Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թեհմինա Վարդանյան․«Նախագծի տակ կոծկեցիք դե ֆակտո կամ դե յուրե սիրուհիների հաստիքները»

Փետրվար 14,2023 15:20

Երեւանի քաղաքապետարանում, վարչական շրջաններում կկրճատվի 38  հաստիք, որի արդյունքում կտնտեսվի տարեկան 4,5 մլն դրամ,  ինչպես նաեւ որոշ հաստիքներ կավելանան, օրինակ՝ քաղաքապետի տեղակալի եւ վարչական շրջանների ղեկավարների համար օգնականների հաստիքներ կավալանան։  Այս մասին որոշման նախագիծն այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ  Լեւոն Հովհաննիսյանը։

Նախագիծը ներկայացնելիս` Հովհաննիսյանն ասաց՝  նոր պաշտոնների ավելացումներով  հնարավորություն է տրվում ավելի արդյունավետ կառավարում իրականացնել։  Նա նախագիծն ընթերցելիս ասաց՝ այստեղ տառասխալներ կան։

Ըստ այս նախագծի, ավելացվում է նաեւ վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ- մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուի հաստիքը, առաջատար մասնագետհասարակայնության հետ կապերի պատասխանատուի հաստիքը, քաղաքապետի տեղակալի օգնականի երկու նոր հաստիքները պայմանավորված են քաղաքապետի տեղակալի նոր հաստիքի ավելացմամբ:

Նախագծով առաջարկվում է նաեւ մի շարք փոփոխություններ վարչական շրջանների բաժիններում, որոնց անհրաժեշտ աշխատակիցների թվաքանակը որոշելու համար կիրառվել են տվյալ վարչական շրջանի համապատասխան ոլորտից անհրաժեշտ տվյալները: Մասնավորապես, հաշվի են առնվել կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի դեպքում՝ վարչական շրջանում գործող մանկապարտեզների, դպրոցների, երաժշտական, արվեստի եւ սպորտդպրոցների քանակը, երեխաների պաշտպանության եւ սոցիալական բաժնի դեպքում՝ սոցիալապես անապահով բնակչության թիվը, իրականացվող ծրագրերի ծավալը, բնակիչների կողմից ստացված դիմումների եւ դրանցից բխող տնայցերի քանակը, առեւտրի, ծառայությունների եւ գովազդի բաժնի պարագայում՝ հաշվի առնելով վարչական շրջանում գործող տնտեսվարող սուբյեկտների, գովազդակիրների քանակն ու վարչական շրջանի տարածքը։ Նախագծում ներառվել են նաեւ այլ բաժիններ։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հարց ուղղեց՝ ինչպե՞ս եք որոշել, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները պետք է ունենան օգնականններ․ «Ես կարծում եմ՝ բոլորն են այդտեղ իր օգնականները, աշխատակազմն իր օգնականների կազմն է»։

Փոխքաղաքապետն ի պատասխան ասաց՝ երկար ենք պատրաստել նախագիծը, երկար քննարկվել է։

Պատասխանը հիմնավոր չհամարեց Ավանեսյանը․ «Ասում եք՝ երկար եք աշխատել նախագծի վրա ու  տառասխալներ եք գտնում ձեր տեքստի մեջ։ Ցանկացած նման փոփոխության հիմքում պետք է դրված լինի որեւէ «բենչ մարքինգի» ուսումնասիրություն»։

Ավագանու մեկ այլ անդամ՝ Թեհմինա Վարդանյանն էլ ասաց՝ 38 հաստիքի կրճատումը նախկինում էլ նախագծով բերվել էր՝ տեսուչների հետ կապված, հետո տարել, հիմա փաթեթավորված բերել եք ու ասում՝ այսքան կրճատում ենք, մինչդեռ  բավականին անիմաստ հաստիքներ են ավելանում․ «Երկու օգնականը ինչի՞ն է միտված։ Եթե սա լիներ նախկինների ժամանակ, այս դահլիճում նստած անձանց 70%-ն ասելու էր՝ փոխքաղաքապետի սիրուհու համար նախատեսված հաստիքներ են, կամ բարեկամի համար։ Նախագծի առնվազն կեսն անիմաստ է; Այստեղ կրճատում չկա, նախկինում բերել էիք այս կրճատումներով՝ տեսուչների, դուք ձեր խմբակցությունով բոլոլա արեցիք, հանեցիք այդ նախագիծը, էլի բերեցիք ու դրա տակ կոծկեցիք դե ֆակտո կամ դե յուրե սիրուհիների հաստիքները»։

Հովհաննիսյանն այս առնչությամբ պարզաբանեց՝ նախ՝ մեկ տառասխալ կար․ «Հետո՝  5 օգնականը դառնում է 7։ Նոր փոխքաղաքապետի պաշտոնի ավելացում կա։ Վարչական շրջանների ղեկավարների օգնականների հաստիքի մասին այդ հարցը կարող ենք տալ Երեւանի քաղաքապետարանի մասով՝  ինչո՞ւ պետք է քաղաքապետն ունենա օգնականներ, չէ՞ որ նա ունի 4-5 տեղակալ: Բայց բոլորս հասկանում ենք, որ որւէ այց կատարելու, մի բան ստուգելու, վերստուգելու մասով այլ հանձնարարություն կատարելու մասին ամեն անգամ դիմելով տեղակալներին, կարծում եմ, մեր աշխատանքի բուն իմաստից կկտրվենք։ Եւս մեկ օգնականի հաստիքի ավելացում կա, քաղաքապետի առաջին տեղակալի մասով, քաղաքապետն ունի 4 օգնական, առաջին տեղակալինը  դառնում է 2, դա էլ կախված է ծավալից, առաջին տեղակալը որոշ դեպքերում փոխարինում է քաղաքապետին»։

Հովհաննիսյանի պարզաբանումը չբավարարեց Վարդանյանին, ասաց՝  չհիմնավորեցիք․«Ի՜նչ աղմուկ էինք բարձրացնում, երբ նախկինում կային քաղաքապետի բազմաթիվ օգնականներ։ Հիմա օգնականի օգնականի օգնականի օգնական եք ավելացնում։ Խնդրում եմ, կոչ արեք օգնականներն, ի վերջո, միջանցքներից ներս գնան, սկսեն գործ անել, ու էլ  երկրորդ, երրորդ օգնականի կարիք չեք ունենա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728