Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարողանալ ասել «ոչ» եւ ունենալ ռազմավարություն

Փետրվար 15,2023 10:00

Թե՛ անհատները եւ թե՛ պետությունները կարող են լինել օբյեկտ եւ սուբյեկտ: Երկու դեպքում էլ սուբյեկտը նա է, ով կարողանում է, իրավունք եւ հնարավորություն ունի ասելու «ոչ»: Ընդ որում՝ այդ «ոչ»-ը կարող է ուղղված լինել ոչ միայն մրցակցիդ, թշնամուդ, հակառակորդիդ, այլեւ՝ ընկերոջդ, դաշնակցիդ, բարեկամիդ:

Երբ դու Պրահայում, Բրյուսելում եւ Վաշինգտոնում ասում ես «այո», Մոսկվայում եւ Սոչիում նույնպես ասում ես «այո», իմանալով, որ այդ երկու կենտրոններն իրար հանդեպ թշնամաբար են տրամադրված, դա նշանակում է, որ դու չես վաստակել «ոչ» ասելու իրավունքը: Բայց բոլորին դրական պատասխան տալու դեպքում հարցը մտնում է փակուղի եւ առաջացնում է երկու կողմերի դժգոհությունը. ռուսներինը՝ բացահայտ (վկա՝ սկզբից Լավրովի, իսկ վերջերս՝ Վոլոդինի հայտարարությունները), իսկ Արեւմուտքինը՝ շատ ավելի զուսպ արտահայտված:

Երկրորդ հանգամանքը, որը ցանկացած մեկին սուբյեկտ է դարձնում, ռազմավարություն ունենալն է: Մեծ հաշվով՝ համաշխարհային քաղաքականության մեջ ռազմավարությունն այնպիսի մի բան է, որը մշակում եւ իրականացնում են վերպետական կառույցները: Միակ նման կառույցը, որը ձեւականորեն «պետություն» է կոչվում, Վատիկանն է, որի տարածքը շատ փոքր է, իսկ գաղափարների ազդեցությունը՝ հսկայական: Մնացած դեպքերում ռազմավարական ծրագրերը՝ պանթուրքիզմը, իսլամիզմը, սիոնիզմը, անգլո-ամերիկյան ազատական նախագիծը, «Երրորդ Հռոմը» եւ այլն, իրականացվում են մեծ հաշվով պետություններից դուրս գտնվող ուժերի կողմից: Ճիշտն ասած՝ թվարկած (եւ հնարավոր այլ) ոչ մի նախագծում ես մեզ՝ հայերիս չեմ տեսնում:

Արդյոք մենք (նկատի ունեմ, բնականաբար, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ հայությանը) ունե՞նք այնքան ներուժ եւ ամբիցիաներ, որ կարողանանք աշխարհին ներկայանանք մեր սեփական նախագծով: Դրա մասին պետք է մտածեն ոչ թե պետության ղեկավարները, ոչ էլ նրանք, ովքեր հավակնում են ղեկավարելու, այլ՝ մտավորական շրջանակները:

Բայց պետության վերնախավից մենք իրավունք ունենք պահանջելու, որ նրանք րոպեն մեկ դիրքորոշումը չփոխեն: Նույն՝ Արցախի հարցում: Պատերազմից առաջ առավելապաշտ, անզիջում դիրքորոշում («Արցախը Հայաստան է եւ վերջ», «Նոր պատերազմ, նոր տարածքներ»), պատերազմից անմիջապես հետո՝ «Արցախի ինքնիշխանություն», «Անջատում՝ հանուն փրկության», իսկ հիմա՝ «տարածքում ապրող հայերի իրավունքներ եւ անվտանգություն»:  Այդ «էվոլյուցիան», մեղմ ասած, ոչ «սոլիդ» տպավորություն է թողնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    զիջումների բացառեալ «ռազմավարութեան» բնական – եւ անսահման – հոլովոյթն է

    Փաշինյանը ինքն իր ըսածները եթէ մի քիչ մտիկ ընէր գոնէ…
    «հաղթանակը՝ սրտում, հոգում եւ գլխում» է…
    «աղքատությունը՝ գլխում է»

    պարտութ՛իւնն էլ նոյնպէս, Պարոն վարչապետ…
    հոգիի աղքատութիւնն էլ, նոյնպէս…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728