Ինչպես հայտնի է, շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի ուշադիր պետք է լինեն սննդամթերքների ընտրության հարցում։ Իհարկե, սննդաբաններն ամենևին էլ շատ խիստ արգելքներ չեն դնում՝ թույլատրելով ժամանակ առ ժամանակ ճաշակել ոչ օգտակար մթերքներ՝ միայն թե քիչ քանակությամբ։ Իսկ ընդհանուր առմամբ, սննդատեսակների հարցում ճիշտ ընտրությունը կօգնի վերահսկել հիվանդությունն ու բարելավել կյանքի որակը։ Մենք առանձնացրել ենք շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար օգտակար ու վնասակար մթերքները՝ դրանք պայմանականորեն անվանելով «լավագույն» ու «վատագույն»։
Ածխաջրեր, օսլա
Օրգանիզմն ածխաջրերի կարիք, անշուշտ, ունի, իսկ ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն։
«Լավագույն» ընտրությունը
- Ամբողջահատիկ մթերքներ, ինչպիսիք են շագանակագույն բրինձը, վարսակը, սագախոտը (քինոա), կորեկը կամ հավակատարը (ամարանտ),
- շոգեխաշած քաղցր կարտոֆիլը (բատատ),
- ամբողջահատիկ հացահատիկեղենից պատրաստված սնունդը՝ առանց շաքարի կամ շաքարի նվազագույն օգտագործմամբ։
«Վատագույն» ընտրությունը
Կարդացեք նաև
- Վերամշակված հատիկավորները, օրինակ՝ սպիտակ բրինձը կամ սպիտակ ալյուրը,
- շաքարի մեծ քանակություն պարունակող թխուկները, որոնցում որոշ քանակությամբ ամբողջահատիկներ են ներառված,
- սպիտակ հացը, խմորեղենը,
- տապակած կարտոֆիլը,
- սպիտակ ալյուրից պատրաստված և տապակված բլիթները։
Բանջարեղեն
Բանջարեղենը, լինելով վիտամինների, հանքանյութերի ու բջջանյութի հրաշալի աղբյուր, շատ օգտակար է բոլորի համար, բայց բանջարեղենի որոշ տեսակներ հարուստ են նաև ածխաջրերով, ուստի այս դեպքում ևս դիաբետ ունեցող մարդիկ պետք է մտածեն ճիշտ ընտրություն կատարելու մասին։
«Լավագույն» ընտրությունը
- Թարմ և սառեցված բանջարեղենը, որը սովորաբար հում վիճակում են օգտագործում կամ թեթևակի ջերմային մշակման ենթարկում։
- Գունավոր բանջարեղենը՝ մուգ-կանաչ (սպանախ, ռուկոլա), կարմիր կամ նարնջագույն, մանուշակագույն երանգավորում ունեցող, սպիտակ սոխը։
«Վատագույն» ընտրությունը
- Աղի բարձր պարունակություն ունեցող բանջարեղենային պահածոները, թթու վարունգը, թթվեցրած կաղամբը (եթե կա աղից խուսափելու ցուցում զարկերակային ճնշման բարձրացումը կանխելու համար)։
- Տարատեսակ սոուսների, պանրի համադրությամբ տապակված բանջարեղենը, մասնավորապես կարտոֆիլը։
Մրգեր
Ինչպես և բանջարեղենը, մրգերը սննդանյութերի անսպառ աղբյուր են, բայց և ավելի շատ ածխաջրեր են պարունակում, քան բանջարեղենը։
«Լավագույն» ընտրությունը
- Թարմ մրգերը՝ չափավոր քանակությամբ,
- սառեցված կամ առանց շաքարի պահածոյացված մրգերը, հատապտուղները,
- առանց շաքարի պատրաստված խնձորի պյուրեն։
«Վատագույն» ընտրությունը
- Շաքարի խիտ օշարակում պահածոյացված մրգերը,
- բանանը, սեխը, ձմերուկը, թուզը,
- չրեղենը,
- սովորական մուրաբաները,
- շաքար պարունակող մրգային հյութերը։
Սպիտակուցներ
«Լավագույն» ընտրությունը
Ամերիկյան դիաբետի ասոցիացիան խորհուրդ է տալիս՝
- Բուսական սպիտակուցները, ինչպիսիք են լոբազգիները, սերմեր ու տոֆուն, ընդեղենը,
- ձկնեղենն ու ծովամթերքը,
- թռչնամիսը, հատկապես կրծքամիսը (միսը պետք է ազատել կաշվից),
- հավկիթը, անյուղ կաթնամթերքը,
- տավարի անյուղ միսը։
«Վատագույն» ընտրությունը
- Տապակած միս,
- խոզապուխտ,
- պանիր,
- տապակած ձուկ,
- խոզի ճարպով տապակած լոբին։
Կաթնամթերք
«Լավագույն» ընտրությունը
- 1% յուղայնությամբ կամ անյուղ կաթ,
- անյուղ յոգուրտ,
- անյուղ կաթնաշոռ, թթվասեր։
«Վատագույն» ընտրությունը
- Բարձր յուղայնությամբ կաթնամթերք,
- պաղպաղակ։
Ճարպեր, ձեթեր, քաղցրեղեն
«Լավագույն» ընտրությունը
- Բուսական յուղերի բնական աղբյուրները, ինչպիսիք են ընդեղենը, սերմերը կամ ավոկադոն,
- օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքները
- բուսական յուղերը՝ ձիթայուղը, խաղողի կորիզի յուղը, կանճրակի յուղը։
«Վատագույն» ընտրությունը
- Տրանսճարպեր պարունակող բոլոր մթերքները,
- հագեցած ճարպեր պարունակող մթերքները։
Ըմպելիքներ
Սիրելի ըմպելիքների միջոցով ավելորդ կալորիաներ, շաքար ստանալը շատ հեշտ է, ահա թե ինչու է պետք ուշադիր լինել հատկապես ըմպելիքների ընտրության հարցում։
«Լավագույն» ընտրությունը
- Սովորական կամ հանքային ջուր,
- ոչ քաղցր թեյ կիտրոնով կամ առանց կիտրոնի,
- բաց գույնի գարեջուր, չոր գինի և ոչ մրգային կոկտեյլներ՝ չափավոր քանակությամբ,
- սև դառը սուրճ, որին կարող եք անյուղ կաթ ավելացնել։
«Վատագույն» ընտրությունը
- Գազավորված ըմպելիքները,
- մուգ գույնի գարեջուրը, մրգային կոկտեյլները, քաղցր գինիները,
- քաղցր թեյը,
- սերուցքով ու շաքարով սուրճը,
- շոկոլադե ըմպելիքները
- էներգետիկ ըմպելիքները։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ www.webmd.com, ներզատաբան Մարիամ Հայրապետյան