Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի արժեքը դեռ չի հաշվարկվել, սակայն այն բոլորի համար հաստատագրված գումար է լինելու

Փետրվար 15,2023 13:54

Հայաստանում ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության փաթեթի վճարի չափը դեռեւս սահմանված չէ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով փաթեթի վճարին, ասաց՝ փաթեթի արժեքը կախված չի լինելու քաղաքացու եկամտից, այն բոլորի համար նույն հաստատագրված վճարն է լինելու, սակայն պետության սուբսիդավորումը կոնկրետ խմբերի համար տարբեր է լինելու․«Այս տարի կիրականացվեն այն ակտուարական հաշվարկները, որոնց հիման վրա մենք գրել ենք հայեցակարգը, դրանք կվերանայվեն, որովհետեւ երկու տարում բավականին բան է փոխվել գնային քաղաքականության մեջ, եւ դրանից հետո կունենանք փաթեթի արժեք»։ Ըստ նախարարի, փաթեթի արժեքը պարզ կլինի այս տարի։

«Քանի որ ապահովագրական վճարը կապված չի լինելու եկամտի չափի հետ, այն լինելու է հաստատագրված վճար , այսինքն, տարեկան ինչ-որ մի արժեք, որը բաժանվելու է ամսական վճարների, աշխատողների համար  այդ գումարները կգանձվեն նրա գործատուի կողմից։ Սա կգործարկվի այն դեպքում, եթե գործատուն ինքն է ցանկանում վճարել աշխատողի ապահովագրավճարը։ Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն եւ շահառու չեն հանդիսանում՝ հաշմանդամ չեն, Փարոս համակարգում 28 բալից ավելի չունեն, այն խմբից չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, ապա քաղաքացին ինքը ամսական պետք է վճարի։ Եթե քաղաքացին հայտարարագրի եկամուտները եւ պարզվի, որ միջին աշխատավարձից ցածր են եկամուտները, ապա պետությունը կսուբիսադավորի ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»,-ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ փաթեթը բավականին ընդգրկուն է, այն հիմնված է մեր երկրում հիվանդացության հիմնական բեռի վրա՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, նորագոյացություններ, շաքարախտ, նաեւ՝ դեղորայք, այդ թվում՝ քիմիաթերապեւտիկ դեղերը, որոնք հիմնական բեռն են հանդիսանում, քրոնիկ  հիվանդների դեղերը, որոնք եւս ֆինանսական մեծ բեռ են քաղաքացիների համար։

Ապահովագրական փաթեթը, ըստ նախարարի, ներառելու է նաեւ սկրինինգային ծրագրերը, կանխարգելիչ միջոցառումներ, տարեկան պարտադիր հետազոտություններ, ինչպես նաեւ՝ վիրահատական միջամտություններ․«Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, եւ եթե պետպատվերի շահառու չես, երկու- երեք միլիոն դրամ արժեցող վիրահատությունները դառնում են անհասանելի, խնդիրը լուծում են կամ հանգանակությունների միջոցով, կամ բարեկամների աջակցությամբ եւ այլն։ Այս թանկարժեք ծառայությունները եւս հասանելի են լինելու փաթեթի շրջանակներում»։

Հարցին՝ արդյոք նախարարը երաշխավորո՞ւմ է, որ ծրագիրը չի ձախողվի, Ավանեսյանը պատասխանեց՝ կառավարությունը քաղաքական կամք ունեցավ ընդունելու հայեցակարգը, եւ դա իրենից ընդհանուր թեզեր չի ներկայացնում, ծրագիրը կոնկրետ քայլերի հաջորդականություն է, որտեղ ներառվել են պետության պարտավորությունները, թե տարիների ընթացքում որքան են ուղղելու առողջապահական ծախսերին․«Ես վստահ եմ, որ հայեցակարգը կյանքի կկոչվի, արդեն գործուն քայլերով առաջ ենք գնում։ Առաջիկայում օրենքի նախագիծը պատրաստ կլինի, կդրվի հանրային քննարկման, ապա ԱԺ կուղարկվի։ Մարդիկ համակարգի կարիքն ունեն,  հարցումներն էլ դա են ցույց տալիս։ Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաջողի համակարգը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728