Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ինտրիգ է թաքնված Արցախում սահամանադրական փոփոխությունների տակ

Փետրվար 15,2023 15:30
arcax

Արցախի Սահմանադրական փոփոխությունների ոդիսականը եւ Արցախի հիմնադրամի ծախսերի հնարավոր բացահայտումները

Նախօրեին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, հիշեցնենք, Արցախում ձեւավորվեց անցյալ տարի՝ 2022 թվականի հունվարի 31-ին՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով: Դրան նախորդել էին մամուլի արտահոսքերն այն մասին, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել. նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին անվստահություն հայտնել, արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել: Բարեփոխումների առանցքային հարցերից մեկն էլ ԱԺ-ի եւ նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումն էր: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների արդյունքում էր եկել այդ եզրակացության: Արայիկ Հարությունյանի առաջարկը թեեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի համար միանշանակ ընդունելի չէր, սակայն, նկատի ունենալով հնարավոր վտանգները եւ ելնելով դրանց չեզոքացման անհրաժեշտությունից, համաձայնվել էին դրա հետ: Սակայն, նոյեմբերի 22-ին, Արայիկ Հարությունյանը դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանել շրջանառությունից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, որոշման համար պատճառ են հանդիսացել ԱՀ սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Արդեն խորհրդարանում, նիստի ժամանակ, Արայիկ Հարությունյանն ասաց. «Երբ ասում ենք, որ հասարակության կողմից թյուրըմբռնում կա, նշեմ, որ իմ կողմից եղել է մեկ հոդվածով փոփոխություն, որը, մինչեւ այսօր համարում եմ, որ ամենաճիշտ տարբերակն է, այնպես չէ, որ հետ եմ կանգնել։ Բայց ինձ համար նաեւ երկրի ներքին կայունությունն ավելի կարեւոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը։ Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որեւէ բան չի ավելացնելու, եւ Սահմանադրությունը չփոխելով՝ մեր երկիրը չի քանդվելու»:

Թե ինչո՞վ էր պայմանավորված Արայիկ Հարությունյանի նոր, հրատապ նախաձեռնությունը՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության վերաբերյալ, «Առավոտի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն այսպես բացատրեց. «Ինքներդ նշեցիք, որ այս փոփոխությունը ներկայացվել է հրատապ կարգով. նախագահը հաշվի է առել Արցախում ռազմաքաղաքական իրավիճակը, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները, այն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախը եւ որոշել է գնալ այդ քայլին, որպեսզի ռազմական դրության ժամանակ, այս կամ այն պատճառով նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մենք սահմանադրական ճգնաժամ չունենանք Արցախում»: Դիտարկմանը՝ տարբեր խոսակցություններ են պտտվում Արցախում ներքաղաքական խնդիրների սրման մասին, այսպես ասենք, նման ոչ կոնսենսուսային իրավիճակում այս դրույթի փոփոխությունն ի՞նչ նպատակ է հետապնդում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նախագիծն ուղարկվել է խորհրդարան, որտեղ ներկայացված են տարբեր քաղաքական ուժեր եւ ինքը հուսով է, որ հարցի պատասխանն այդ քննարկումներում կտրվի:

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչի՞ հետեւանք է եւ ո՞ւր է տանելու սահմանադրական բարեփոխումների գործընթացից այդ մեկ դրույթի առանձնացումը եւ հրատապ կարգով խորհրդարան ներկայացնելը, մանավանդ Արցախում կարծես ներքաղաքական հակասությունների սրման փուլ է, ասաց, որ հիմա հստակ գնահատականներ չի տա, քանի որ ամեն ինչ շատ հեղհեղուկ վիճակում է, այդ թվում նաեւ Արցախի ներքաղաքական կյանքը. «Բայց նախագահի այս քայլին գնահատական կարող եմ տալ եւ դա բացասական է, որովհետեւ բացարձակ նպատակահարմարություն չկա այսպիսի քայլերի գնալ, այն պարագայում, երբ բավականին երկար ժամանակ, բավական մեծ խմբերով եւ լուրջ աշխատանք է տարվել սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, որպեսզի այնպիսի Սահմանադրություն ունենանք, որը մեր իրավիճակում գտնվող երկրի համար միշտ ունենալու է լուծումներ: Ընդամենը այդ մեկ հոդվածի փոփոխության շտապողականությունը, բանական տրամաբանության շրջանակներում, խոսում է այն մասին, որ ինչ-որ ինտրիգներ են հյուսվում եւ ինչ-որ քայլեր է փորձում այդպիսով անել նախագահը, որոնք Արցախի քաղաքական դաշտը միանշանակ չի ընդունելու. խոսքս մեկ-երկու ուժի մասին չէ, կարծում եմ, բավական շատ ուժեր սա չեն ընդունելու՝ հասկանալով նաեւ դրանից բխող եւ վտանգները, քանի որ դա նորից ինչ-որ ցնցումների կբերի ու կխաթարի ստեղծված փխրուն միասնականությունը: Հետեւաբար, դա ընդունելի չէ, ընկալելի չէ եւ ճիշտ չէ այս իրավիճակում, մանավանդ որ, մենք սահմանադրական ընդհանուր փոփոխությունների՝ ողջ տեմպով ընթացքի մեջ ենք, որը հետագայում հանրաքվեով պիտի ընդունվեր»:

Մամուլում արտահոսք եղավ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը վերջերս Մոսկվայում են եղել. Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ կապ տեսնո՞ւմ է այդ այցելությունների եւ սահմանադրական տվյալ նորմի փոփոխության մեջ: Հստակ պատասխաններ մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող տալ, քանի որ զուտ եզրահանգումներ ունի. «Բայց, նաեւ հնարավոր կապը չեմ կարող բացառել՝ լավ ճանաչելով Արայիկ Հարությունյանին: Այս ընթացքում Ռուբեն Վարդանյանը նաեւ բավականին մեծ աշխատանք տարավ Արցախում սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ: Այսինքն, այն անհանգստությունները, որոնք կան հանրության շրջանում արդեն տեւական ժամանակ եւ ոչ անհիմն, որ Արցախի հիմնադրամի միջոցները ծախսվում են ոչ նպատակային, տրվում են անհասկանալի մարդկանց, նաեւ անհասկանալի պայմաններով եւ դա որեւէ կերպ օգուտ չի բերում Արցախի Հանրապետությանը, հակառակը, հարստացնում է ինչ-որ անհատների, այն էլ այս իրավիճակում: Վերջերս նաեւ խոսակցություններ էին գնում այն մասին, որ հիմնադրամում ստուգումներ են կատարվելու, ինչից հետո բացահայտումներ կլինեն: Մենք անընդհատ լսում էինք, թե Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչներն ինչպես էին դժգոհում Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելուց, ինչ վայնասուն է այդ առիթով բարձրացրել Ադրբեջանը, որն առ այսօր չի դադարում. այսինքն, ստացվում է, որ այսօր Արցախի իշխանությունում կա մարդ, անհատ, պաշտոնյա, որը պատրաստ է պայքարել հանուն Արցախի եւ պայքարել տարբեր ուղղություններով՝ հաստատել սոցիալական արդարություն, արտաքին քաղաքականության մեջ դերակատարում ունենալ եւ իրավիճակները փոխել հօգուտ Արցախի եւ Հայաստանի, ինչը մեծ խառնաշփոթ առաջացրեց եւ շատերի ծրագրերը խառնեց ու ելնելով դրանից, կարծում եմ, փորձում են կարգավորումներ անել, ինչի շուրջ առաջին հերթին պետք է նաեւ խորհրդակցեին ՌԴ քաղաքական վերնախավի հետ, ինչն էլ հավանաբար փորձ է արվել անել: Հստակ տեղեկություններ չունեմ, ինֆորմացված չեմ, այդ այցելություններից հետո պատգամավորների հետ հանդիպումներ չեն եղել դեռեւս, շատ հույս ունեմ, որ հանդիպումներ կլինեն եւ պատշաճ տեղեկատվություն կտրվի, այլապես ստիպված ենք ասեկոսեների եւ ենթադրությունների վրա հիմնվել: Բայց, կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր ուղղությունը եւ, ցավոք, այդ ուղղությունները տարբեր են. ես ցավով եմ դա նշում, որովհետեւ Արցախում չպիտի այդպես լինեին: Գոնե այս պարագայում, այս իրավիճակում, բոլորը պետք է նայեն մի ուղղությամբ եւ միեւնույն կետի»:

Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Արթուր Մոսիյանն էլ ստեղծված իրավիճակում այդ հարցի օրակարգ բերելուն «շատ խորհրդավոր» է նայում: Առանձնացված դրույթը սահմանադրական բարեփոխումների նախագծում կար, իր համար այդ փոփոխությունը հասկանալի էր՝ ընդհանուր տրամաբանության մեջ: Այժմ նման խտրական վերաբերմունքն իր համար էլ ավելի շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները փորձելու է պարզել, հետո նոր կարծիք ձեւավորել:

Արցախի խորհրդարանի իշխող՝ «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության պատգամավորներից այս առիթով մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728