքելությանը բերել եւ տեղավորել: Եվ շատ շուտ Ռուսաստանի արձագանքը կերեւա»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչքան գռու ագենտուռա կա որ ակտիվացել են Հայաստանի դեմ դուրս եկել