Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը լիրաժեք գործի դնելու համար սկսվում են առաջնային օղակի բարեփոխումները։ Այսօր հրավիրված ասուլիսում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ առղջապահական համակարգում առաջիկա հինգ տարիներին պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն, որպեսզի համակարգը պատրաստ լինի ապահովագրական համակարգի ներդրմանը եւ այն սահուն իրականացվի։
«Առաջին ուղղություններից մեկը՝ պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների որակի բարձրացումն է, մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացումը։ Սա վերաբերում է շենքային պայմաններին, ենթակառուցվածքների բարեփոխմանը, ծառայությունների բովանդակությանն ու որակի բարեփոխմանը։ Վստահեցնում եմ՝ այս ոլորտն առաջիկա տարիներին ամենադինամիկ փոփոխվող ոլորտն է լինելու»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ կապիտալ շինարարությունների ուղղվածության փոփոխություն է լինելու, մինչ այս կապիտալ ծախսերն 90 տոկոսով ուղղվել են միայն հիվանդանոցային բարեփոխումներին․«Այս տարվանից մեկնարկել է կապիտալ ծախսերի ուղղումը դեպի առաջնային օղակ։ Այս տարի հինգ պոլիկլինիկաներ կվերանորոգվեն եւ կվերազինվեն։ Գյուղական 20 ամբուլատորիաների ամբողջական, նոր կառուցվող շենքեր են լինելու, եւ դրանց արդիականացում է լինելու։ Նաեւ դոնոր կազմակերպությունների հովանավորությամբ երեք ամբուլատորիաների նախագծման եւ շինարարության աշխատանքներ են սկսվել։ Երեւան քաղաքն առանձին իր բյուջեի շրջանակներում է պլանավորում պոլիկլինիկաների վերանորոգում ու վերազինում իրականացնել»։
Ավանեսյանի վստահեցմամբ՝ բժշկական ծառայությունների որակի բարձրացում է նախատեսվում․«Դա վերաբերում է բժշկական ծառայությունների լիցենզավորման պահանջների խստացմանը, դրանց ներդաշնակեցմանն ու միօրինականացմանը, նաեւ մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջների խստացմանը։ Այս տարվա հունվարի 1-ից գործում է հավաստագրման ինստիտուտը, մեր բժիշկները պարտավոր են հինգ տարվա ընթացքում անընդհատ մասնակցել դասընթացների, հավաքել կրեդիտներ, թարմացնել գիտելիքներն ու հմտությունները»։
Կարդացեք նաև
Բացի այս, ներդրվելու է բժիշկների լիցենզավորման ինստիտուտը։
Նախարարը հիշեցրեց՝ առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է փուլային եղանակով․ այս տարի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվելու, մյուս տարի պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել ապահովագրական համակարգը․«Կունենանք միասնական, առանց աղճատման շահառուների խումբ, ծառայությունների քանակ եւ շրջանակ՝ մեկ ապահովագրական փաթեթ պետության կողմից ապահովագրված շահառուների համար։ Ապա կսկսի գործել կամավոր ապահովագրությունն այն քաղաքացիների համար, որոնք ամսական վճարումների միջոցով կարող են ներգրավվել համակարգին, պետությունն էլ կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտներ ունեցողների համար սուբսիդավորման համակարգ ներդնել։ 2025-ից պետությունը ծրագրում կներառի թոշակառուներին»։
Արդեն 2027-ից , ինչպես ծրագրել է կառավարությունը, նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ մեր երկրի բոլոր քաղաքացիների համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ