«Հարգելի երեւանցիներ, գիտեք հիմա ի՞նչ սղացրեցին չզեկուցվող հարցերի տակ։ Այն նախագիծը, ինչի համար այստեղ, մեղմ ասած, մեր գլուխն էին կոտրում, երբ ասում էինք՝ մի՛ արեք, դա սխալ է»,-այսօր Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը։
Նա նկատի ունի նիստի օրակարգում ընդգրկված «Երեւան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N325-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցը, որը չզեկուցվող էր եւ քվեարկությամբ ընդունվեց։
Այդ նախագիծն ընդունվել էր դեռեւս 2021-ին, մինչդեռ ԲՀԿ եւ «Լույս» խմբակցություններն այն ժամանակ, ինչպես Խաչատրյանն ասաց, դեմ են քվեարկել ու հորդորել «Իմ քայլ»-ին՝ չընդունել այն։ Սակայն «Իմ քայլն» ընդունեց այդ նախագիծը, իսկ այսօր նոր քվեարկությամբ ուժը կորցրած ճանաչեց նույն նախագիծը։
«2021 թվականի փետրվարի 9-ին նույն «Իմ քայլի» ավագանիները իրենց սիրելի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, այսօր փոխնախարար, թաղապետի հետ բերել էին մի նախագիծ, որտեղ կոմունալն ու քաղշին բաժինները կպցնում էին իրար։ Ասում էինք՝ մի՛ արեք։ «Իմ քայլ», ձեր ավագանու անդամներից մեկը կա, ում ձեր իսկ նշանակած փոխթաղապետ, թաղապետի թայֆան գլուխն էր ջարդում, որովհետեւ քաղշին վարչության պետն էլ թաղապետարանի շենքից հանում էր։ Դուք բերեցիք, կնքեցիք, անցկացրեցիք, հիմա էլ վերնագիրը նենց եք գրել, որ մամուլն ու հանրությունը չհասկանա, որ ձեր պեչատած նախագիծը հիմա գլուխներդ կախ հետ եք տանում։ Ասում էինք՝ մի՛ արեք։ Էստեղ մի թաղապետ լկտի ձեւով մեզ ինչ ասես ասում էր։ Բա տենց լավ էիք հասկանում, վստահ էիք, չբերեիք, չանցկացնեիք, էսօր էլ կախ գլխով չբերեիք թաքուն-թաքուն հետ որոշում անեիք։ Մենք ասում էինք, դուք ձեր ֆեյքերով ֆեյսբուքում ու մամուլով ինչ ասես ասեցիք մեզ։ Բա հիմա ո՞նց եք, լավ եք, չէ՞։ Դե գլուխներդ կախեք, ամաչեք»,-ասաց Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեկ այլ նախագծին, որով փոխքաղաքապետի, վարչական շրջանների ղեկավարների համար օգնականների հաստիքներ են ավելացնում եւ մի շարք այլ հաստիքների փոփոխություններ են կատարվում, Խաչատրյանն ասաց․«Ձեր օգնականները մի բան էլ շատ են, ձեր օգնականներին մի քիչ կառավարեք, աշխատացրեք, այն ժամանակ կզգաք, որ կարիքը չկա։ Ի դեպ, փոխքաղաքապետերն ավելի շատ են, քան ձեր օգնականները, փոխքաղաքապետերի կրճատելու նախագիծ որ բերեիք, օգնականներ կրճատելու նախագիծ, որ բերեիք, այդ ժամանակ կծափահարեիք։ Հիմա բերել եք սովորական աշխատողների կրճատելու ու ձեր օգնականներին ավելացնելու նախագիծ։ Բրավո։ Լավ է, նախորդ իշխանությունների կոստյումը, այո, իրենցը լավն էր, ճաշակով, թանկանոց էր, լավ էլ մեջը տեղավորվել եք»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ