Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԽՔ-ն ընդդեմ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի

Փետրվար 15,2023 10:14

ՀՀ ԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը 2023թ. փետրվարի 14-ին ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության շուրջ, սա է հայկական կողմի մոտեցումը:»:

Անհրաժեշտ է նշել, որ նման մոտեցումը հակասում է վերջերս ընդունված միջազգային իրավական ակտերից մեկին:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման մասին» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ Գլխավոր ասամբլեան «հաստատել է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը… հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն:
2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այս իմաստով ամենևին էլ պատահական չէ, որ թե՛ «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և թե՛ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային դաշնագրերի 1-ին հոդվածներում սահմանված է հետևյալը. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:»:

Այսպիսով, Արցախի կարգավիճակի փոխարեն Արցախի հայության իրավունքներն ու անվտանգությունն առաջնահերթ համարելու մասին Արմեն Գրիգորյանի՝ վերը մեջբերված հայտարարությունը հակասում է 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված վերոնշյալ ռեզոլյուցիային (որոշմանը):

Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:

Ասվածն ավելի առարկայական է դառնում Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածի՝ օկուպանտ Ադրբեջանի կողմից արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել են Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով:

Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար:

Հետևաբար, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:
Ինչ վերաբերում է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծման մասին Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ապա հարկ է նշել, որ կարիք չկա ստեղծելու նման մեխանիզմ, քանի որ այդպիսի մեխանիզմ վաղուց գոյություն ունի՝ սկսած 1997թ. փետրվարի 14-ից, և այն հանդիսանում է միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտը, որը կոչված է զբաղվելու ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորմամբ: Նշված ինստիտուտը լուծարված չէ և դե յուրե գործում է մինչ օրս:
Հայաստանի Հանրապետության կողմից հարկ է ձեռնարկել անհրաժեշտ և բավարար քայլեր՝ վերսկսելու բանակցություններն այս մեխանիզմի շրջանակում եռակողմ՝ Արցախ, Հայաստան, Ադրբեջան, ձևաչափով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ հիմք ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ հաշվի առնելով

• արցախահայության կամարտահայտությունը, այն է՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը (անկախության հանրաքվե 10.12.1991թ.),
• հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
• Ադրբեջանի՝ արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական սպառնալիքը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728