Aravot.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 10-ին տեղեկություններ են ստացվել, որ Սյունիքի մարզի «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանն իր եղբորը հրամանագրել է «Բռնակոթի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում շտապօգնության ա/մ-ի վարորդ, սակայն նշված ա/մ-ն երբևէ չշահագործվելու պայմաններում յուրացրել է դրա ծախսերի համար նախատեսված գումարները:
Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ 01.01.2008թ.-ին Լ.Հարությունյանի և Ս.Հարությունյանի միջև ամսական 32,000 դրամ գումարի դիմաց կնքվել է ա/մ-ի վարձակալության վերաբերյալ պայմանագիր՝ ՊՈԱԿ-ի կողմից կանչերը սպասարկելու նպատակով, սակայն Սերյոժա Հարությունյանը չի ստացել իր մեքենայի վարձակալության վճարը, փոխարենը 90.000 դրամ աշխատավարձով նշանակվել է որպես վարորդ՝ առանց համապատասխան հրամանի և նշված ա/մ-ն վերջինս գրեթե միշտ շահագործել է իր անձնական կարիքների համար:
Պարզվել է նաեւ, ՊՈԱԿ-ի կողմից կանչերը սպասարկելու համար 2022թ. ընթացքում նախատեսվել է 999.000 դրամ գումար, որից ծախսվել է 910.000 դրամ գումարը, սակայն նշված ա/մ-ով կանչեր չեն սպասարկվել: Պաշտոնեական շրջանառության մեջ գտնվող համապատասխան փաստաթղթերում կանչերը սպասարկած ա/մ-ի փաստացի չկատարված երթերի և չմատուցված բժշկական ծառայությունների, տրամադրված դեղամիջոցների, կանչը գրանցելու համար զանգահարած հիվանդների վերաբերյալ գրանցվել են կեղծ տվյալներ:
2023թ. հունվարի 1-ից մինչև տերվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կանչերի մատյանում լրացված 70 անձից 18-ը բժշկական ծառայություն չեն ստացել, ավելին՝ նրանցից երկուսը նշված ժամանակահատվածում չեն գտնվել Սյունիքի մարզում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Կարդացեք նաև
ՊՈԱԿ-ի տնօրեն Լյուդմիլա Հարությունյանը հերքում է մեզ հասած տեղեկությունները՝ համարելով դրանք զրպարտություն:
«Նման բան գոյություն չունի, զրպարտություն է, էդքան բան: Այնքան վատ եմ զգում, եթե իմ հանդեպ նման բան է կատարվում, ուրեմն արդարություն ընդհանրապես չկա: Եղբայրս ոչ մի բանում մեղավոր չէ: Գազել մակնիշի մեքենա ենք ունեցել, այդ մեքենան չի աշխատել, դրել ենք մի կողմ: Չգիտեմ՝ ով է, ինչ է գրել, այդ գազելի վրա մի հատ լումա, մի հատ շուռուպ չկա ծախսված: Տեսել ենք, որ չի աշխատում, եղբորս մեքենան չնչին կոպեկներով ծառայեցրել ենք, ինձ օգնել է: Էդ մեքենան լրիվ շարքից դուրս է եկել գյուղերի ճանապարհին, մեր մեղքն ինչո՞ւմ է, չեմ հասկանում, չաշխատեի՞նք: Ինչո՞վ գնայի գյուղեր, յոթ տարբեր ուղղություններով գտնվող գյուղ եմ սպասարկում: Մարզպետարանում տեղյակ են եղել, որ եղբայրս իր մեքենայով սպասարկում է, մենք ինքնագլուխ բաներ չենք անում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Հարությունյանը:
Նրա խոսքով, եղբայրն, ըստ պայմանագրի, աշխատել է չնչին աշխատավարձով ու չնչին վառելիք է ստացել, իր մեքենայի համար նույնիսկ ավտոմասերի համար գումար չի հատկացվել. «Ուրիշ բան՝ յուրացում լիներ, մեքենայի համար անհարկի մասեր գնելու փողեր դուրս գրվեին, ծախսեր ունենայինք, ոչ մի նման բան չկա: Ընդամենը վարորդը ինձ է օգնել, գյուղերի ճանապարհին էլ ավտոն շարքից հանել է: Անձնական կարիքների համար օգտագործում էլ չի եղել: Էս ինչ անարդարություն է, իմ 27 տարվա տանջանքը գետն ընկավ»:
Անդրադառնալով այն հանգամանքին, թե այդ մեքենայով կանչեր չեն սպասարկվել, մեր զրուցակիցը շարունակեց. «Կանչերը բա ո՞վ է սպասարկել: Ասում են՝ կեղծ տվյալներ է գրանցված, հնարավոր չէ կեղծ տվյալներ գրանցված լինեն, բոլորի տները հատ -հատ մտել եմ: Ո՞նց կարող է նման բան լինի… Բոլոր գյուղական բուժքույրերի կանչերը մի մատյանում են գրվում, ամսաթվերի անհամապատասխանություն է եղել, ես կանչերը նույնիսկ չեմ լրացնում, բուժքույրերն են լրացնում: Սենց խայտառակություն կլինի, որ ես եմ ընկել մեջը: Ես առավելագույնն եմ արել, իմ առողջությունն եմ քայքայել այս տեղամասում, 27 տարի աշխատում եմ, շատը մեր միջոցների հաշվին ենք արել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ