Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտահայ հարուստ գրականությամբ կարող ենք զարմացնել աշխարհին»

Փետրվար 15,2023 12:30

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սիրանուշ Փարսադանյանի հետ

-Մեր զրույցի առանցքում ունենալով «Կանանց հիմնախնդիրները 19-րդ դարի երկրորդ կեսի արեւմտահայ գրականության մեջ» հետազոտական աշխատանքը՝ խոսենք ընթացքից, նաեւ դրա կարեւորությունից։ Հետազոտության շրջանակում արդեն կա՞ն հրապարակված գիտական հոդվածներ։

-«Կանանց հիմնախնդիրները 19-րդ դարի երկրորդ կեսի արեւմտահայ գրականության մեջ» թեմայով հետազոտական աշխատանքը իրականացնում ենք Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրի  շրջանակներում: Թեմայի ղեկավարը եւ գաղափարի հեղինակը ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Համբարձումյանն է, թեմայի կատարողը ես եմ: Թեմայի կարեւորությունն առաջին հերթին այն է, որ մի հետազոտության շրջանակում ուսումնասիրվում եւ գիտական, գիտահանրամատչելի հոդվածների, ինչպես նաեւ հարցազրույցների եւ սոցցանցերի միջոցով հանրությանն են ներկայացվում 19-րդ դարի երկրորդ կեսի, ինչպես նաեւ 20-րդ դարասկզբի արեւմտահայ կին գրողների երկերի հետ կապված հիմնախնդիրներ: Մեր ուսումնասիրության առանցքում են հատկապես Էլպիս Կեսարացյանի, Սրբուհի Տյուսաբի, Սիպիլի, Հայկանուշ Մառքի եւ Զապել Եսայանի գործերը: Վերոնշյալ հեղինակների ստեղծագործությունները ներկայացվում են բոլորովին նոր ընթերցմամբ: Դրանք ներկայացվել են միջգիտակարգային՝ գրականագիտության, պատմության, հոգեբանության, մարդաբանության, լեզվաբանության եւ գինոքննադատության համատեքստում:

Ուրախությամբ կարող եմ նշել, որ հետազոտության շրջանակում արդեն իսկ ունենք հրապարակված գիտական հոդվածներ՝ ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված եւ միջազգային պարբերականներում, մասնավորապես Web of  Science գիտաչափական շտեմարանում ընդգրկված հանդեսներում: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն մինչ հետազոտության ավարտը: Ելնելով մեր կատարած հետազոտական աշխատանքներից եւ տպագրած նյութից՝ կարծում ենք, որ հոդվածները արտերկրի օտարալեզու պարբերականներում հրապարակելուն զուգընթաց՝ չպետք է նվազի նաեւ Հայաստանում հայերենով տպագրվող գիտական հոդվածների քանակը: Աշխատանքներ անհրաժեշտ է տանել երկու ուղղությամբ էլ:

-Արեւմտահայ կին գրողների նամակները, ինչպես նաեւ այդ ժամանակի տպագիր մամուլը նույնպե՞ս ձեր ուշադրության կենտրոնում են։

-Մեր կողմից ընտրված կին հեղինակների երկերը ուսումնասիրելիս քննել ենք նաեւ տվյալ պատմական ժամանակաշրջանը, անդրադարձել ենք պարբերական մամուլին, ինչը այս հետազոտության շրջանակներում շատ կարեւոր է: Հետազոտությունը ամբողջական չի կարող լինել, եթե մեր կողմից ընտրված կին հեղինակները ուսումնասիրվեն ժամանակից անկախ կամ կտրված պատմական համատեքստից: Այս ծրագրի շրջանակներում մեր ուշադրության կենտրոնում են եղել «Մասիս», «Կիթառ», «Արեւելք», «Երկրագունտ», «Մեղու», «Ծաղիկ», «Գրական-իմաստասիրական շարժում», «Ամէնուն տարեցոյցը», ինչպես նաեւ 20-րդ դարասկզբին կանանց կողմից հիմնադրված «Հայ կին», «Երիտասարդ հայուհի» եւ այլ պարբերականներ: Նշյալ բոլոր պարբերականները մշտապես բարձրաձայնել են կանանց կրթության, դաստիարակության, իրավունքների եւ հավասարության, ինչպես նաեւ ազատագրության հիմնախնդիրները: Ըստ անհրաժեշտության, ուսումնասիրում ենք նաեւ կին հեղինակների նամակները, անդրադառնում ենք հրապարակախոսական հոդվածներին, հասարակական-բարեգործական գործունեությանը, որոնք առավել արժեքավոր են դարձնում մեր հետազոտական աշխատանքը:

-Մենք ունենք ինքնատիպ արեւմտահայերեն գրականություն` բազմաշերտ ասելիքով ստեղծագործություններով։ Բայց ցավով պետք է նշեմ, որ այսօր արեւմտահայերենով ընթերցողների թիվը խիստ նվազել է։ Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված։

-Դուք ճիշտ եք: Մենք արեւմտահայ հարուստ գրականություն ունենք, որով կարող ենք զարմացնել աշխարհին, սակայն պետք է լրջորեն զբաղվել դրա հանրայնացմամբ, այս աշխատանքի շրջանակներում՝ արեւմտահայ կին հեղինակների եւ նրանց երկերի: Ցավոք, տարեցտարի քչանում է արեւմտահայերեն ընթերցողների թիվը: Պատճառը առավելապես այն է, որ մենք՝ հայերս, անհետեւողական ենք եւ, դրանով պայմանավորված, չենք ձգտում ոչ միայն աշխարհին, այլ նաեւ մեր հասարակությանը, ըստ արժանվույն, ներկայացնել մեր հեղինակներին: Պատճառները կարող են տարաբնույթ լինել, բայց, մեր կարծիքով, առաջնայինը չհանրայնացնելու եւ այդ մասին չբարձրաձայնելու խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի շատ խոսել այդ մասին, ներկայացնել արեւմտահայ հեղինակներին եւ նրանց երկերն ընդհանրապես եւ դիտարկել դրանք համաշխարհային գրականության համապատկերում: Քանի որ գիտության ոլորտում այսօր խնդիրները շատ են, առողջացումը համեմատաբար դժվար կլինի: Ժամանակ է հարկավոր: Անհրաժեշտ է հիշել եւ ընդունել, որ հայ գրականությունը անբաժանելի է համաշխարհային գրականությունից, եւ առնչությունները, ինչ խոսք, բազմաթիվ են:

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728