2022 թվականին հանրապետությունում հաշվառվել է 26 հազար 615 ինքնակամ շինություն, որից 16 հազար 264-ը՝ Երևանում: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի հունվարի 1-ին Երևանում ավարտվել է ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացը. հաշվառվել են ավտոտնակներ, բնակելի տներին կից կառուցված շինություններ, հասարակական, արտադրական օբյեկտներ և այլն:
«Թեպետ, տարվա ընթացքում քաղաքացիներին հնարավորինս իրազեկել էինք վերջնաժամկետների մասին, սակայն վերլուծությունը ցույց տվեց, որ հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին հասավ դեկտեմբերին: Եթե սովորական շրջանում ամիսը 1000-1500 հաշվառում էր կատարվում, ապա դեկտեմբերին 7 հազար 500 հաշվառման դիմում ենք ստացել, որից 6600-ը վերաբերում էր Երևան քաղաքի ինքնակամ կառույցներին»,-ասաց Գևորգ Մանուկյանը:
Դեկտեմբերին արձանագրված չափագրումների ծառայությունների գների աճը Մանուկյանը բացատրեց մեծ պահանջարկով, ուստի խորհուրդ տվեց մարզերի բնակիչներին՝ չթողնել վերջին օրվան և ժամանակին դիմել ինքնակամ կառույցը հաշվառելու համար: Այժմ գործընթացն իրականացվում է մարզերում, մասնավորապես, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետ է սահմանված քաղաքային բնակավայրեր ընդգրկող համայնքների, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների համար:
Կարդացեք նաև
Վարչության պետի հավաստմամբ, ամենապասիվն այդ հարցում Տավուշի, Վայոց ձորի մարզերն են, առավել ակտիվ են Կոտայքի և Արմավիրի մարզերը: Գևորգ Մանուկյանը դժվարացավ պատասխանել, թե ինչ գործընթաց է հետևելու ինքնակամ շինությունների հաշվառմանը. «Դեռ չկա որևէ իրավական ակտ, որով ժամկետներ են սահմանվելու ինքնակամ կառույցների օրինականացման համար»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ