Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Ձեռներս ծալեմ նստե՞մ, ինչ է թե որոշ լրատվամիջոցներ կարող են դա որակել որպես քարոզարշավ․ «Հրապարակ»

Փետրվար 15,2023 10:40

Խոսակցություններ են տարածվում, թե իշխանությունը մտադիր է Երեւանում գնալ արտահերթ ընտրությունների, որ օր առաջ քաղաքապետ դարձնի իր սրտի թեկնածուին՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Երեկ ավագանու նիստին զրուցեցինք Տիգրան Ավինյանի հետ։

– Մամուլում գրվեց, որ գործող քաղաքապետը հնարավոր է ժամկետից շուտ հրաժարական տա, որպեսզի գնաք արտահերթ ընտրությունների։ Հավանաբար, իշխանությունները շտապում են Ձեզ քաղաքապետ դարձնել։ Ի՞նչ կասեք։

– Ես կասեմ, որ մամուլում գրեթե ամեն ամիս բամբասանքի մակարդակի տարատեսակ տեղեկատվություններ հրապարակվում են, եւ ամեն ամիս ընտրությունների նոր ժամկետ է հայտարարվում։ Բայց, ընդհանուր առմամբ, մեր գործողությունների եւ, առհասարակ, մեր գործողությունների ծրագրում որեւէ էական փոփոխություն այս պահի դրությամբ չկա։

– Ասում են, որ անձամբ Ձեր ռեյտինգն ու Ձեր քաղաքական թիմի ռեյտինգը նվազել է, եւ հիմա փորձում են հնարավորինս նպաստավոր շրջանում գնալ ընտրությունների։ Դուք Ձեր ռեյտինգի մասով ի՞նչ կասեք։

– Մենք ունենք նմանատիպ հետազոտություններ, եւ, իրականում, ես դեռեւս մամուլում չեմ տեսել իրական թվերը արտացոլված, որոնցով իրապես խորքային հետազոտություն է հրապարակվում։ Նման թվեր չեմ տեսել, բայց մենք թվերին տեղյակ ենք։

– Դուք ասում եք, որ կարեւոր չէ ռեյտինգը, բայց տարօրինակ չէ՞, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Դուք եք, բայց գործող քաղաքապետը Ձեզնից բարձր ռեյտինգ ունի։ Սա չի՞ խանգարի կամ վնասի հետագա ընտրարշավին։

– Նորից ասեմ՝ մենք որեւէ խնդիր չենք տեսնում ո՛չ ռեյտինգի հետ կապված, ո՛չ գալիք ընտրությունների հետ կապված։ Մենք էս պահի դրությամբ անում ենք մեր աշխատանքը եւ, անկեղծ ասած, ընտրությունների վերաբերյալ քննարկումներ էլ չունենք էս պահի դրությամբ։ Մենք հայտարարել ենք թեկնածուի մասին շատ վաղուց, բայց դրանից այն կողմ ընտրությունների վերաբերյալ որեւէ աշխատանք կամ գործողություն չենք անում։ Մենք անում ենք էն աշխատանքը, որը պետք է անենք, եւ ես, մասնավորապես, որպես Երեւանի փոխքաղաքապետ, մասնավորապես՝ շինբարեկարգման գծով, մշակույթի գծով, վարչական շրջանների համակարգման գծով, ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի գծով, եւ այս տարի գարնանն ահռելի մեծ ծավալի աշխատանքներ ունենք նախատեսած։

– Ձեզ քննադատում են, որ Դուք, օգտագործելով պաշտոնը, լատենտ ձեւով նախընտրական քարոզարշավ եք իրականացնում։ Ճիշտ է, Դուք ասում եք, որ փոխքաղաքապետ եք, եւ դա Ձեր պարտականությունների մեջ է մտնում, բայց, միեւնույն է, Ձեր արած ֆոտոսեսիաները, տարբեր հրապարակումները, հանդիպումներն ավելի շատ չհայտարարված քարոզարշավի են նմանվում։ Եվ հիմա Դուք, փաստորեն, առավելություն ունեք մյուս՝ դեռեւս չհայտարարված թեկնածուների նկատմամբ։

– Ես էս հարցին բազմաթիվ անգամ պատասխանել եմ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ պետք ա անեմ, չաշխատե՞մ։ Այսինքն՝ էն, ինչը որ բավականին մեծ ծավալի աշխատանք եւ պարտականություններ ունեմ ես իմ վրա դրված, ձեռներս ծալեմ նստե՞մ, ինչ է թե որոշ լրատվամիջոցներ կարող են դա որակել որպես քարոզարշավ։ Ես կարծում եմ՝ դա սխալ կլինի իմ կողմից, եւ էն, ինչը ես պարտավոր եմ անել, իսկ ես պարտավոր եմ անել շատ բաներ՝ մեծ ծավալի պարտականություններ ունեմ, ես փորձում եմ իրականացնել, հուսով եմ՝ լավ եւ պատշաճ ձեւով, եւ հուսով եմ՝ էդ աշխատանքը գնահատվում է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728