Լրահոս
Օրվա լրահոսը

Անորոշությունը կարող է տեւել 2-3 տարի

Փետրվար 15,2023 15:00

Շատ բան պարզ կդառնա, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության կգան Ուկրաինայի հարցում

Տարիներ առաջ Գերմանիայի Բունդեսթագի մի պատգամավոր ասում էր մեզ՝ Հարավային Կովկասի երեք պետությունները ներկայացնող լրագրողներիս. «Դուք առանձնապես մի նեղվեք, որ Ռուսաստանը ձեզ ճնշում է: Գերմանիան ավելի շատ է կախված ԱՄՆ-ից, քան դուք՝ Ռուսաստանից»: Չեմ բացառում, որ դա չափազանցություն է, բայց վերջին իրադարձությունները հաստատում են այն ճշմարտությունը, որ բացարձակ անկախություն չկա: Եվրոպական երկրները, Գերմանիան՝ առաջին հերթին, բնականաբար, ցանկանում են, որ Ուկրաինան դիմադրի ռուսական ագրեսիային, բայց շատ բուռն ցանկություն չունեն իրենց ռազմական տեխնիկան ուկրաինական զինված ուժերին փոխանցելու: Սակայն դա տեղի է ունենում ԱՄՆ լուրջ ճնշումների տակ: Գերմանիայում գտնվող Ռամշթայն ամերիկյան ավիաբազայում պարբերաբար հավաքվում են ՆԱՏՕ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, եւ այնտեղ ընդունվող որոշումներում վճռորոշ ձայնը պատկանում է Միացյալ Նահանգներին: Ուկրաինան, ըստ այդմ, կստանա նոր տանկեր, ինքնաթիռներ եւ մեծ հեռավորության հրթիռներ, որոնք գործի կդրվեն մոտակա ամիսների ընթացքում:

Պատերազմն, այդպիսով, կշարունակվի ամիսներ, գուցե տարիներ: Ի վերջո, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կգան ինչ-որ համաձայնության, եւ բացառված չէ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի որոշակի մի մասում Ռուսաստանի հովանավորությամբ կստեղծվի մի ռեժիմ, որը նման կլինի հյուսիսկորեականին: Իսկ մնացած Ուկրաինան ինչ-որ չափով կնմանվի Հարավային Կորեային՝ ամերիկյան համապատասխան ազդեցության տակ: ԱՄՆ-ը շահագրգռված չէ Ռուսաստանի կործանման մեջ (ի հեճուկս՝ ռուս քարոզիչների պնդումների), իսկ Ռուսաստանը ուժ չունի եւ չի ունենա Ուկրաինայում նոր մեծ տարածքներ գրավելու:

Դա, իհարկե, վարկած է, որը կարող է եւ իրականություն չդառնալ; Բայց կասկածից վեր է, որ ինչպես բոլոր պատերազմները, այս մեկը նույնպես ավարտվելու է խաղաղության պայմանագրով: Դրանով կդրվի նոր աշխարհակարգի հիմքը, որին, հուսով եմ, կհետեւի որոշակի կայունության շրջան:

Մինչեւ այդ պահը աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խաղաղություն դժվար թե հաստատվի: Այս դիտարկումները ես սկսեցի Եվրոպայի հարաբերական ինքնուրույնության արձանագրումից. ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական շահերը որոշ դեպքերում կարող են տարբեր լինել: Եվրոպացիները շահագրգռված են, օրինակ, որ հետագայում, երբ Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները, իրանական գազն իրենց հասնի Հայաստանով եւ Վրաստանով: Դրանով, թերեւս, կարելի է բացատրել եվրոպական դիտորդների, թեկուզ խորհրդանշական, ներկայությունը, մասնավորապես, Սյունիքում: Դրանից բացահայտորեն դժգոհ է Ռուսաստանը, բայց, ենթադրում եմ, ԱՄՆ-ը նույնպես երջանիկ չէ: Որովհետեւ ԱՄՆ-ի (եւ Բրիտանիայի) ռազմավարությունն է՝ հնարավորինս «խեղճացնել» Իրանին եւ աշխատեցնել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա «խողովակները»:

Ընդհանուր առմամբ, թե՛ Արեւմուտքի (այս դեպքում՝ հավաքական), թե՛ Ռուսաստանի նպատակն է Արցախի խնդիրը փակելը եւ այս տարածաշրջանում ազդեցությունը բաժանելը: Հենց այդ պատճառով էլ երկու կողմերն էլ աջակցեցին 2018 թվականի իշխանափոխությանը: Բայց մեկ տարի առաջ Պուտինի ձեռնարկած հարձակումն Ուկրաինայի վրա, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի համար պատերազմի անհաջող ընթացքը, բնականաբար, փոխելու են ազդեցության բաժանման համամասնությունները: Ուժեղանալու են ԱՄՆ-ի (եւ նրա դաշնակից Թուրքիայի) դիրքերը, թուլանալու են Ռուսաստանինը:

Թե վերջնարդյունքում ինչպիսին կլինի այդ համամասնությունը, կրկնեմ, պարզ կլինի այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում համաձայնության կգան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Blog_H says:

    Սակայն 2-3 տարիների ընթացքում, Չինաստանը չի՞ յարձակիր Թայվանի վրայ: Բռնկեցնելով համաշխարհային մի այլ, ծայրագոյն տարողութեամբ բախում, proxy-war: Մինչ, ԱՄՆ-ն իր ռազմական կարողականութիւնը վատնում է՝ Ուկրաինայի ռազմադաշտում:
     
    Եթէ ուկրաինացի ժողովուրդը ուշքի չգայ, կամ շարունակէ չհամարձակիլ իր իշխանաւորները այպանելու, ձեր այդ ըսածին չափ էլ բան չի մնար, Ուկրաինայից: Ու էլի մի օր իրարու հետ լեզու կը գտնեն, ԱՄՆն եւ Ռուսաստանը:

    Ձեւով մը, բախտաւոր եղանք որ մեզի զինամթերք չհայթայթեց Արեւմուտքը…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728