«Դավիթ Տոնոյան մի հատ տխրահռչակ անձ կար, որն ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», բայց հակառակը ստացանք: Հիմա ասում են՝ նոր աշխատավարձեր, նոր բարեփոխումներ, հակառակն ենք տեսնում»,- այսօր կառավարության շենքի մոտ կամավորականների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ազատամարտիկ Արթուր Այվազյանը՝ Մանախը:
Նրա դիտարկմամբ, երբ խոսում են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, պետք է այնպես անեն, որ զինվորականի ընտանիքը չմտածի կենցաղային տարրական խնդիրների մասին: Մինչդեռ իշխանությունները 90-ականների հաղթանակները կերտած մարդկանց թողում են լուսանցքից դուրս. «Գալու է վախտը, ասեն՝ դու ո՞վ ես, անցի գործերիդ, իրավունք չունես բանակաշինության մեջ գտնվես, պետական սահմանի պահպանման մեջ գտնվես… այն, ինչ այսօր անում են մեր խաչակիրների հետ: Ունենք պաշտպանական բնագծում խնդիր, ունենք նաեւ մարտունակ, փորձառու մարդիկ, չեն ներգրավում նրանց, ասում են՝ կառավարության որոշում է: Գնում ենք ՊՆ, ՊՆ-ն ասում է՝ մենք օրենքն ենք կատարում, օրենքը թող փոփոխվի: Մեզ փորձում են մեջբերել այն օրենքը, որը նոր են ուզում ընդունեն: Հին օրենքով կամավորականը ստանում է օրը 8500 դրամ: Ամբողջ ցուցակները հենց հիմա ինձ մոտ են, օրը 8500 դրամ չեն ստացել դիրքապահ տղերքը: Ներկայացրել եմ, ոչ մի ծառայողական չի հարուցվում, ոչ մի քրեական գործ չեն հարուցում: Դուք հասկանո՞ւմ եք ինչ է՝ 13-14 օր գտնվես էդ պայմաններում ու փողդ լափեն: Ստեղ էլ չեն կարա ասեն՝ նախկինները, ներկաները, սաղ մեկ են: Մեր համար վսյո ռավնո ա, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում: Ստորաբաժանումներ ունենք, պատրաստում ենք, ուղարկում ենք, մարդը պետք է իր փողը ստանա: Գալիս է՝ չի ստանում, գալիս է շտաբ, ասում է՝ հրամանատա՛ր, ո՞ւր է մեր փողը: Փողի տեղն ենք ցույց տալիս՝ ՊՆ: Գնացինք, ցույց տվեցինք. ոչ մի հետեւանք: Ասում են՝ կառավարության ֆինանսավորումն է»:
Այս ամենից Արթուր Այվազյանը գալիս է մի եզրակացության՝ բանակը պրոֆեսիոնալ կերպով քանդում են, որովհետեւ թուրքերի հետ են պայմանավորվել, նրանց պահանջներն են անում:
Կարդացեք նաև
Արթուր Այվազյանը բողոքեց, որ ինքը, լինելով հրամանատար, զինվորական, չունի անգամ մի թուղթ, որ պատերազմի մասնակցել է. «Սա աբսուրդ չի՞: Անգամ ինձ կանչել ու ասել են՝ ներկայացեք պարգեւատրումների, ասել եմ՝ ի՞նչ պարգեւատրում, մենք ինչ խնդիր կատարել ենք, պարտավոր էինք կատարել: Խնդիր կատարելու համար չեն պարգեւատրում, անձնազոհությա՛ն համար են պարգեւատրում, հերոսները Եռաբլուրում են: Բայց մենք չունենք կարգավիճակ: Ասում են՝ վարչապետը չի ստորագրում, միջգերատեսչական հանձնաժողովն էլ սպասում է: Եթե հրամանատարը չի կարողանում ինքն իր իրավունքը պահի, այսօր զորքը ո՞նց է իր իրավունքները պահելու»:
Կամավորականներին կառավարությունում ընդունեցին ու լսեցին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ