Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի նախագահը Չինաստանում է

Փետրվար 14,2023 23:13

Բանակցությունների առանցքում Իրանի միջուկային ծրագրերն են և տնտեսական հարցեր

          Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Էբրահիմ Ռայիսին իր չինացի պաշտոնակից Սի Ցզինպինի հրավերով երեքօրյա պաշտոնական այցով Պեկին է մեկնել։ Սա վերջին քսան տարվա ընթացքում Իրանի բարձրաստիճան պատվիրակության առաջին այցն է Չինաստան։ Իրանի նոր նախագահը և Չինաստանի ղեկավարն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա սեպտեմբերին Ուզբեկստանում՝ Շանհայի համագործակցության գագաթաժողովի ընթացքում, որտեղ հաստատվեց նաև Իրանի լիիրավ անդամակցության հարցը։ Պրն Սի Ցզինպինն Իրանում եղել է 2016 թվականին՝ պրն Ռոհանիի նախագահության ժամանակ․ նա 2022 թվականի դեկտեմբերին այցելեց Իրանի հարևան երկրներ՝ Սաուդական Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)․ Պարսից Ծոցի երկրներ այցելած Չինաստանի նախագահի ելույթը  Իրանի և ԱՄԷ-ի միջև տարածքային վեճի կապակցությամբ, անհանգստացրեց Թեհրանին, որը հետո սրբագրեց Չինաստանի Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)․ Պեկինը հայտարարեց, որ հարևաններն իրենց վեճերը պետք է լուծեն բանակցությամբ։

Իրանի իսլամական հեղափոխության ղեկավարները, որոնք նոր պետականության հիմքը կառուցել էին «Ոչ արևելք, ոչ արևմուտք» կարգախոսի վրա, աստիճանաբար և հատկապես Իրան-Իրաք ութամյա պատերազմից հետո, թեքվեցին դեպի արևելք և նոր բարեկամներ գտան Մոսկվայում ու Պեկինում։ 1980-ականներին անկյունադարձային էին օրվա ազդեցիկ դեմքերից պրն Ռաֆսանջանիի այցելությունները Մոսկվա, Պեկին և Փհենյան, որի հիմնական նպատակը նաև Իրաքի դեմ պատերազմում զենքի ապահովումն էր։ Իրանն այժմ հռչակել է «Հայացք դեպի արևելք» կարգախոսը և փորձում է իր հարաբերությունները սերտացնել արևելյան երկրների հետ։ ԻԻՀ-ն կնքել է երկարատև համագործակցության երկու կարևոր պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության (քսանամյա) և Չինաստանի հետ (քսանհինգամյա)։

Արդեն երկար տարիներ է, որ Չինաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են Իրանի կարևոր հովանավորները միջազգային ատյաններում․ նրանք հաճախ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում վետոյի են ենթարկում ԻԻՀ-ի եմ եղած և հատկապես Արևմտյան երկրների հեղինակած նախագծերը։ Պեկինն ու Մոսկվան մասնակից են նաև Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման Ճանապարհային քարտեզի մշակման գործին և 2015 թվականին սկիզբ առած այդ բանակցություններում համարվում են Իրանի պաշտպանները։ ԻԻՀ-ի դեմ սաստիկ պատժամիջոցների պայմաններում, Չինաստանը Իրանի նավթի լավագույն գնորդն է, որը վճարում է զեղչ գներով, հաճախ նաև ապրանքափոխանակության տեսքով։

Չինաստանը թեկուզ Իրանի հետ կնքել է 25-ամյա համագործակցության և ավելի քան 400 միլիարդ ներդրման ծրագիր, բայց փորձագետների կարծիքով Պեկինը դեռևս դանդաղում է։ Կարծիք կա, որ Չինաստանը նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ ունեցած իր ապրանքաշրջանառության ահռելի քանակը, խուսափում է Իրանի դեմ պատժամիջոցների ռահվիրա՝ Վաշինգտոնի, հետ առճակատումից, քանի որ չի ուզի իր մի շարք ընկերությունները հայտնվեն ԱՄՆ սև ցուցակում։

Իրանի նախագահի գլխավորությամբ Պեկին այցելած պատվիրակության կազմում են ԱԳՆ, Ճանապարհաշինության, Առևտուրի և Տնտեսության նախարարները, Իրանի միջուկային ծրագրերի սահմանափակման բանակցություններում Իրանի պատվիրակը և Կենտրոնական Բանկի նախագահը։ Այս կազմն ինքնին խոսում է Իրանի առաջնահերթությունների մասին․ Իրանի անկում ապրող տնտեսության՝ օգնության ձեռք մեկնում և Իրանի միջուկային նկրտումների պատճառով արևմտյան սաստիկ պատժամիջոցների մեղմացում․ Թեհրանը ցանկանում է, որ շարունակի Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի մասնակցությամբ ընթացող միջուկային ծրագրերի ճանապարհային քարտեզի վերագործարկման բանակցությունները, որոնց դրսից հետևում է ԱՄՆ-ն։ Վերջինս 2018 թվականի մայիսին հետ կանչեց իր ստորագրությունը  այս ծրագրից և շարունակում է ծանր պատժամիջոցներ կիրառել Իրանի եմ․ ԱՄՆ-ն և Եվրոպան առայժմ չեն շտապում վերսկսել բանակցությունները և սպառնում են նաև Իրանի հարցը և միջուկային նախատեսված ծրագրից շեղման հարցը, քննարկել ՄԱԿ Անվտանգության Խորհրդում։

Մինչ այդ իրանական ԻՌՆԱ և Թասնիմ լրատվականները հաղորդում են, որ երկու երկրներն այսօր կնքել են քսան պայմանագիր, որոնց մանրամասնությունը դեռ լրագրողներին ու փորձագետներին հայտնի չէ։

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728