Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր շներին դեմքերով ճանաչում ենք, անծանոթ շներ են եկածները»․ Գյումրու քաղաքապետի սենսացիոն բողոքը

Փետրվար 14,2023 21:33

Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը:

Այն թերևս աննախադեպ էր իր տևողությամբ․ սկսվելով ժամը 12․00-ին տևեց 4-4,5 ժամ։ Ամենահետաքրքիր քննարկումը ծավալվեց թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման թեմայով։

Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ Գյումրիում շատացել են թափառող շները․ այն դարձել է քաղաքի ամենահրատապ թեմաներից։ Բանախոսը տեղեկացրեց, որ թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման նպատակով քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել, սակայն մինչև հրապարակվեն արդյունքները, պայմանագիր կնքվի հաղթող կազմակերպության հետ, մեկ ամսից ավել կտևի,անհրաժեշտ է ստերջացումը շարունակել, ժամանակավոր լուծում գտնել։

Որպես լուծում՝ նա առաջարկեց 100 շան ստերջացումը հանձնել մեկ այլ կազմակերպության՝ վճարելով 2 միլիոն 780 հազար դրամ։

Նախնական հաշվարկներով,Գյումրու քաղաքապետարանը մտադիր է ստերջացնել 500 շուն և ամեն մի շան ստերջացում քաղաքային բյուջեի վրա շուկայական նոր արժեքով՝ կնստի 29 հազար 900 դրամ։

Լենա Ջիլավյանի ելույթի ֆոնին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սենսացիոն մի հայտարարություն արեց, թե գյումրեցիները իրենց բոլոր շներին դեմքով ճանաչում են, և որ շները շատանում են կողքի համայնքներից նրանց մեքենաներով Գյումրի տեղափոխելու ու բաց թողնելու պատճառով։

Քաղաքապետը նաև հայտարարեց, որ ունի ապացույցներ․ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները հեռվից ֆիքսել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, շներին բաց թողնում ու հեռանում։

«Հիմա որ ասեմ, պիտի նորից ասեն, թե գյումրեցիները կատակում են․ դեմքերով մեր շներին ճանաչում են գյումրեցիները, անծանոթ շներ են եկածները ու շատացել են, հիմա կերի պակասն է, թե ինչն է, այլ համայնքներից լցվել են էստեղ», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ շների ստերջացումը դեռևս չի նշանակում, որ շները չպիտի կծեն։

Գյումրու ավագանու անդամները տարբեր հարցեր հնչեցրեցին վերահսկման մեխանիզմների, ինչպես նաև պայմանագրում կիրառության ձևերը վերափոխելու մասին, քանի որ ստերջացման ենթակա շների քանակը կարող է ավելանալ, ոչ թե մնա 500, մրցույթը շահող կազմակերպությունը սա ևս պիտի ի նկատի ունենա։

Բացի այդ, ըստ ավագանու անդամների, օրենքը թույլ է տալիս շներին նաև քնեցնել, հետևաբար և քաղաքի ամեն մի շան կատաղությունը պիտի ստուգվի, շներին անհատական մոտեցում պիտի ցուցաբերվի ու դա պիտի արտացոլվի փաստաթղթերում։

Վարդգես Սամսոնյանը նշեց, որ արդեն իսկ կա պայմանավորվածություն մրցույթը շահած նոր ընկերության հետ ավել քանակով շուն ստերջացնելու։ Քաղաքապետն առաջարկեց քաղաքի այն հատվածներում, որտեղ շները շատ են՝ 20-30 հատ են, բաշխել այլ տեղանքների վրա, որպեսզի չհարձակվեն մարդկանց վրա, բնակիչները չվախենան նրանց մեծ քանակից։

Քաղաքապետը նաև ասաց, որ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները վերահսկելու են ստերջացման գործընթացը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728