Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Այսօր արցախցիների համար շատ կարեւոր է իմանալը՝ արդյոք մենք հասկանո՞ւմ ենք, թե ինչի համար են իրենք դիմանում»

Փետրվար 14,2023 14:51

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում, խոսելով արցախահայության` արդեն  երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների պայմաններում գտնվելու մասին, ասաց. «Բոլորս այսօր խոսում ենք այն մասին, թե ինչ դժվար են Արցախում ֆիզիկական, նյութական պայմանները: Ես ամեն օր նրանց հետ ունեմ կապ: Այնտեղ ունեմ մինչեւ անգամ եղբայրներ իրենց երեխաների հետ: Նրանք իմ հարազատներն են: Բայց ես ուզում եմ այսօր հասկացնել բոլորին, հատկապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ  արցախցու համար շատ կարեւոր է հասկանալը՝ արդյո՞ք մենք հասկանում ենք, թե ինչի համար են իրենք դիմանում: Նրանք այսօր այնտեղ ոչ թե գոյատեւում,են,  դիմանում պայքարում են, որովհետեւ շարունակում են պայքարել 35 տարի առաջ սկսված շարժման, ազգային ազատագրական պայքարի համար, այն նպատակների համար, որոնք անշեղորեն եւ անփոփոխ մնալու են:

Սա կարեւորագույն բան է: Դրա համար ես կոչ եմ անում բոլորին: Այն, որ արվում է՝ նյութական օգնությունը, դա ուղղակի մեր պարտականությունն է, ու ամեն մեկս պետք է անենք: Բայց կրկնում եմ՝ ովքեր կարողանում են արտահայտվել առ այն, որ համաձայն չեն այն քաղաքականության հետ, որը վարում է օրվա իշխանությունը, պարզ, շիտակ արտահայտվեք: Դա արցախցիների պայքարի մի մասը պետք է դառնա: Ես բերեմ մի լուսավոր թիվ: Հարցվածների 97,4 %-դեմ է այն քաղաքականությանը, որին կողմ է այսօրվա իշխանությունը, այն է՝ Արցախը նորից բռնակցել Ադրբեջանին: Նրանք, ովքեր պետք է խոսեն իրապես, նրանք, ովքեր պարտավոր են խոսել, ես նրանց եմ կոչ անում: Եթե դուք ձեր շիտակ խոսքը չեք ասում, նշանակում է՝ դուք համաձայն եք այս իշխանությունների հետ»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Անդրադառնալով վերնախավի եւ մտավորականության կրավորական պահվածքին, որ խուսափում են հրապարակային խոսք ասել, կեցվածքին, թե իրենք, իբր,  քաղաքականությամբ չեն զբաղվում, Լարիսա Ալավերդյանը ասաց. «Ես պետք է ասեմ, թե դա ինչու է այդպես: Տեսեք, գրագետ, ինտելեկտուալ գրեթե բոլոր խավերի վրա վտանգներ են կախում: Օրինակ, գիտությունների ակադեմիան ցրելը: Դա լռեցնելու պրիմիտիվ, կացնային մեթոդ է: Եվ պետք է ասեմ. ինչքան դուք լռեք, այդ կացինը ավելի մոտիկ է գալիս: Այնպես որ, անպայման արտահայտվեք եւ հստակեցրեք՝ որտեղ եք դուք»,-շարունակեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728