Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե գաղափար ունես, ինքդ իրագործիր»

Փետրվար 15,2023 13:00

Փարիզաբնակ գրաֆիկ դիզայներ Աննա Իսաբեկյանը «Փիսոյի» մասին եւ ոչ միայն

«Առավոտը» այցելելով երեւանյան մեկ-երկու գրքի սրահ, նկատեց, որ մանկական գրքի «տեսականին» այնքան էլ առատ չէ եւ նույն հեղինակների գրքերն էին ներկայացված՝ Երազիկ Գրիգորյան, Նաիրա Եդիգարյան, Արփի Մաղաքյան, Քրիստ Մանարյան եւ այլն՝ մոտ տասը հեղինակ, ոչ ավելի։ Նշենք նաեւ, որ ավելի առատ էր թարգմանված գրականությունը։ Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ այդ սրահների մենեջերները հավաստիացրին, որ հայ մանկագիրները, գրողները, որոնք ստեղծագործում են երեխաների համար, փոքր տոկոս են կազմում՝ 10-15, եւ նրանց մատների վրա կարելի է հաշվել։ Եղած գրականությունից էլ խորհուրդ տվեցին ծանոթանալ «Փիսոյի» հետ, հավելելով, որ կարճ ժամանակահատվածում այդ կերպարը դարձել է սիրելի բազմաթիվ փոքրիկների եւ նրանց ծնողների համար։ «Փիսոների» շարքը, որ բաղկացած է 8 գրքից («Էջ» հրատարակչություն), նախատեսված է 2+ տարիքի երեխաների համար։ Շարքի հեղինակն է գրաֆիկ դիզայներ Աննա Իսաբեկյանը, որը գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի դուստրն է, 2011-ից ապրում եւ ստեղծագործում է Փարիզում։ Այս գրքերի վերնագրերն էլ գրավիչ են երեխաների համար՝ «Փիսոն վատ երազ է տեսնում», «Փիսոն գնում է բժշկի», «Փիսոն խաղում է բակում», «Փիսոն գնում է մանկապարտեզ», «Փիսոն եւ առաջին ձյունը» եւ այլն։ Իսկ թերթելով կարճ տեքստերով եւ գրավիչ դիզայնով արված գրքերը, մենք էլ, ծանոթանալով Փիսոյին, պարզեցինք, որ վերջինս հայտնվելով դժվար կամ իր համար դեռեւս անծանոթ իրավիճակներում, կարողանում է հաղթահարել սեփական վախերը, ծանոթանում նոր ընկերների, բնության երեւույթների հետ եւ այլն։

Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով կապվեցինք Աննա Իսաբեկյանի հետ։

– Ինչպե՞ս հղացավ Փիսոյի գաղափարը։

– Տասը տարի առաջ տղայիս համար հայերենով մանկական գրքերի փնտրտուքի մեջ էի Փարիզում։ Փնտրում էի գիրք, որը կունենար մի այնպիսի հերոս, որի հետ կարելի էր կապվել եւ միասին մեծանալ, որը կունենար հեշտ կարդացվող ու ոչ շատ երկար տեքստ, որպեսզի երեխան չձանձրանար եւ իհարկե՝ լիներ տպավորիչ նկարազարդումներով։ Նման գրքեր հայերենով այդպես էլ չգտա ու այդպես ծագեց գիրք ստեղծելու միտքը։ Հետո կամաց-կամաց զարգացավ այն եւ աղջկաս ծնվելուց մի քանի տարի հետո՝ 2019թ. շեմին, «Փիսոն» լույս տեսավ։ Ստացվում է, որ այն երեխաներիս համար ստեղծվեց, բայց «Փիսոն» ստեղծել եմ ողջ աշխարհի հայ մանուկների համար։ Ասում են՝ եթե գաղափար ունես, ինքդ իրագործիր։ Դե ես էլ երբ գտա Փիսոյի կերպարը, Փիսոն ինքն իրեն սկսեց խոսել եւ պատմել՝ մեծամասամբ երեխաներիս շուրթերով։

Նշեմ, որ երեխաներիս ամենօրյա ամենասիրելի զբաղմունքներից մեկը գիրք կարդալն է։ Նրանց հետ մոտ մեկ տարեկանից, շաբաթը մեկ անգամ գնում ենք նաեւ գրադարան։ Վստահ եմ՝ լավ սովորությունները անհրաժեշտ է ամենափոքր տարիքից սերմանել. երաժշտություն լսել, նկարել, թանգարան գնալ, թատրոն հաճախել եւ, իհարկե՝ գիրք կարդալ։

– Դուք մասնագիտությամբ նաեւ պարուհի եք։ Ստացվում է՝ պարուհի, նկարչուհի, վերջին շրջանում՝ նաեւ գրող…

– Ես գրող չեմ, մանկական գրքի հեղինակ եւ նկարազարդող եմ։ Այլ կերպ լինել չէր էլ կարող. մեծացել եմ արվեստագետների ընտանիքում եւ, բնականաբար, ես ու եղբայրս մշտապես «ողողված» ենք եղել արվեստով։ Մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ եմ, ավարտել եմ Երեւանի գեղարվեստի ակադեմիան, նաեւ Պարարվեստի քոլեջը, բայց երբեք չեմ մասնագիտացել պարի մեջ, չնայած շատ եմ սիրում բալետ ու օպերա։ Հիմա ամենաշատը հետաքրքրված եմ գրքերի նկարազարդումներով, աշխատում եմ այդ ուղղությամբ՝ ոչ միայն «Փիսոյի»։ Նախագծերը շատ են, իսկ ժամանակը սուղ։ Ասեմ, որ գրքերի, պաստառների, նկարազարդման, տպագրության եւ կինոյի ստեղծման արվեստով հիմնականում աշխատում եմ Երեւանից, Փարիզից եւ Լոնդոնից առաջարկների, նախագծերի վրա։ Ես միշտ բաց եմ նոր նախագծեր ուսումնասիրելու համար, սիրում եմ համագործակցել նոր մարդկանց հետ, սիրում եմ այն, ինչ անում եմ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728