Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Նորմալ է Թուրքիային ցավակցություն հայտնելը, թեկուզ, փրկարար ուղարկելը, բայց չմոռանանք, որ 2020թ. եւ 2022թ.-ին Հայաստանի դեմ պատերազմում էր Թուրքիան»

Փետրվար 15,2023 13:28

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը «Հայելի» ակումբում այսօր խոսեց Հայաստան-Թուրքիա նոր ձեւաչափով հարաբերությունների, Spayka ընկերության բեռնատարներով Թուրքիային ցույց տրվող հումանիտար օգնության մասին:

«Եթե չեմ սխալվում Spayka-ի սեփականատերերի անունները Նիկոլ Փաշինյանը միշտ կապել է նախկինների հետ: Ու հետաքրքիր «սպայկա» է ստացվում, թե ինչպես պատահեց, որ նախկինների անվան հետ կապվող, նախկիններին ծառայած տվյալ ընկերությունը հիմա ակտիվորեն ծառայում է ներկաներին:

Եթե վերցնենք դիվանագիտական տեսանկյունից՝ շատ նորմալ է, որ որեւէ երկրի, առավել եւս՝ հարեւան երկրի աղետի դեպքում մեկ ուրիշ հարեւան պետք է փորձի օգնության ձեռք մեկնել, ցավակցություն հայտնել, եթե անգամ այդ հարեւաններն ունեն ոչ լավ հարաբերություններ: Այդպիսի քայլ արեց նաեւ Հունաստանը: Այսինքն, նորմալ է դիվանագիտական ժեստը՝  ցավակցություն հայտնելը, թեկուզ, փրկարար ուղարկելը: Բայց այս համատեքստում չմոռանանք, որ 2020 թվականին, կարելի է ասել, Հայաստանի դեմ պատերազմում էր Թուրքիան, ոչ թե Ադրբեջանը: Եվ թուրքական հատուկ ծառայությունները, Թուրքիայի կողմից բերված ահաբեկիչները, թուրքական բայրաքթարները, թուրք վարձկաններն էին, որ Արցախում կռվում էին մեր դեմ, դաժանաբար սպանում հայ զինվորներին եւ տարեց մարդկանց: Չմոռանանք նաեւ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի մասին, երբ էլի թուրք հատուկ ջոկատայիններն էին, որ, որ դաժանաբար սպանում էին հայ զինվորական կանանց:

Այս համատեքստում Արցախը Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակել են հենց թուրքերը: «Թաթոյան» հիմնադրամը շատ հստակ փաստեր է ներկայացնում, ինչպես են թուրքական «գորշ գայլեր» խմբավորման անդամները տեսանյութեր նկարահանում՝ երգում, որ գալիս են հայերին սպանելու եւ այլն եւ այլն: Սա անում են այն թուրքերը, որոնց Հայաստանի Հանրապետությունը օգնության ձեռք է մեկնում այսօր:

Հայաստանի Հանրապետությունը կարող էր անգամ ցավակցություն չհայտնել: Եթե մի փոքր հետ գնանք, հունվարի 28-ին մեր հարեւան եւ  բարեկամ Իրանում եւս երկրաշարժ եղավ: Ճիշտ է, փառք Աստծո, 35 հազար մարդ չմահացավ, բայց երկրաշարժը մնում է երկրաշարժ, Իրանն էլ միլիարդավոր դոլարների վնասներ կրեց: Մինչեւ այսօր Իրանը փորձում է հաղթահարել այդ ճգնաժամը: Բայց, բացի Ամենայն Հայոց Կաթողիկոսից, որեւէ բարձրաստիճան անձի կողմից ցավակցություն չեղավ: Հետեւաբար, եթե դու նման վերաբերմունք ես ցուցաբերում մի հարեւանի նկատմամբ, որը նաեւ բարեկամ է, իրավունք չունես ցավակցել եւ օգնության ձեռք մեկնել մի հարեւանի, որը թշնամի է»,-ասաց Նաիրի Հոխիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728