Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ինքնորոշման իրավունքը, կարգավիճակը մի կո՞ղմ են դրել․ Արմեն Գրիգորյանի բացատրությունը

Փետրվար 14,2023 16:21

ՀՀ-Ադրբեջան խաղաղության նախապատրաստվելիք պայմանագրում մտցվել է դրույթ, ըստ որի՝ «կառուցողական անորոշությունը» երկու կողմերին թույլ կտա ԼՂ խնդրի շուրջ ունենալ յուրովի մեկնաբանություններ։ Խորհրդարանում այսօր, անդրադառնալով հարցին, թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զարմացավ՝ առաջին անգամ էր նման բան լսում։ «Պայմանագիրն առհասարակ այն մասին է, որ ամեն ինչ հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա։ Մենք կողմ ենք, որ նաեւ երաշխավորի ինստիտուտ ստեղծվի։ Մեր մոտեցումը սա է եւ այդ ուղղությամբ ենք աշխատում»,-նշեց Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ Արցախի հարցն այդ պայմանագրում ի՞նչ տեղ է ունենալու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «ՀՀ-ն կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ լինեն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ։ ՀՀ-ն շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։ Այդ մեխանիզմին կարող է անդրադարձ լինել միջազգային այն խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Կարող է լինել նաեւ այլ միջազգային ձեւաչափ։ Դա քննարկվում է։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ն կողմ է հստակությանը»։

Թե ինչ կետեր է հայկական կողմն առաջադրում Ադրբեջանին, Արմեն Գրիգորյանը կրկնեց մոտեցումը, որ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որպեսզի Բաքուն եւ Ստեփանակերտը քննարկեն ԼՂ հայերի իրավունքների եւ անվտանգության հարցերը։ Հարցին՝ այսինքն, ինքնորոշման իրավունքը մի կո՞ղմ եք դնում, Գրիգորյանը պատասխանեց․ «Մեր մոտեցումն է, որ անվտանգության եւ իրավունքների շուրջ քննարկումներ լինեն»։

Նկատառմանն ի պատասխան, որ ստացվում է՝ Արցախի կարգավիճակի հարցը մի կողմ են թողնում, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Մենք համոզված ենք, որ միջազգային մեխանիզմի շրջանակում հնարավոր քննարկումները Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, եթե կայանան, եթե միջազգային այդ երաշխիքները լինեն, անվտանգությունն ու իրավունքները, կարծում եմ, կապահովվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728