Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում անպտղությունը համազգային խնդիր է. պատճառներն ու աշխարհագրությունը

Փետրվար 15,2023 14:30

Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տարիներին աճում է։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ իրականացված հետազոտության տվյալներով՝ մեր երկրում անպտղության ցուցանիշը 16.8% է, իսկ նախորդ՝ 2014-ի հետազոտության տվյալներով այդ ցուցանիշը 12.2% էր։ Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած սահմանային առավելագույն շեմը 15% է, ընդ որում, այս ցուցանիշն արդեն իսկ բնորոշվում է ճգնաժամային, որն ազդեցություն է ունենում ժողովրդագրության վրա։  Ըստ հետազոտության հեղինակների, մեր երկրում անպտղության խնդիրը ոչ թե բժշկակենսաբանական է, այլ՝ սոցիալ–բժշկական:

Անպտղության ախտորոշման, պատճառների, տղամարդկանց անպտղության եւ սեռական խնդիրների մասին զրուցել ենք «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ:

-Ի՞նչ է անպտղությունը։ Ամուսնությունից քանի տարի անց երեխա չունենալու դեպքում պետք է անհանգստանալ եւ դիմել բժշկի: Օրինակ՝ նախկինում ամուսնությունից մի քանի ամիս հետո զույգին հարցնում էին՝ նորություն չունե՞ք, հիմա այդ հարցն ավելի ո՞ւշ են տալիս:

-Մեկամյա ժամկետը սահմանված է՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա: Ապացուցված է, որ առողջ ամուսնական զույգերի 30%-ի մոտ հղիանալ ստացվում է համատեղ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում, 60%-ի մոտ՝ առաջին 7 ամիսների ընթացքում, իսկ մնացած 10%-ի մոտ՝ սեռական կյանք սկսելուց 11-12 ամիս հետո: Այսպիսով՝ մեկ տարին բավարար ժամկետ է գնահատելու համար զույգի պտղաբերությունը եւ հղիության բացակայության դեպքում խոսել անպտղության մասին:

Անպտուղ համարվում է այն զույգը, երբ առանց հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման հղիություն չի առաջանում կանոնավոր սեռական կյանքի առաջին տարում:

Նախկինում սերունդ չունենալու պատճառով հաճախ մեղադրում էին միայն կնոջը: Հիմա արդեն հաստատված է, որ անպտղության համար հավասարապես կարող է «մեղավոր լինել» թե՛ կինը, թե՛ տղամարդը:

– Կցանկանայի անդրադառնայիք թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց անպտղության պատճառներին։ Արդյոք անպտղությունը երիտասարդացել է:

-Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության պատճառները բազմաթիվ են, եւ տարեցտարի վիճակը ավելի է բարդանում` էկոլոգիայի ազդեցությունը, սթրեսային վիճակների առատությունը, վնասակար սովորությունները, եւ իհարկե, ամենակարեւորը` չցանկանալ ժամանակ հատկացնել հիվանդության կանխարգելման համար:

Պատճառները հասկանալու համար պետք է ասենք, որ տղամարդկանց անպտղությունը լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղությունը, երբ առկա է բեղմնավորման անկարողունակությունը, առնչվում է սերմնահեղուկի (սպերմա) ախտաբանական փոփոխությունների հետ, պայմանավորված է սերմնաբջիջների ոչ բավարար քանակությամբ եւ շարժունակության պակասով, երբեմն էլ դրանց լրիվ բացակայությամբ: Պատճառները բազմազան են, բայց դրանցից առավել վտանգավոր են հորմոնային խանգարումները, քրոնիկական թունավորումները, այսպես կոչված, մասնագիտական վնասակարությունները, զարգացման բնածին արատները: Տղամարդկանց անպտղության հաճախակի հանդիպող պատճառներից են կրիպտորխիզմը (գաղտնամորձություն), երբ ամորձիները մնում են որովայնի խոռոչում եւ չեն իջնում ամորձապարկ եւ սերմնատար երակների լայնացումը (վարիկոցելե), որը պայմանավորված է երիկամային երակում ճնշման բարձրացումով. Օրինակ՝ դրա նեղացման դեպքում, ինչը հանգեցնում է արյան հակառակ հոսքին ամորձաերակում եւ սերմնատար երակների լայնացման:

Երկրորդային անպտղությունը, որպես օրենք, սեռական օրգանների հիվանդությունների (ամորձիների, շագանակագեղձի բորբոքում), այդ թվում նաեւ պարօտիտ (խոզուկ), թոքախտ, բրուցելոզ առաջացնող վարակների, ինչպես նաեւ վնասվածքների հետեւանք է: Սակայն ավելի հաճախ պատճառը սեռավարակներն են` գոնոռեա, տրիխոմոնիազ, խլամիդիոզ, ուրեապլազմոզ, միկոպլազմոզ: Այս հիվանդությունները, առաջացնելով սերմնատար ուղիների, սերմնաբշտերի եւ գեղձերի բորբոքում, հաճախ առաջացնում են կպումներ եւ կոշտություններ, որոնց հետեւանքով ստեղծվում է սպերմատոզոիդների դուրս գգալուն խանգարող մեխանիկական արգելք, եւ սերմը դառնում է անկենսունակ:

Գոյություն ունեն առաջին հայացքից աննշան թվացող երեւույթներ, որոնք իրենց հետ հեռուն գնացող հետեւանքներ են բերում: Օրինակ` ոչ ճիշտ ընտրված եւ շատ կիպ հագուստը (ներքնազգեստ, անդրավարտիք), որը կարող է ամորձիների գերտաքացում առաջացնել` դրանով իսկ հետագայում հանգեցնելով տղամարդու անպտղության:

Տարածված պատճառներից մեկը նաեւ ոչ լիարժեք սնունդն է: Մրգաշաքարը (ՒՐցՍՑՏջՈ) անհրաժեշտ է սպերմատոզոիդների լիարժեք հասունացման համար: Ամենօրյա սննդի մեջ ցանկալի է ներառել սեւ շոկոլադ, նարինջ, գրեյֆրուտ եւ հատկապես դեղին քաղցր խնձոր: Չպետք է մոռանալ նաեւ կիտրոնի մասին, քանի որ այն պարունակում է թթու, որը երկարացնում է սպերմատոզոիդների կյանքը: Նրանց ակտիվությանը նպաստում են նաեւ ցինկով հարուստ ծովամթերքներն ու անտառային հատապտուղները:

Սպերմատոզոիդների հասունացմանը նպաստում է լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը: Այն հանդիսանում է նաեւ պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի բորբոքման համար: Եվ, իհարկե, տղամարդը պետք է բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանա:

Երբեմն անպտուղ ամուսնության դեպքեր են լինում կլինիկական առումով առողջ անձանց մոտ: Այս վիճակը բացատրվում է սաղմնաբջիջների անտագոնիզմի (հակադրություն) առկայությամբ, սպերմատոզոիդի եւ ձվաբջջի բացասական քիմիական ռեակցիայով, ինչը անհնարին է դարձնում նրանց միացումը:

– Ձեր պրակտիկայից ելնելով՝ ո՞րն է ամենատարածված խնդիրը, ո՞ր տարիքային խմբում է հաճախ հանդիպում անպտղությունը, ավելի շատ տղամարդկա՞նց, թե՞ կանանց մոտ են խնդիրներ լինում:

-Հայաստանում անպտղության ցուցանիշը ԱՀԿ-ի սահմանած 15 %-ից բարձր է: Կլինիկական փորձը վկայում է, որ այսօր մեր կլինիկա սկսել են ավելի հաճախ դիմել անպտղության խնդիր ունեցող ամուսնական զույգեր, որոնք ունեն նաեւ սեռական խանգարումներ, մասնավորապես՝ ամուսինը: Արդյունքում անպտղության խնդիրը Հայաստանում վերածվել է ոչ թե բժշկական, այլ բժշկասոցիալական եւ համազգային խնդրի: Այսինքն` անպտղությունը գործոն է դարձել, որն ազդում է վերարտադրողական առողջության ցուցանիշների եւ ամենակարեւորը` ժողովրդագրության վրա:

Անպտղության պատճառները շատ են, եւ նույնն են ամբողջ աշխարհում:

Հայերի դեպքում ավելանում են երկրաշարժը, «ցուրտ ու մութ» տարիները, պատերազմները, սթրեսը: Այս ամենը, իհարկե, համատարած լուրջ բացասական ներգործություն է ունեցել:

Կարեւոր դեր ունի սնունդը, քանի որ օրգանիզմի թունավորումների զգալի մասը բաժին է ընկնում անառողջ սննդին։ Սննդային հավելումներ ենք ընդունում բազմաթիվ մթերքներով, գյուղմթերքի հետ՝ թունաքիմիկատներ. մեր լյարդն ու երիկամները ուղղակի չեն հասցնում մաքրել օրգանիզմը, եւ տոքսիկ նյութերի կուտակումը հանգեցնում է նաեւ անպտղության։

Հատուկ ուշադրության է արժանի կանաչազուրկ եւ ծառազուրկ տարածքների, մթնոլորտի աղտոտվածության, այդ թվում՝ ծխախոտի գործոնը։ Որքան աղտոտված է մթնոլորտը, այնքան բարձր են անպտղության ցուցանիշները։

Անպտղության դեպքերն առավել հաճախ գրանցվում են այն մարզերից եկած տղամարդկանց մոտ, ովքեր իրենց աշխատանքի բերումով շփվում են քիմիական եւ թունավոր նյութերի հետ (Ալավերդի, Քաջարան): Թեեւ պետք է փաստեմ, որ Երեւանաբնակ տղամարդկանց վերարտադրողական` մանկածնման ֆունկցիան էկոլոգիական աղտոտվածության առումով նունպես հարվածի տակ է:

-Անպտղության դեպքում տղամարդիկ ունենու՞մ են նաեւ սեռական խնդիրներ:

-Վերարտադրողական ու սեռական ֆունկցիաները խիստ փոխկապակցված են։ Զգալի դեպքերում տղամարդիկ դիմում են սեքսոպաթոլոգին համակցված գանգատներով, այսինքն՝ ե՛ւ սեռական, ե՛ւ վերարտադրողական խնդիրներով։ Տղամարդու անպտղության բուժումը խիստ անհատական է՝ կախված պատճառից։ Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ստուգելու նպատակով պետք է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, զննում, որից հետո նշանակվում են անհրաժեշտ հետազոտություններ՝ պատճառը կամ պատճառները հայտնաբերելու նպատակով։

Հետազոտությունների ավարտին բժիշկը ծանոթացնում է պացիենտին արդյունքների հետ եւ նշանակում համապատասխան բուժում: Որքան շուտ է սկսվում հետազոտությունը, այնքան ավելի բարեհաջող է ընթանում բուժումը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք զույգերին, որպեսզի խուսափեն այս խնդրից:

-Պետք է հիշել, որ առողջ սերունդ ունենալու համար պետք է տեղյակ լինել սեռական կյանքի այբուբենին, զերծ մնալ պատահական, թեթեւամիտ սեռական կենսակերպից, զանազան ճակատագրական դիետաներից: Որակյալ, «պտղատու» սերմ ունենալու համար չափազանց կարեւոր նշանակություն ունի սեռական ճիշտ սննդակարգը, ինչպես նաեւ ալկոհոլից, ծխելուց, թմրամիջոցներից հրաժարվելը։ Այսօր ապացուցված է, որ ծխելը, ալկոհոլամոլությունը եւ թմրամոլությունը մի քանի անգամ նվազեցնում են սերմնահեղուկի որակական եւ քանակական ցուցանիշները:

Գոյություն ունեն անպտղության բուժման տարբեր եղանակներ: Կարեւորը՝ չուշացնել: Պետք է ժամանակին դիմել համապատասխան բժիշկ-մասնագետի օգնությանը եւ երբեք չկորցնել առողջանալու հույսը:

Նարինե ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728