Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սպառնալիքներ Մոսկվայից

Փետրվար 15,2023 12:00

Ի՞նչ առաջարկություններով էր Երեւան ժամանել ռուսաստանցի բանագնացը

Անցյալ շաբաթ Երեւան էր ժամանել ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը:

Փետրվարի 9-ին նրան նախ ընդունեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք անդրադարձել էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ դրա հաղթահարմանն ուղղված քայլերին: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը եւ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր», ասվում էր կառավարության տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Նույն օրը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հանդիպել Իգոր Խովաեւի հետ: Հանդիպմանը քննարկվել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը եւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցները նաեւ անդրադարձել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Մեր օր անց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ ադրբեջանական կողմի սադրանքները, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»:

Խովաեւի երեւանյան բանակցություններից հետո կայացավ Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցը: «ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման եւ անվերապահ պահպանման հրամայականը: Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի տարաբնույթ հարցեր», նշվում էր ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Նույն օրը կայացել էր նաեւ մեկ այլ հեռախոսազրույց: Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում`«քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»։

Ի՞նչ առաջարկություններով էր Երեւան ժամանել ռուսաստանցի բանագնացը, որի երեւանյան բանակցությունների համատեքստում կայացան Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների եւ արտգործնախարարների հեռախոսազրույցները:

Բացի պաշտոնական հանդիպումներն ու հեռախոսազրույցները, որոնց վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությունները ընդհանրական, ստանդարտ տեքստեր էին, ռուսական կողմից վերջին օրերին հնչել են բավական հստակ ուղերձներ`պաշտոնական Երեւանին:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրինակ, անցյալ շաբաթ, գրեթե սպառնաց, որ Հայաստան-Ադրբեջան-Վրաստան ձեւաչափով քննարկումներում չեն ցանկանում տեսնել Բրյուսելին կամ Վաշինգտոնին։ «Եթե Բաքու-Երեւան-Թբիլիսի եռակողմ քննարկումը նպաստելու է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք դա միայն ողջունել։ Իսկ եթե այդ նախաձեռնության հետեւում ինչ-որ կերպ երեւում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ հարց է»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել էր Զախարովան։

Իսկ ահա Ռուսաստանի Պետդումայի նախագահը Բաքվի իր գործընկերոջ հետ հանդիպմանը օրերս սպառնաց: Այս պաշտոնյան ուղղակի հայտարարել է, որ դեմ են ղարաբաղյան խնդրի լուծմանը Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի ներգրավմանը: Փետրվարի 13-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերից հեռու մնալ։

«Եկեք ելնենք նրանից, որ կա երեք պետությունների ղեկավարների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով որոշում, մենք առաջնորդվելու ենք դրանով եւ մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որ այդ պայմանավորվածությունները իրականացվեն: Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Վոլոդինը, ըստ «Սպուտնիկ Արմենիայի»։

Պետդումայի խոսնակի տեսանկյունից՝ ԵԽԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի ներգրավումը ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը կսրի իրավիճակը։ «Ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին, նրանք պետք է 10 անգամ մտածեն եւ կշռադատեն, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի եւ այլ երկրների օրինակը: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, չպետք է պարզապես հեռու մնա այդ քվազիխորհրդարաններից՝ եւ՛ ԵԽԽՎ-ից, եւ՛ Եվրախորհրդարանից, նաեւ հստակ գիտակցեն, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի, եւ եթե դա անեն, ապա պետք է պատասխանատվություն կրեն դրա հետեւանքների համար»,- ընդգծել է Վոլոդինը։ Իր հերթին Գաֆարովան ասել է, որ «Ադրբեջանը բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այս խնդրի կարգավորման գործում»։

Ահա, այսպիսի սպառնալիքներ Մոսկվայից` եվրոպական կառույցների ներգրավման վերաբերյալ:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728