Լրահոս
Օրվա լրահոսը

«Խի մենք էսօր առողջ մա՞րդ ունենք պոստերում կանգնած, Պապիկյանն ուզում ա 100 հատ ժիմ անեն, 5 ժիմ սկի չեն կարա». Կամավորականները ցույց են անում (ֆոտոշարք)

Փետրվար 14,2023 17:33

«Ես «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարն եմ, եկել ենք աշխատավարձերի համար ու ոչ միայն մեր ջոկատի աշխատավարձերի, բոլոր մեր սահմանամերձի տղերքին է վերաբերում, աշխատավարձերը իջացրել են, հոգեբանորեն ճնշում են»,- այսօր այս բողոքով կառավարության շենքի մոտ կամավորների կազմակերպած ցույցի ժամանակ հայտարարեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը:

Նրանք մտադիր էին կառավարություն մտնել ու իրենց մտահոգող խնդիրները քննարկել՝ սկսած Լաչինի միջանցքից, պատերազմի մասնակիցների՝ բնակարան չունենալուց մինչեւ աշխատավարձ. «Վարձով են ապրում, հիմա էլ աշխատավարձերը իջացրել են, վարձը չեն կարողանում տալ, ստիպված այդ մարդկանց տներից հանում են՝ երեխեքի հետ միասին: Այսինքն, մարդը հելնի դիրքերում կանգնի, հետո դիրքերից լսի, որ իրա երեխեքին հանին տնից: Մարդը աշխատավարձ չի ստանում, որ վարձը տա, իր ընտանիքը ապրի, 80 տոկոսը տուն չունեն, ա՛յ ձեր ցավը տանեմ, ինչքա՞ն կարելի է սուս մնալ: Մենք եկել ենք շատ համերաշխ մեր բողոքի ակցիան անենք: Մեզ պետք է մտնենք կառավարություն»:

Նախաձեռնության անդամները մի քանի օր առաջ եղել են ՊՆ-ում, որոշ հարցերի պատասխաններ հորդորել են ստանալ կառավարությունից՝ ասելով, որ կառավարության որոշում կա կամավորների աշխատավարձի իջեցման. «14 օր հետո, որ իջնում ես, զորացրում են, որ հանկարծ անվճար բուժօգնությունից չօգտվեն, դա էլ է կառավարության որոշումը: Եկել ենք կառավարության հետ սա քննարկենք ու որոշենք ինչ է լինելու սրանից հետո»:

Մինչ այդ կառավարությունից կամավորներին ասել են, որ 210-220%-ով աշխատավարձերը պետք է բարձրանան հունվարի 1-ից. «Ճիշտ ասեցին, 220%-ով իջավ, էլի, երեւի խառնել են, պիտի ասեին՝ իջնելու է, ասին՝ բարձրացել է»,- հեգնեց հրամանատարը՝ ասելով, որ եթե բանակի մեջ լրջություն չլինի, այն լիովին կքանդվի:

Սարգիս Պողոսյանի խոսքով՝ շատ լավ է, որ Սուրեն Պապիկյանը հայտարարում է բանակում բարեփոխումների մասին, բայց մի բան հաշվի չի առել. «Թող իջեցնեն սահմանում կանգնած զորքին, եթե մի հոգի առողջ կգտնեն, ուրեմն ես ինքս կհանձնվեմ: Խի մենք էսօր առողջ մա՞րդ ունենք պոստերում կանգնած, մի հոգի չունենք: Ուզում ա 100 հատ ժիմ անի, 50 հատ եսիմ ինչ անի: Այս մարդիկ տարիքով մարդ են, 5 ժիմ սկի չեն կարա, ինչի՞ մասին է խոսքը: Էդ ի՞նչ է, վարորդական իրավո՞ւնք են ստանում, որ 50 հատ հարցից պիտի 30-ին պատասխանեն, թե՞ թազա դպրոց պիտի գնան այս մարդիկ: Այս մարդիկ սովոր են խրամատում կանգնեն, իրենց սահմանները պաշտպանեն: Պապիկյանի ասածը լավ բան է, թող ջահելությանը հավաքի, որ որոշել է, մինչեւ 25-30 տարեկան էդ պարապմունքներն անցկացնի: Բայց կամավորական ջոկատի մեջ, որ տարիքային սահմանափակում չկա, ինչի՞ մասին է խոսքը, որ 50 հատ ժիմ անի: Առողջ մարդ չկա, բոլորը հիվանդ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728