«Մեզ որեւէ մեկը որեւէ բան չի պարտադրում։ Այսինքն, արեւմուտքը մեզ որեւէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության ժամանումը հայկական կողմի որոշումն է եղել եւ նաեւ փոխկապակցված է եղել մեր փորձի հետ»,-խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Հայաստան ժամանելու որոշմանը՝ ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ-ն դեռեւս հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:
Արմեն Գրիգորյանը նշեց․ «Գիտեք, որ 2021թ․-ի մայիսին եւ նոյեմբերին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել։ Նույնը եւ նախորդ տարվա սեպտեմբերին, եւ այդ փորձը հաշվի առնելով, որ եղած անվտանգության երաշխիքները չեն աշխատում, ՀՀ-ն հրավիրել է առաքելությանը՝ անվտանգության որոշակի երաշխիքներ ստեղծելու նպատակով։ Երաշխիքները միայն ռազմական չեն։ Անգամ տնտեսական հարաբերությունները կարող են երաշխիքներ ստեղծել։ ԵՄ առաքելությունը նման հավելյալ երաշխիքներ է ստեղծում»։
Նկատառմանն ի պատասխան, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում Ադրբեջանը բողոքել է ՀՀ-ից, եւ եթե ամեն ինչ հարթ է, ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան բողոքի նոտաներ հղում ԵՄ առաքելության առնչությամբ, Արմեն Գրիգորյանը նշեց․ «Ոչ միայն Բրյուսելում է Բաքուն բողոքել, այլեւ արեւմտյան տարբեր մայրաքաղաքներում։ Ես Մոսկվայի փոխարեն չեմ կարող պատասխանել իրենց մտահոգություններին ու հարցերին։ Մենք Մոսկվայի մեր գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք խնդիրների մասին, ներկայացնում մեր մոտեցումները եւ բացատրում, թե ինչու ենք այս կամ այն քայլն արել։ Կրկնեմ, որ ՀՀ տարածքի օկուպացիա է տեղի ունեցել, եւ սպառնալիքի վտանգը մնում է։ Սպառնալիքը չեզոքացնելու համար պետք են միջազգային երաշխիքներ, որի ուղղությամբ աշխատում ենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ