Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արցախի էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցը ծայրահեղ վիճակում է»

Փետրվար 14,2023 15:12

Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած Օպերատիվ շտաբի նիստում մի շարք հրատապ հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, դեղորայքի, վառելիքի, ինչպես նաև ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակը:

«Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ գազամատակարարման բացակայության և ցուրտ եղանակի պայմաններում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, ավելացել են վթարները, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում: Պետնախարարը հանձնարարել է իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել՝ պատասխանատու բոլոր կառույցների հետ քննարկելու և ստեղծված պայմաններում հնարավորինս արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը ներկայացրել է շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության սոցիալական միջոցառումների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շահառուների դիմումների ներկայացման գործընթացը մեկնարկել է: Պետնախարարը հանձնարարել է աջակցության միջոցառումների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկում ապահովել, որպեսզի բոլոր շահառուները կարողանան ժամանակին ստանալ նախատեսված փոխհատուցումները:

Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է նաև, որ ընթացքում են Արցախ հասած բարեգործական որոշ բեռների բաշխման աշխատանքները: Բարեգործական եղանակով ստացված պարենային ապրանքները տրամադրվում են բացառապես անվճար՝ սոցիալապես անապահով խմբերին: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարևորել է գործընթացի առավելագույնս թափանցիկ իրականացումը՝ նշելով, որ այն պետք է պարզ և հասկանալի լինի ինչպես բեռն ուղարկած բարեգործական կազմակերպությունների, այնպես էլ հասարակության համար: Նրա խոսքով՝ բնակչությունը պետք է պատշաճ իրազեկվի՝ ում և ինչ սկզբունքով է հատկացվում բարեգործական բեռը, որպեսզի տուրք չտա տարբեր տեսակի ապատեղեկատվությանն ու շահարկումներին:

Նիստում անդրադարձ է եղել նաև գների վերահսկողության խնդրին: Տեղեկացվել է, որ հաստատվել է «Ապրանքների շրջանառության, այդ թվում՝ իրացման գների ձևավորման և վերահսկողության հատուկ կարգը», որով Պետական եկամուտների կոմիտեին, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեին, Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին, իսկ շրջաններում՝ վարչակազմերին գների վերահսկողության գործառույթներ են վերապահվում: Պետնախարարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին շարունակել դիտանցումներն ու գնագոյացման ուսումնասիրությունների աշխատանքները, ինչպես նաև վերլուծել գնաճային հնարավոր դրսևորումների պատճառները:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728